Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԼեյտենանտ Մանյա Կոստյանը մեկ տասնամյակից ավելի զինված ուժերում է: Ներկայումս ծառայում է ուսումնական կենտրոններից մեկում՝ որպես դասակի հրամանատար: Մանյան ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հնգամսյա դասընթացներն ու նշանակվել դասակի հրամանատար:

-Եղել եմ գումարտակի բուժքույր, մասնակցել եմ քառասունչորսօրյա պատերազմին, հետ եմ եկել նորից նույն գումարտակ: Երկար մտորելուց, քննարկելուց հետո որոշեցի ծառայությունս շարունակել, բայց արդեն այլ կարգավիճակով: Շատ չարչարվեցի ու հասա նպատակիս. ընդունվեցի ռազմական ակադեմիա, ավարտեցի հնգամսյա դասընթացները, ստացա «լեյտենանտի» սկզբնական զինվորական կոչում ու նշանակվեցի ուսումնական զորամասերից մեկում դասակի հրամանատար,- հիշում է ստորաբաժանման հրամանատարը:

Լեյտենանտ Կոստյանը ծառայության մեջ չափազանց կարևորում է նվիրումը, ճշտապահությունն ու հարգանքը զինվորական համազգեստի նկատմամբ:

-Առաջին հերթին՝ հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրում, օրինապահություն, հարգանք ու պատկառանք զինվորական համազգեստի նկատմամբ: Այսօր այս որակներն են ինձ ուղեկցում ծառայությանս ընթացքում: Առանց համազգեստի չեմ կարող կյանքս պատկերացնել, որովհետև համազգեստը ինձ համար ամեն ինչ է, որովհետև համազգեստը իր մեջ կրում է այն ամենը, ինչ դու տարիների ընթացքում անցել ես ծառայության ընթացքում: Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր զինծառայող պատվով պետք է կրի իր համազգեստը,- ասում է լեյտենանտ Կոստյանը:

Իհարկե, տղամարդկանց միջավայրում ծառայությունն իր դժվարություններն ունի, սակայն դրանք Մանյայի համար ամենևին խոչընդոտ չեն: Նա ամեն ինչ անում է պատվով ծառայելու համար:

-Տղամարդկանց հետ ես ծառայում, նրանց հետ նույն ճանապարհն ես անցնում, ու այդ հանգամանքը կնոջը պարտավորեցնում է մոռանալ, անտեսել մանր-մունր անհարմարությունները, ինչ-ինչ դժվարություններ: Բանակում կին ու  տղամարդ հավասար են՝ խաղաղ, թե պատերազմական պայմաններում,- ասում է լեյտենանտ Կոստյանը:

Լեյտենանտ Կոստյանի ծառայության առանցքում զինվորի հանդեպ հոգատարությունն ու նվիրումն է:

-Որպես դասակի հրամանատար պատասխանատու եմ ենթականերիս համար: Առաջին հերթին՝ նրանց համար պետք է լինես ծնողի պես, հետո հրամանատար, լինես հոգատար, օգնես ամեն հարցում, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ հաղթահարել հոգեբանական դժվարությունները,- համոզված է կին հրամանատարը:

Լեյտենանտ Կոստյանն անկեղծանում է. դեռ շատ անելիքներ ու նպատակներ ունի զինված ուժերում, ուստի ջանք ու եռանդ չի խնայում լավագույն սպաների շարքը համալրելու համար:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ


09/04/2024