Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԶԳՈՆ ԵՎ ՄՇՏԱՐԹՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ՇՈՒՐՋՕՐՅԱ ԶԳՈՆ ԵՎ ՄՇՏԱՐԹՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԱռաջնագծում ծառայող զինվոր թե սպա, յուրաքանչյուրն ունի հայրենիքը սիրելու ու պաշտպանելու իր բանաձևը։ Այստեղ մեկ ընտանիքի պես, եղբայրաբար ու աչալրջորեն հսկում են սահմանը՝ պատվով հաղթահարելով ցանկացած դժվարություն։ Մեր այցի պահին մարտական հերթափոխ էր իրականացվում՝ սահմանված կարգով ու ժամանակացույցով։ Հերթափոխից հետո զրուցեցինք դիրքապահների հետ:

Նարեկ Գալստյանը դիրքի ավագն Է: Նա գերազանց տիրապետում է դիրքի ավագի պարտականություններին:

-Կատարելով դիրքի ավագի պարտականությունները, գիտակցում եմ իմ առջև դրված խնդրի կարևորությունը, ճշգրտորեն և անձնվիրաբար կատարում եմ այն: Ծառայողական մթնոլորտը շատ լավ է, բոլորս էլ շատ լավ ենք,- ասում է կրտսեր սերժանտը:

Մեր այցի պահին շարքային Էրիկ Խաչատրյանն իր խրամաբջջից դիտարկում էր առաջնագիծը: Նրանից հետաքրքրվեցինք դիտարկման արդյունքների մասին:

-Շարժ չկա:- Այսպես երկու բառով դիտարկման արդյունքները ձևակերպեց աչալուրջ դիտորդը:

-Դիտորդ Վաչագան Միքայելյանն էլ դիտարկման արդյունքների մասին անմիջապես տեղեկացնում է հրամանատարությանը:

-Ամեն օր, օրը մի քանի անգամ ստուգում ենք կապը, հրամանատարությանը ներկայացնում օպերատիվ իրավիճակը և գործում ըստ հրամանի,- ասում է շարքային Միքայելյանը:

Շուրջօրյա զգոն ծառայությանը զուգահեռ առաջնագծում հաճախակի անցկացվող ուսումնական վարժանքներն էլ ավելի են հղկում անձնակազմի վարժվածությունը, մարտական հաշվարկով արագ ու ներդաշնակ գործելու հմտությունները։ Խստորեն պահպանելով անվտանգության կանոնները՝ դիրքապահները վստահեցնում են, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը լավ գիտեն՝ որ իրավիճակում ինչպես գործել ու քայլերի ինչ հաջորդականությամբ։

Առաջնագծում ամրաշինական, ինժեներական աշխատանքները կատարված են հավուր պատշաճի: Սահմանի ամրությունն ու պաշտպանության հուսալիությունը նաև ինժեներական ու ամրաշինական աշխատանքների արդյունքն է։ Մարտական հենակետում կան բոլոր ենթակառուցվածքները, տեսադիտարկման սարքերն ու այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցները ծառայությունն առավել անվտանգ ու արդյունավետ կազմակերպելու համար։

-Հրամանատարները պարբերաբար ուղղորդում են նաև դիրքապահներին ստուգայցերի միջոցով՝ ուշադրության առանցքում պահելով մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող յուրաքանչյուր բաղադրիչ՝ անվտանգությունից ու կարգապահությունից սկսած մինչև պարտականությունների ճշգրտում ու այս ամենի վերջնարդյունքում՝ նկատված թերությունների արագ շտկում,- ներկայացնում է հրամանատարի տեղակալ Մամիկոն Մարգարյանը:

Սահմանում ծառայությունը մշտարթուն է, համակարգված, իրավիճակը՝ վերահսկելի, դժվարությունները՝ հաղթահարելի համատեղ ու միասնական ուժերով:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ


15/04/2024