Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԳՅՈՒՂԻ ԵՐԴԻԿՆԵՐԻՑ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ, ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է



ԵՐԲ ԳՅՈՒՂԻ ԵՐԴԻԿՆԵՐԻՑ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ, ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ ԷՎայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը, որոնք միմյանցից ոտքով անցնելու հեռավորության վրա են, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելքում են գտնվում՝ Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։

Խնձորուտ գյուղը հիմնադրվել է 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին են վկայում Հին գյուղ կամ Հին Խնձորուտ կոչվող տարածքում հայտնաբերված 7-րդ դար թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։ Սահմանապահ այս գյուղերի մասին իր ստեղծած «Խնձորուտ-Նոր Ազնաբերդ» խորագիրը կրող ֆեյսբուքյան էջում պատմում է Խնձորուտ գյուղի բնակչուհի, դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Ձեռնարկատիրական կրթություն» առարկաների ուսուցչուհի Երազիկ Գրիգորյանը: Նա մի շարք հետաքրքիր պատմություններ է անում գյուղերի պատմամշակութային հարուստ ժառանգության, ինչպես նաև առօրյայի, հոգսերի ու ուրախությունների մասին: Էջը հայրենի եզերքի հանդեպ մեծ սիրով է պատմում: Այստեղ՝ սահմանին, բոլորն են զինվոր, քանի որ սահմանապահ գյուղի հոգսերն ու կյանքն առանձնահատուկ են՝ մեր Հայրենիքի սահմաններն իրենց հոգածությամբ ու ամրությամբ պահող բնակիչների նման: Երազիկի հետ զրույցի ընթացքում սահմանապահ այս գյուղերի մասին շատ ավելին իմացա ու հիմա կպատմեմ ձեզ:

 

-Մեր նախնիները Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ քաղաքից են եկել ու հիմնել այս գյուղը,- պատմում է Երազիկը:- Սկզբում Հին գյուղում են հաստատվել: Այնտեղ դպրոց են հիմնել: Հին գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին այժմ էլ դեռ կանգուն է, չնայած հատուկ հոգածության կարիք է զգում: Տեղաբնակներս այն կոչում ենք Ժամտուն: Եկեղեցու դիմաց հուշաքար-աղբյուր կա: Գյուղում ընկուզենու այգիներ կան: 1970 թվականին, ջրի սղության պատճառով, Հին գյուղի բնակիչներն իջել են և հաստատվել այստեղ՝ ներկայիս Խնձորուտի տարածքում: Սուրբ Ստեփանոսից վերև՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, Կույս Մարիամ վանքն է գտնվում: Վանքը շատ հին պատմություն ունի: Սկզբում այն վանքի մոտակա ձորակում է եղել, հետագայում քարաթափումների պատճառով տեղափոխել են: Այն հուշաքար-աղբյուր ունի: Ճիշտ է՝ սահմանին մոտ է, բայց մեր գյուղացիներն իրենց բոլոր կարևոր տոնակատարությունները նախընտրում են այս վանքում նշել:

Մեր գյուղից մոտ 7-8 կմ հեռավորության վրա նաև մի հին գյուղատեղի ունենք, որ կոչվում է Աղոպեն: Այնտեղ է ծնվել ու մեծացել գեներալ Քրիստափոր Ալավերդյանը: Այնտեղ է նրանց ընտանեկան գերեզմանոցը: Շատ հետաքրքիր ու գեղեցիկ մի եկեղեցի կա այդտեղ, որը, ցավոք, փլուզվում է: Վիմափոր կառուցվածքով այս եկեղեցին թվագրվում է 1666 թ.: Քարերի, պատերի վրա հայերեն հնամենի գրություններ կան:

Նոր Ազնաբերդի հենց սկզբում տաք ջրի աղբյուր ունենք՝ հուշարձանով, որ «Տաք ջուր» ենք անվանում:

Երազիկի և նրա եղբոր առնչությունը բանակի հետ անմիջական է եղել: Եղբայրը քառօրյա մարտական գործողությունների մասնակից է, այնուհետև համալրել է հայրենի գյուղի սահմանները պաշտպանող պայմանագրային զինծառայողների շարքերը: Երազիկը ծառայել է N զորամասի ՀՕՊ համակարգում:

-Հորս կորցրինք 2014 թ.,- պատմում է Երազիկը,- երբ եղբայրս զորակոչվեց, ես աշխատում էի գյուղի դպրոցում: Մեր ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար պայմանագրային զինծառայության անցա և ՀՕՊ զորամասում նշանակվեցի կառավարման ջոկի հրամանատար: Մի բան է, երբ հեռվից ես լսում ու պատկերացնում մեր բանակի, զինվորական ծառայության մասին, մեկ այլ բան է, երբ ինքդ ես տեսնում, հասկանում խնդիրները, լուծումներ գտնում: Հիմնականում աղջիկներից բաղկացած իմ ջոկով շուրջօրյա մարտական հերթապահություն ենք իրականացրել: Հսկում էինք մեր վերահսկողության տակ գտնվող օդային տարածքը: Թռչող օբյեկտների մասին անմիջապես զեկուցում էինք վերադասին: Ինձ համար ծառայությունը նախ և առաջ մեծ պատասխանատվություն էր, քանի որ մենք հաշվետու էինք ոչ միայն մեր անձի, այլև մեր Հայրենիքի սահմանների անվտանգության համար: Մեր ամենափոքր վրիպումն իսկ կարող էր ճակատագրական լինել բոլորիս համար: Այս փորձառությունը շատ կարևոր եղավ իմ ամբողջ կյանքի համար: Երբ եղբայրս զորացրվեց, ես վերադարձա դպրոց: Զորացրվելուց հետո եղբայրս Տնտեսագիտական համալսարանում ուսումը համատեղեց պայմանագրային զինծառայության հետ:

Ընդհանրապես, սահմանապահ գյուղում տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են: Այսպիսով և՛ կարողանում են ընտանիքի կարիքները հոգալ, և՛ սահմանի պաշտպանությունն իրականացնել:

Այսօր տարբեր տարիքային խմբեր են ներգրավված մեր գյուղի պայմանագրայինների կազմում: Տղաներ ունենք, որոնք ժամկետային զինծառայությունն ավարտելուն պես վերադառնում ու անցնում են պայմանագրային զինծառայության: Անցած տարի զորակոչված զինվոր ունենք, որ հիմա ծառայությունը շարունակում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

Սակայն սահմանին ապրողի համար պարտադիր չէ, որ զենքը ձեռքիդ լինի: Այստեղ մարդիկ, եթե ոչ մասնագիտությամբ, ապա իրենց ապրելակերպով, դժվարությունները հաղթահարելու կամքով Հայրենիքի զինվորն են: Մեր երկրի այս գողտրիկ ու գեղեցիկ անկյունում կյանքը, հատկապես պատերազմից հետո, ավելի է աշխուժացել,- ասում է Երազիկը: -Սահմանն ամրացնելուն ուղղված ծրագրերը, որոնցով մտահոգ ու սրտացավ կազմակերպությունները կապեր են հաստատում գյուղի հետ և իրենց փորձագիտական աջակցությունը ցուցաբերում, մեծապես նպաստում են, որ գյուղերի բնակիչները, հատկապես երիտասարդները, իրենց ապագան կապեն հենց գյուղի հետ:

Խոսելով դպրոցում իր դասավանդած առարկաների մասին` Երազիկը հատուկ ուշադրություն է հրավիրում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկային:

-10-11-րդ դասարաններում ներմուծված այս առարկան մեր երեխաների մտածելակերպն է զարգացնում: Նրանք սովորում են վստահել իրենց ուժերին, ձեռնարկատիրության վերաբերյալ մտահղացումներ գեներացնել ու ծրագրել: Գյուղի երեխաների մեջ մի ժամանակ այն կարծիքն էր արմատավորված, որ քաղաքում ապրողը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց այս մտայնությունն օր օրի վերանում է: Մենք հիմա փոքրիկ տնտեսություններ, արտադրություններ ենք հիմնում ու սոցիալական խնդիրներ լուծում: Երբ մեր երեխաներն այցելում են այլ բնակավայրեր, ծանոթանում են իրենց տարիքի երեխաների հաջող նախաձեռնություններին, վերադառնալով՝ ամեն ինչ անում են, որ իրենք էլ նույնպիսի ծրագրեր իրականացնեն: Գյուղերում ակտիվանում է զբոսաշրջությունը, հյուրատներ են բացվում: Որպես սահմանապահ գյուղի բնակիչներ՝ հողի հարկերից ազատված ենք: Սա մեր տեղանքի առավելություններից մեկն է: Նաև՝ կազմակերպություններ կան, որ հենց սահմանամերձ գյուղերում են ուզում ներդրումներ անել, հզորացնել սահմանը:

Ի դեպ, Խնձորուտի դպրոցը փայլուն շրջանավարտների պակաս չունի: Դպրոցը լիարժեք կատարում է իր կրթական խնդիրը, -ասում է Երազիկը,- մեր գյուղի միջնակարգ դպրոցն անցած տարի հիմնովին վերանորոգվեց: Նոր Ազնաբերդ համայնքի երեխաներն էլ են այստեղ գալիս սովորելու, քանի որ իրենց գյուղում դպրոց չկա: Դասավանդում են տեղի և Վայքից եկող ուսուցիչ մասնագետներ: Քանի որ մինչև շրջկենտրոն հեռավորությունը մեծ է, երեխաների՝ դասից դուրս պարապմունքների գնալ-գալու հարցը դժվար է: Բայց, այսուհանդերձ, մեր դպրոցի շատ շրջանավարտներ հաջողությամբ բուհեր են ընդունվում՝ առանց կրկնուսույցների: Մեր ընտանիքում, օրինակ, ես, քույրս և եղբայրս միայն մեր դպրոցի տված գիտելիքներով ենք ընդունվել բուհ. քույրս՝ Մանկավարժական համալսարանի պատմամշակութային ֆակուլտետ, ես՝ բանասիրության ֆակուլտետ, իսկ մեր եղբայրը՝ Տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժինն է ավարտել, մագիստրոսի կոչում ստացել:

-Սահմանապահ գյուղի երեխաների մեջ իրենց հայրենի գյուղի հանդեպ ի՞նչ վերաբերմունք կա:

-Եթե այս հարցը 3-4 տարի առաջ տայիք, այլ կերպ կպատասխանեի, բայց հիմա մեր երեխաները իրենց ապագայի երազանքները, ծրագրերը կապում են հենց մեր գյուղերի հետ: Հիմա նրանք ավելի ու ավելի հաճախ են մեր գյուղի հետ կապված ծրագրեր կազմում: Հատկապես վերջին տարիներին մեր երեխաների աշխույժ շփումներն այլ համայնքների երեխաների, սահմանամերձ գյուղերին աջակցող տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ոգևորում է նրանց, մտածելակերպի հստակ փոփոխություն է զգացվում: Տարբեր ձեռնարկություններ բացելու, աշխատեցնելու մասին են մտածում: Մենք գաղափարներ ենք տալիս, իրենք սկսում են մտածել դրանք իրականացնելու ուղղությամբ: Ստեղծվեց «Խնձորուտ» երիտասարդական կենտրոնը: Այստեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, մեր երկրի տարբեր վայրերից երեխաների են հրավիրում, համագործակցում, արշավներ կազմակերպում, ազգային պարեր սովորում: Ամեն շաբաթ և կիրակի օրերին մեր գյուղի երեխաները հաճախում են Վայքի «Թումո» աշխատանոցները: «Սալմաստ» կոչվող պարի խումբ ունենք: Մեր երեխաները մրցույթների են մասնակցում, լավ տեղեր զբաղեցնում: Մեր երեխաներն էլ գիտեն հողի գինը, գիտեն, որ այն վայրերը, որտեղ բնակչությունը քիչ է, այն համայնքը, որը թույլ է զարգացած, խոցելի է: Ասում են՝ շատ ենք ուզում, որ մեր գյուղը ամուր լինի, ամեն ինչով ապահովված, և մենք ամեն ինչ կանենք դրա համար:

… Անցած տարի, աշնանային մի օր, ես գյուղից ոչ հեռու գտնվող մեր այգու ընկուզենիներից մեկի տակ նստած էի։ Այգու կողքով դեպի դիրքեր էին բարձրանում երկու զինվոր տղաներ: Ինձ չէին նկատել: Տղաները ստեպ-ստեպ հետ էին նայում դեպի գյուղն ու զրուցում: Աշուն էր. տների վառարանները վառվում էին, երդիկներից ծուխ էր բարձրանում: Լսեցի, թե ինչպես զինվորներից մեկն ասաց մյուսին. «Տես, է, ի՜նչ լավ է, ինչքան շատ են գյուղի տների երդիկներից բարձրացող ծխի սյուները։ Երբ շրջվում ես, տեսնում, թե ինչքան մարդ կա գյուղերում, հասկանում ես, որ թիկունքդ տաք է»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


18/03/2024