Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ



ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԺամանակակից մարտահրավերներին համահունչ բարեփոխվում ու վերանայվում են նաև մեր երկրի պաշտպանական համակարգերը՝ առանձնահատուկ կարևորելով մասնագետների պատրաստման ռազմական ուսումնական կառույցների դերն ու նշանակությունը։ Զինված ուժերի ուսումնական հաստատություններում  իրականացվում են ոչ միայն արմատական կառուցվածքային բարեփոխումներ, այլև վերանայվում են կրթական մոտեցումները, ուսումնամեթոդական ծրագրերը՝ առավել արդյունավետ դարձնելով կրթության կազմակերպման գործընթացը: Սովորողների տեսական գիտելիքներն ու հմտությունները օբյեկտիվ գնահատելու համար՝ վարժադաշտերը կահավորվում են ժամանակակից զորավարժարաններում կիրառվող սարքերով, բարեկարգվում են նաև սպորտային ավանները և այլն։

-Առաջիկայում նաև այս ուսումնական կենտրոնում շահագործման կհանձնվեն ժամանակակից պահանջներին համահունչ լսարաններ՝ կահավորված նոր վարժասարքերով ու տեխնիկայով։ Կկառուցվի բուժկետ, նախատեսվում է նաև զորանոցների և այլ ենթակառուցվածքների վերակառուցում։ Լավագույն արդյունք արձանագրելու տեսանկյունից կարևոր է, որ կրթական ոլորտի բարեփոխումները ներդաշնակվեն նաև կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների հետ,- ասում է զորամասի ուսումնական մասի պետ Դավիթ Պետրոսյանը:

ԶՈՒ ՀՕՊ մասնագետների պատրաստման ուսումնական դպրոցում մասնագիտական կրթություն են ստանում զորային ՀՕՊ տեսակի մասնագետների ավտոմատ զենիթային թնդանոթի, հրամանատարական կետերում առաջադրանք կատարելու համար ղեկավարման ջոկի զինծառայողներ և այլք։

Ուսումնական ծրագիրը նախատեսում է  ոչ միայն նեղ մասնագիտական գիտելիքների յուրացում, այլև օրվա կարգացուցակին համապատասխան՝ մարտավարամասնագիտական, մասնագիտական, տեխնիկական, ֆիզիկական, շարային և այլ պարապմունքներ, ընդհուպ՝ կուրսանտների ընդհանուր զարգացվածությանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ են կազմակերպվում։

Չորսուկեսամսյա պատրաստության ծրագրի ավարտին  անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը կգնահատի զինված ուժերի ԳՇ պետի հանձնարարականով ձևավորված  հանձնաժողովը՝ հատուկ ստուգարքների միջոցով, որից  հետո դրական միավորներ ստացած կուրսանտները  կգործուղվեն ծառայությունը շարունակելու նախորոշված զորամասերում՝ արդեն որպես իրենց գործի մասնագետներ։

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՀաշվի առնելով զորային այս օղակի ծառայողական առանձնահատկությունները՝  այս ուսումնական զորամաս գործուղվում են արդեն իսկ զինկոմիսարիատում, ապա հավաքակայանում ընդհանուր մտավոր հնարավորությունների և գիտելիքների համապատասխան ստուգման  փուլեր անցած զինծառայողները։

Թեև առօրյան հագեցած է, բայց ծառայությունն Արսենին չի խանգարում անձնական հետաքրքրություններով զբաղվելու ժամանակ նույնպես գտնել։ Զինվորը պարապմունքների միջակայքում, ազատ ժամանակ անատոմիա, կենսաբանություն է ուսումնասիրում։ Քաղաքացիական մասնագիտությամբ ատամնատեխնիկ է։ Երկվորյակ եղբոր՝ Արմենի հետ, որն ի դեպ այս պահին նաև իր ծառայակիցն է, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հենակետային քոլեջն են ավարտել: Եղբայրները ծառայությունից հետո կրթությունը շարունակելու հեռահար նպատակներ ունեն։

Շարունակ ինքնակրթվելը ոչ միայն հաճելի է, այլև պարտադիր պայման մշտապես հետաքրքիր ու պահանջված մասնագետ լինելու տեսանկյունից։ Սա կանոն է կուրսանտների համար, սկզբունք՝ զինվորական գործն իբրև մասնագիտություն ընտրած լեյտենանտ Գոհար Գրիգորյանի համար, որը ռազմական բուհն ավարտելուց հետո ծառայության է նշանակվել ուսումնական զորամասում։

-Այսօր արդեն բանակը կանանց զինվորական ծառայության լայն հնարավորություններ է ընձեռում, կարելի է մասնագիտական ու անձնային հմտություններն ու կարողությունները դրսևորել ամենատարբեր ոլորտներում,- համոզված է լեյտենանտը, որ իր փորձով է համոզվել՝ մրցունակ մասնագետը միշտ է պահանջված, իսկ արհեստավարժ մասնագետներով  համալրված անձնակազմներն անպայման հաջողում են:

-Վստահ եմ, որ մեր բանակի պարագայում էլ տեսանելի արդյունքը չի ուշանա,- ասում է լեյտենանտ Գոհար Գրիգորյանը:

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ


27/03/2024