Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐՆ ԵՆ



ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐՆ ԵՆԱռավոտից երեկո զորավարժարանում ընթանում են պահեստազորայինների վերապատրաստման դասընթացները։ 25-օրյա վարժական հավաքին ներգրավված պահեստազորայիններն արդեն հինգ օր է, ինչ կատարելագործում են կրակային պատրաստության հմտությունները, պատրաստվում են առաջիկա մարտական հերթապահությանը, յուրացնում դրա կրման կարգը, ծանոթանում անվտանգության կանոններին։

Ստորաբաժանման հրամանատար Սևակ Բալասանյանը գոհունակությամբ է խոսում ընթացիկ վարժանքների մասին.

-Անձնակազմը մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս պարապմունքներում։ Հատուկ ուշադրություն է դարձվում մեր պահեստազորայինների մարտական պատրաստությանը։

Խոսելով վարժական հավաքների մասին՝ պահեստազորայինները նույնպես անթաքույց  ոգևորությամբ են պատմում իրենց տպավորությունների մասին։

Տասնվեց տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած Արա Արզումանյանը համոզված է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է տիրապետել զինվորական գործի նրբություններին:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐՆ ԵՆ-Սա մեծ պատասխանատվություն է բոլորիս համար,- ասում է Արան:- Պետք է աջակցենք մեր բանակին։ Այս վարժանքները մեզ պետք են, որպեսզի վերհիշենք նախկինում սովորածը, մեր ծառայողական առօրյան, գործողությունները, կրակելու հմտությունը։ Անձամբ ինձ համար ամենակարևոր հմտությունը, որ վերհիշեցի, հրաձգությունն էր։ Եթե սիրում ես քո երկիրը, պետք է պատրաստ լինես այն պաշտպանելու, պետք է քո երկրի մարտունակ զինվորը լինես։

Վարժական հավաքի մյուս մասնակիցը՝ Տարոն Սիմոնյանը, զորացրվել է 13 տարի առաջ։ Ասում է, որ պատրաստակամ է ներկայացել պահեստազորայինների 25-օրյա հավաքներին։  Երբեք չի թերագնահատել հավաքների դերը ավելի քան տասնամյակ  առաջ բանակում յուրացրածն ամրապնդելու և կատարելագործելու հարցում:

-Այս պահին դասակի կազմով հրաձգային մարտավարական պարապմունք ենք անցկացնում։ Շատ գոհ եմ պարապմունքների ընթացքից։ Դրանք  բարձրացնում են մարտունակությունը։

Միակ դժվարությունը Տարոնի համար մանկահասակ դուստրերի կարոտը հաղթահարելն է:

-Երկու դուստր ունեմ՝ 3 և 4 տարեկան, բայց, ճիշտն ասած, հենց նրանց նայելով էր ուժգնանում այս հավաքներին մասնակցելու ցանկությունս ու ձգտումս։ Ուզում եմ, օգտվելով առիթից, նաև մեր հայրենակիցներին դիմել ու կոչ անել, որ մասնակցեն հավաքներին, քանի որ սա զինվորական գիտելիքները վերականգնելու շատ լավ հնարավորություն է, սերունդներին ցույց տալու մեր հայրենիքը, ընտանիքը պաշտպանելու մեր հաստատակամությունը։

Վարժական հավաքի կարևոր բաղկացուցիչը կրակային պատրաստության դասաժամերն են։ Ձեռքն առնելով ինքնաձիգը՝ պահեստազորայինները, միմյանց հաջորդելով, խոցում են ուսումնական թիրախները։

Հավաքի մասնակիցներից մեկն էլ Արմանն է։ 2020 թվականին արտերկրից վերադարձել է հայրենիք, անցել զինծառայության, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Ծառայության ավարտին էլ մնացել և բնակվում է Հայրենիքում.

-Որպես երկրի քաղաքացի՝ պարտավոր ենք միշտ զգոն լինել, միշտ պատրաստ լինել այն պաշտպանելու,-ասում է Արմանը:- Ծնողներս միշտ կանչում են, իսկ ես չեմ գնում։ Հարազատ հողը կանչում է. չեմ կարող ուրիշ տեղ ապրել։

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐՆ ԵՆԽոսելով 25-օրյա հավաքների մասին՝ Արմանն ասում է՝ անցած պատերազմը մեկ անգամ ևս կարևորեց բանակի դերն ու նշանակությունը, ուստի՝ բոլորիս պարտքն է պարբերաբար գործուն մասնակցություն ունենալ Հայրենիքի պաշտպանությանը։

-Մարտական ընկերներ եմ կորցրել պատերազմի ժամանակ։ Նրանք զոհվել են, որ մենք ապրենք մեր երկրում։ Պարտավոր ենք պատրաստ լինել պաշտպանելու մեր երկիրը, պաշտպանելու նաև նրանց հարազատներին, նրանց երեխաներին։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից քառորդ դար անց պահեստազորային Դավիթ Ավագյանն ասում է՝ պատմությունն ու դրա դառը դասերը մեկ անգամ չէ, որ ապացուցել են նման հավաքների անհրաժեշտությունը։ Այնպես որ, ստանալով առաջարկը, ամուր գրկել է կնոջն ու զավակին, եկել ու մեծ պատրաստակամությամբ մասնակցում է հավաքներին։

-1998-ին զորակոչվել եմ ժամկետային զինծառայության, 2000-ին զորացրվել եմ և ահա քսանչորս տարի անց նորից եկել եմ մասնակցելու զինվորական վարժանքներին։

Ամփոփելով վարժական հավաքներից ստացած տպավորությունները՝ պահեստազորայիններն ընդգծում են. աներկբա պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում զինվորի կողքին կանգնելու, ստացած գիտելիքներն ու փորձառությունը ի նպաստ հայրենիքի և հարազատների պաշտպանության կիրառելու։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1519) 16.02.2024 - 23.02.2024, Ազգային բանակ


22/02/2024