Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԸՆՏԱՆԻՔՆ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԸՆՏԱՆԻՔՆ ԷԱրմենն ու Արփինեն ծանոթացել են ուսանողական տարիներին։ Երկարատև ընկերությունը մի օր վերածվել է սիրո, ու որոշել են ընտանիք կազմել՝ երբևէ չկասկածելով անգամ, որ ընկերությունը, սերն ու ընտանիքը փորձությունների երկարատև ու ծանր ուղի են անցնելու։ Երիտասարդ զույգն իր համար կենսակերպի ու համատեղ կյանքի բոլորովին այլ ուղի էր նախորոշել, այնինչ՝ նախախնամությամբ էր, թե ժամանակի թելադրանքով, իրադարձություններն այլ ընթացք ստացան։

Դեռևս ժամկետային ծառայության տարիներին հրամանատարության ուշադրությունից չէր վրիպել հայրենիքի ու պետության գաղափարին նվիրյալ, անձնային ու որակական բարձր հատկանիշներով օժտված երիտասարդը, որի ներուժն ու պատրաստակամությունն այդքան անհրաժեշտ էին նորաստեղծ բանակի կայացման ճանապարհին: Հրամանատարությունը Արմեն Սարգսյանին առաջարկում է համապատասխան պատրաստություն անցնելուց հետո համալրել զինված ուժերի սպայակազմի շարքերը։

Արմեն Սարգսյանն ընդունում է պատվաբեր առաջարկն ու մտնում զինվորական ընտանիք:

Տարիներ անց Արփինեն ինքն էլ զինվորական ամուսնուն միանալու ցանկություն է հայտնում։ Ամուսինը ոչ միայն չի առարկում, այլև խրախուսում է կյանքի ընկերոջ որոշումը:

Այսօր արդեն զինված ուժերում է նաև նրանց որդին՝ Սարգիսը, որը պատասխանատու ստորաբաժանումներից մեկում է ծառայում։ Սարգիսը պատվո պահակային վաշտի ժամկետային զինծառայող է։ Ներկայանալիս ընդգծում է՝ ինքն առաջին հերթին հայրենիքի պաշտպան է, հայրենյաց պատվի զինվոր՝ մեծացած զինվորականների ընտանիքում, եւ այլ կերպ լինել չէր էլ կարող։

Երկրի, պետության պատիվն ու վարկը իբրև բարձրագույն արժեք կրելն ու մատուցելն առաջին հերթին ընտանեկան դաստիարակության արդյունք է: Այս արժեքներն է, որ  զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Սարգսյանն ամենից առաջ փորձում է փոխանցել իր զավակին, մյուս զինվորներին, որոնք իր ենթակայության ներքո բանակի այլ ստորաբաժանումներում են ծառայում: Իսկ ամենակրտսեր Սարգսյանը՝ Նարեկը, դեռ սպասում է իր հերթափոխին՝ աչքի առաջ ունենալով հայրենիքին, պետությանը, սեփական ժողովրդին պիտանի լինելու լավագույն օրինակը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ


09/04/2024