Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԳԵՐԱԶԱՆՑ



ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում զինծառայողները ատեստավորման շարային պատրաստության քննություններ են հանձնում։ Քննություն հանձնողների մեջ է նաև լեյտենանտ Թամարա Խաչիկյանը, որը հստակ ու անթերի կատարեց զենքով շարային վարժությունները:

Վարժության կատարման համար «գերազանց» գնահատականի արժանացած սպան մեզ հետ զրույցում ասաց, որ անընդմեջ հղկել է շարային, ֆիզիկական, մասնագիտական ու կրակային պատրաստության տարրերը, արել առավելագույնը՝ ատեստավորման քննությունները բարձր գնահատականներով հանձնելու համար։

Ատեստավորմանը նախորդող ամիսները զուր չի վատնել նաև Արմեն Ավետիսյանը, որը առաջին քննությունը հանձնեց «գերազանց»:

-Ինձ համար ատեստավորման քննություններին գերազանց հանդես գալը առաջին հերթին պատվի և արժանապատվության հարց է,- ասում է Արմանը

Ատեստավորման հաջորդ օրը զինծառայողները հանձնեցին կրակային պատրաստության քննությունը՝ մենահատ հրաձգությամբ, ապա նաեւ կրակահերթով խոցելով մոտ և հեռու թիրախները։

-Տրամադրությունս շատ բարձր է, քանի որ երեկ էլ, այսօր էլ քննությունները գերազանց եմ հանձնել: Պատրաստ եմ վերահաստատել մարտական պատրաստականության բարձր աստիճանս,- ասում է փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԳԵՐԱԶԱՆՑԹե՛ կրակային պատրաստությանը և թե՛ դրան նախորդած շարային քննությանը գերազանց հանդես եկավ նաև կապիտան Մարինե Եղեկյանը։

-Քննական չորս առարկաներն էլ, ըստ էության, դժվարություն չեն ներկայացնում ծառայության ընթացքում շարունակաբար ինքնապատրաստությամբ զբաղվող զինծառայողների համար։ Այնպես որ, պետք է շարունակաբար պարապել ու մարզվել,- համոզված է Մարինեն:

Ատեստավորման 3-րդ օրը ստուգատեսի ենթարկվեց զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Ֆիզիկական պատրաստության վարժությունները զինծառայողները նույնպես հաղթահարեցին առանց մեծ դժվարությունների։ Իսկ վերջին՝ 4-րդ օրը ամբողջությամբ նվիրված էր ատեստավորվող անձնակազմի մասնագիտական գիտելիքների վերհանմանն ու գնահատմանը։

Առհասարակ, ամփոփելով ատեստավորման արդյունքները՝ զինծառայողները միակարծիք էին, որ գործընթացը խթան հանդիսացավ, որպեսզի զինվորական անձնակազմը՝ շարքային կազմից մինչև գեներալ,  առավել լուրջ մոտեցում և լրացուցիչ ժամանակ հատկացնի ինքնուսուցմանը, կրակային, շարային  և  ֆիզիկական պատրաստություններին։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ


15/04/2024