ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
«Դուռը բացեցի` բակում կանգնած էր զինվորս` Հրաչս: Ձեռքին շքեղ ծաղկեփունջ կար: Ասաց.
-Մամ ջան, Է՛ս ծաղիկները.. է՜ս էլ…
Ու գրպանից հանեց կրծքանշանները, լցրեց ափս:
-Մա՛մ, քննությունները գերազանց եմ հանձնել, 10 օրով եկել եմ տուն: Մա՛մ, մտա մետրո, ժետոնի գումարը չվերցրին, ասացին՝ անցի՛ զինվո՛ր ջան: Տաքսու վարորդը ինձ Արտաշատ հասցրեց, գումարը չվերցրեց, ասաց՝ դու իմ ընտանիքն ես պաշտպանում, զինվո՛ր ջան: Ծաղկի խանութում էլ զեղչ արեցին, համազգեստիս համապատասխան գույներով փաթեթավորեցին ծաղիկները, դարձավ զինվորական ծաղկեփունջ, ասացին՝ շուտ հասի տուն…
Նայում էի Հրաչի ոգևորված, խանդավառ դեմքին, ուրախությունից ու հպարտությունից սիրտս պայթում էր, լացում էի ու մտածում՝ ինչքան լավ մարդիկ կան իմ հայրենիքում, բարի, կամեցող… Աստված օրհնի նրանց»:
Սա Աննա Գալստյանի ֆեյսբուքյան գրառումն է: Ես չէի կարող կարդալ «ինչքան լավ մարդիկ կան իմ հայրենիքում» բառերը ու չզրուցել հեղինակի հետ: Դա նման է ծաղկի պես դեպի լույսն ու ջերմությունը թեքվելուն. լույսի հետքով գնալիս նոր տաք ու պայծառ տարածքներ ես հայտնաբերում:
-Ես էլ հենց լավ մարդկանց եմ որոնում,- ասում եմ Աննային: Նայում է տարակուսած:
-Սիրում եմ պատմել լավ մարդկանց մասին,- բացատրում եմ:
-Լավ մարդիկ շատ-շատ են, էդքանի մասին ո՞նց եք պատմելու:
Ես պեղել եմ Աննայի ֆեյսբուքյան էջը ու պարզել եմ, որ նա արտաշատցի է:
-Արտաշատո՞ւմ են շատ,- ճշտում եմ:
-Ամբողջ Հայաստանում,- պատասխանում է վստահ:
-Իսկ ո՞րն է լավ մարդու ամենակարևոր հատկանիշը:
Ես փորձոմ եմ մտքիս մեջ պատասխանել իմ տված հարցին, ու անմիջապես արթնանում է հայրենասիրություն բառը:
-Աշխատասիրությունը ու իր ունեցածը ուրիշի հետ կիսելու պատրաստակամությունը,- ասում է Աննան: Հետո ավելացնում,- իմ հայրը աշխարհի ամենալավ մարդն էր:
Աննան սկսում է պատմել, իսկ ես աննկատ միացնում եմ ձայնագրիչը:
-Հայրս Այգեզարդ գյուղի գյուղապետն էր: Իմ մանկության տարիներին այդ պաշտոնը ուրիշ անվանում ուներ, ասում էին՝ նախագահ: Որպես պաշտոնյա՝ հորս «առավելությունը» ահռելի պատասխանատվությունն էր, լարված աշխատանքը և ուրիշների հոգսերը հոգալու պարտավորությունը. ոչ մի անձնական շահ կամ արտոնություն:
Հաճախ մարդիկ գալիս էին հորիցս խորհուրդ հարցնելու, իրենց կենցաղային վեճերը մեր տանն էին հարթում: Տատս լուռ նստում էր սեղանի գլխին և ուշիուշով հետևում, թե ինչ է խոսում հայրս, ինչ խորհուրդներ է տալիս մարդկանց:
Երբ գովում էին հորս, խոսում էին նրա ազնվության, բարության ու իմաստության մասին, Հերիքնազ տատս ձայն չէր հանում, բայց դեմքը հպարտությունից կերպարանափոխվում էր: Ես մտածում էի, երբ որդիներ ունենամ, նրանց Հերիքնազ տատիս պես եմ դաստիարակելու:
Մի անգամ պատահաբար լսեցի երկու կանանց խոսակցություն, մեկը մյուսին ասաց՝ բանակը յուրաքանչյուր հայ կնոջ ավագ որդին պիտի լինի: Հենց որդի ունեցար, էդ պահից արդեն դու զինվորի մայր ես, որովհետև քո տանը ապագա զինվոր ես դաստիարակում:
Էս մտքերը մինչև հոգուս խորքը հուզեցին ինձ: Որդիներս՝ Հրաչյան ու Կառլոսը, դեռ փոքր էին: Սկսեցի մտածել, թե ինչպիսին եմ ուզում տեսնեմ տղաներիս 15-16 տարի հետո, որ հատկանիշներն են ավելի կարևոր զինվորի համար: Իսկական տղամարդ դաստիարակելու մեծ ցանկությունից երբեմն նույնիսկ ծայրահեղությունների մեջ էի ընկնում: Իմ տղաները 12 տարեկանից աշխատել են: Ես եմ էդպես ուզել, մտածել եմ՝ աշխատանքը, բարիք ստեղծելը մարդուն ավելի լավն է դարձնում: Տղաներիս միշտ հուշել եմ, որ ունեցածը կիսեն կողքինի հետ: Երբ ուտելիք էի ուղարկում դպրոց, մի քանի բաժին ավելի էի դնում, ասում էի՝ ով ուտելիք չի բերել, տվե՛ք իրեն: Ամեն Աստծո օր դպրոց ճանապարհելիս ասում էի՝ հանկարծ ոչ մեկին չնեղացնեք: Ասում էի՝ օրդ օրհնվում է, երբ ինչ-որ մեկին ուրախություն ես պարգևում: Եվ օրդ կորած է, եթե ինչ-որ մեկի մատից փուշ չես հանել, ինչ-որ մեկի սիրտը չես շահել:
Մի դեպք պատմեմ: Հրաչյաս իր ամենաընտիր շորերը հագած՝ տեղ էր գնում: Մեկ էլ տեսավ՝ մեր հարևանուհին աղբահավաք մեքենայի վարորդին խնդրում է օգնել, որ աղբը գցի մեքենայի մեջ, իսկ վարորդը ասում է՝ քեզ պետք է, դու էլ բարձրացիր մեքենայի վրա, ես չեմ կարող: Հրաչյաս անմիջապես մոտեցավ ու տոնական հագուստով բարձրացավ աղբով լի մեքենայի վրա: Շենքի մյուս բնակիչները տեսան՝ օգնող կա, սկսեցին աղբի դույլերով իջնել բակ: Ես պատուհանից նայում էի, հոգիս փառավորվում էր. տղաս սիրուն, պլպլան շորերով աղբատարի վրա կանգնած՝ աղբ էր թափում: Երբ գործը վերջացրեց, հետ եկավ տուն. չէր կարող ճանապարհը շարունակել, որովհետև լրիվ կեղտոտվել էր: Լողացավ, շորերը փոխեց ու գնաց: Մյուս դեպքերը չեմ ուզում պատմել. էնքան շատ են, ո՞ր մեկը հիշեմ….
…Ամուսինս լավ աշխատանք ուներ, մենք ըստ պահանջի ապրում էինք: Բայց նա հանկարծակի մահացավ, ու մեր կյանքը միանգամից փոխվեց, ես մնացի մենակ՝ երկու մանկահասակ որդիներիս հետ: Երկու մասնագիտություն ունեի՝ բարձրագույն կրթությամբ, բայց դժվար ժամանակներ էին, աշխատանք չկար: Ինձ խորհուրդ էին տալիս գնալ արտերկիր, բայց ես մտածում էի՝ ո՞նց երկրից տանեմ զինվորներիս: Բա որ հանկարծ օտար ազդեցությունների տակ ընկնեն, զորակոչի ժամանակ չուզենան հայրենիք վերադառնալ, սահման պահել: Սկսեցի պարտքեր կուտակել: Մի օր ինչ-որ բան փնտրելիս աչքովս ընկավ հորս նվիրած կարի մեքենան: Հին մոդել էր, Նոյի թվի… Ես հանկարծ որոշում կայացրի, որ պիտի բիզնես սկսեմ՝ անկողին կարեմ: Առաջին կտորը պարտքով եմ առել: Անծանոթ խանութպանին ասացի՝ եթե կվստահես, այսքան մետր կտոր տուր պարտքով… Ինքս էլ իմ ասածին չհավատալով՝ խնդրեցի: Բայց վստահեց: Սկզբում մենք երեքով էինք՝ ես ու երկու անչափահաս զավակներս… Աշխատում էինք օր ու գիշեր, ուժասպառ լինելու աստիճանի:
-Բա դասերը…
-Ես երբեք դասերը աչքաթող չեմ արել, տղաներս ոչ միայն լավ են սովորել, օլիմպիադաների են մասնակցել, այլև հաճախել են սպորտային խմբակների, բասկետբոլ են պարապել, մրցումների են մասնակցել: Հաճախել են արվեստի դպրոց: Հրաչյայիս պատրաստած փայտե իրերը, փորագրությունները մինչև հիմա պահում եմ: Կառլոսը երաժշտական դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժինները գերազանցությամբ է ավարտել: Այժմ պատրաստվում է Ամերիկյան համալսարան ընդունվել:
Փոքր տարիքից ճամբար եմ ուղարկել, որ ինքնուրույն դառնան, սովորեն սեփական ոտքերի վրա կանգնել:
-Իսկ ի՞նչ եղավ ձեր բիզնեսը:
-Հիմա մեր արտադրանքը սպառվում է ոչ միայն ամբողջ Հայաստանի տարածքում, այլև արտերկրում՝ Գերմանիայում, Ռուսաստանում ու այլուր: Ես աշխատանքով ապահովել եմ բազմաթիվ ընտանիքների, որոնց բարձր աշխատավարձ եմ տալիս:
-Կան մարդիկ, որ ավելի լավ մեկնարկային հնարավորություններով են սկսում իրենց բիզնեսը, բայց չեն հաջողում: Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:
-Ես ազնիվ եմ աշխատել: Շատ եմ աշխատել: Մեծ շահույթի հետևից չեմ վազել, որակը եղել է ամենակարևորը ինձ համար: Մի հրաշալի խոսք կա՝ եթե Աստված քեզ հետ չկառուցի, դու չես կարող կառուցել: Այնպես եմ արել, որ Աստված օրհնի իմ բռնած գործը: … Պատերազմի ժամանակ մենք քնապարկեր, անկողիններ ու տաք ծածկոցներ էինք կարում ռազմաճակատի համար: Ոչ ոք չէր պատվիրել, մեր նախաձեռնությունն էր: Թիվ ու հաշիվ չկա, թե տղաներս քանի մարդու են հանել նեղ վիճակից: Մենք մեզ մեկնած ափը դատարկ չենք թողնում: Էդ մասին չեմ սիրում խոսել: Ուղղակի, Ձեր հարցին եմ պատասխանում. մենք տալիս ենք, իսկ տվածդ բազմապատկված է վերադառնում քեզ:
Մի բան ասեմ. ես չեմ հարգում աղքատ մարդկանց, եթե նրանք հիվանդ կամ հաշմանդամ չեն, որովհետև մեր երկրում էնքան գործ կա անելու: Եթե առողջ ես ու աղքատ, ուրեմն՝ ծույլ ես: Մեր պապերն ասել են՝ արհեստավորը մինչև օրվա կեսն է սոված մնում: Օրինակ՝ ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք՝ օրը 24 ժամ ունի, ես էսօր էդ 24 ժամից քանի ժամն եմ օգտագործել, այսինքն՝ օգտակար գործ արել:
Լարում եմ միտքս, որ հիշեմ.
-Ես էսօր հոդված եմ գրել և…
– Խոսքը Ձեր մասին չէ,- Աննան ընդհատում է ինձ,- առհասարակ եմ ասում: Կուզե՞ք իմանալ, թե ես ում եմ հայրենասեր մարդ համարում:
Գլխով եմ անում:
-Իր հայրենիքում ապրող, ազնիվ ու արարող մարդուն: …Ես երիտասարդ եմ ու առողջ, ուրեմն՝ շատ պիտի աշխատեմ, որ զինվորը առաջնագծում հզոր զենքեր ունենա, տաք հագուստ ունենա, լավ սնունդ ունենա: Ես պիտի տքնեմ, որ ծերերը բարձր թոշակ ստանան, որ փոքրիկների նպաստը բավարար լինի: Աշխատանքը աշխարհի ամենահզոր զենքն է:
Աննա Գալստյանը գնում է, իսկ իմ ուղեղում շարունակում է հոլովվել նրա միտքը.
-Օրը 24 ժամ ունի, ես քանի ժամն եմ օգտագործել՝ օգտակար գործ արել:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (1517) 02.02.2024 - 09.02.2024, Բանակ և հասարակություն