Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎ



ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎԶորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները:

Զորամասի շարահրապարակով վերջին անգամ խրոխտ ու ձիգ, հանդիսավոր երթով անցնում են՝ վաշտի երգը զիլ հնչեցնելով:

Զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանը, որ նաեւ պատվո պահակային վաշտի առաջին հրամանատարն է եղել, շնորհավորում է զորացրվող զինվորներին: Հրամանատարն ինքն էլ իր զինվորներից պակաս հուզված չէ:

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎ-Հունվարի 18-ին լրանում է մեր պատվո պահակային վաշտի 31-ամյակը: Երբ որ պատվո պահակայինը նոր էր ստեղծվել, ես այդ ժամանակ երկու աղջիկ ունեի, եւ երբ ինձ հարցնում էին՝ տղա չունե՞ք, ասում էի՝ պատվո պահակային վաշտն իմ տղան է: Այսօր ես տղա ունեմ՝ ուղիղ պատվո պահակայինի կես տարիքի, իսկ պատվո պահակայինն իմ ավագ որդին է, իսկ թե ինչ եմ զգում նրա նկատմամբ, մեկ բառով կամբողջացնեմ՝ միայն հպարտություն:

-Երբ զորակոչիկներն առաջին անգամ ոտք են դնում պատվո պահակային վաշտ, դեռ անպատրաստ են, անվարժ… Անհատական աշխատանք է տարվում յուրաքանչյուրի հետ, հղկվում է ամեն շարժումը, կեցվածքը, և օրեցօր նրանք ավելի ձիգ են դառնում, հմտանում:

Իսկ յուրաքանչյուր զորացրման ժամանակ կրկին նույն զգացողություններն ենք վերապրում՝ ե՛ւ հուզմունք, ե՛ւ հպարտություն,- ասում է պատվո պահակային վաշտի հրամանատար, գնդապետ Սոկրատ Վարդանյանը:

***

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎԱչաջուրցի Ռոբերտ Աղբալյանը ծառայությունից հետո ուսումը շարունակելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, ապագա պատմաբան է։

-Եղբայրս նույնպես պատվո պահակայինում է ծառայել։ Մասնակցել ենք հանդիսավոր արարողությունների, օտարերկրյա պատվիրակությունների դիմավորումներ… Կողքից դիտողի համար արտաքուստ հրապուրիչ թվացող ծառայությունն իրականում դժվարության բազում էլեմենտներ է պարունակում, իսկ ով ծառայել կամ ծառայում է այս վաշտում, հստակ գիտի, թե ամեն գեղեցիկ ու դիտարժան կատարման, հատու ու սահուն քայլքի, «դեֆիլե» վարժության անթերի իրականացման հետեւում որքան քրտնաջան աշխատանք է ամփոփված։ Այստեղ ծառայելը որքան եւ պատվաբեր է, նույնչափ էլ պատասխանատու է. օտար երկրներից ժամանած պատվիրակությունները առաջինը մեզ են տեսնում, մեզնով առաջին տպավորությունն ու պատկերացումը կազմում մեր երկրի, մեր զինված ուժերի մասին,- ասում է Ռոբերտը, որը ծառայության ընթացքում մասնակցել է յոթ «դեֆիլեի», Իրաքի նախագահի, Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորումներին, տարբեր արարողակարգային միջոցառումների…

***

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎՇարքային Գեւորգ Մարտիրոսյանն էլ է զորացրվողների շարքում:

-Եղբայրս՝ Արթուրն էլ է ծառայում այստեղ, դեռ վեց ամսվա ծառայող է, իսկ ես արդեն զորացրվում եմ: Ամբողջ գիշեր աչքս մի կարգին չկպավ էլ, մտքերով արդեն տանն էի:

Միևնույն ժամանակ ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ տխուր, երկու հակասական զգացողություն է մեջս: Երկու տարին անցավ զինվորական հանգով, զինվորական շնչով ու մի ամբողջ կյանքի փորձառություն ինձ տվեց։ Բանակ եկել էի նախօրոք ուղենշած երկու նպատակով՝ հայրենյաց պաշտպանը լինել նվիրված ծառայությամբ եւ երկու տարվա ժամանակն արդյունավետ օգտագործելով հնարավոր օգտակարը վերցնել բանակից: Ծառայությանս ընթացքում լավ ընկերներ եմ ձեռք բերել՝ եղբոր նման հարազատ, որոնց հետ կապը կշարունակեմ նաեւ քաղաքացիական կյանքում: Բանակի ընկերությունն ուրիշ է, ուրիշ համուհոտ ունի:

Նպատակադրվել եմ ընդունվել Երեւանի պետական կոնսերվատորիա: Երազում եմ հայտնի երգիչ դառնալ: Տարբեր ոճերի երգեր եմ երգում, փորձում եմ նաեւ երգեր գրել, հնարավոր է՝ մի սիրուն երգ էլ ծնվի բանակային հրաշալի ընկերության մասին։

Հպարտ եմ, որ ծառայել եմ պետության այցեքարտը համարվող պատվո պահակային վաշտում։

***

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎՇարքային Վարդ Գասպարյանն էլ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից է.

-Պատվո պահակային վաշտում ծառայությունը հեշտ չէ՝ ժամերով անշարժ կանգնել անկախ եղանակային պայմաններից, անսխալ ու անթերի կատարել ամեն վարժություն, որի ամեն դետալը մանրակրկիտ մշակված է… Անկեղծ կլինեմ՝ ծառայությանս ընթացքում ամեն ինչ չէ, որ հեշտ ու սահուն է անցել, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ աստիճանաբար իր բնականոն հունի մեջ ընկավ։ Ծառայությանս ամեն օրն էլ տպավորիչ ու հիշարժան է անցել, ամեն զինվորի չէ վիճակված այդքան մոտիկից տեսնել տարբեր պետությունների նախագահների, վարչապետների ու նախարարների։

Վարդն արագ-արագ հարցերիս է պատասխանում, ակնհայտորեն շտապում է:

-Սահմանին ծառայող եղբայրս՝ Արմանը, արձակուրդ է եկել, դրսում ինձ է սպասում…

ԾԱՌԱՅԵՑԻՆՔ ՊԱՏՎՈՎՇարքային Սեմյոն Մովսեսյանն էլ, որ կողքից լսում է զինակից ընկերոջը, ժպտում է:

-Իսկ իմ հարազատները չգիտեն էլ, որ այսօր զորացրվում եմ, ուզում եմ գեղեցիկ անակնկալ մատուցել մերոնց։

Մինչ բանակ գալը շատ էի լսել, որ ասում էին՝ բանակը կոփում է երիտասարդին, կարծում էի՝ խոսքը լոկ ֆիզիկական կոփվածության մասին է, բայց բանակում նաեւ հոգեբանորեն ես կոփվում, տարբեր բնավորության, տարբեր մտածելակերպի ու ինտելեկտի մարդկանց հետ ես շփվում, ամեն մեկից մի բան սովորում։ Ասում են՝ բանակը խիստ ուսուցիչ է, որի տված դասերը ամբողջ կյանքումդ պետք են գալիս…

Պատվով ծառայեցի պատվո պահակային վաշտում, ամենից շատ միջոցառումների մասնակցած զինվորներից եմ, վերջերս՝ դեկտեմբերին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից պարգեւատրվել եմ ժամացույցով,- անթաքույց հպարտությամբ ասում է Սեմյոնը:

***

Մինչ զորացրվող երիտասարդները զորամասից դուրս ողջագուրվում էին իրենց հարազատների հետ, զորամասի ներսում պատվո պահակային վաշտի նոր հերթափոխի ընտրությունն էր ընթանում: Պահանջները, ինչպես միշտ, նույնն են՝ բարձր հասակ, ֆիզիկական եւ հոգեբանական գերազանց տվյալներ, բարետես արտաքին…

Զրուցում եմ վաշտը համալրելու ցանկություն հայտնած երիտասարդներից մի քանիսի հետ։ Աբովյանցի Գուրգեն Հայրապետյանը Չիտայից է եկել, որ համալրի հայոց պաշտպանների շարքերը: Բարձրահասակ, ջլապինդ երիտասարդ է, սիրողական բռնցքամարտով է զբաղվել: Ավթանդիլ Էվոյանը, որ նույնպես երկար տարիներ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է բնակվել, այնտեղ կրթություն ստացել, նույնպես վերադարձել է Հայրենիք՝ պարտքը կատարելու։ Սոս Խառատյանը Ալավերդիից է, Շնողի արվեստի դպրոցն է ավարտել, ուսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավտոմեխանիկայի բաժնում։ Հունվարի 31-ին եղբայրս՝ Գուրգենը, զորացրվում է, հիմա ծառայելու իմ հերթն է:

Զորակոչիկ երիտասարդներն անհամբեր սպասում են քննությունների իրենց մասնակցությանն ու վստահեցնում.

-Եթե անգամ պատվո պահակային վաշտում չընտրվենք ծառայության, որտեղ էլ որ ծառայենք, կծառայենք պատվով:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/01/2024