Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԼևոն Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը մանկության ընկերներ էին: Ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի ընկերներ էին, ինչպես բոլոր ընկերները. միասին բացահայտում էին աշխարհը, միասին տխրում էին, միասին ուրախանում, միասին երազում էին ապագայի մասին: Նույն նախասիրություններն ունեին, հատկապես նույնն էր Հայրենիքի ու արվեստի հանդեպ սերը: Առաջին տեղում Հայրենիքն էր. արվեստի հետ կապված երազանքները հետո էին իրականացնելու, երբ ավարտեին զինծառայությունը, կատարեին զինվորական պարտքը Հայրենիքի հանդեպ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Տիգրանն ու Լևոնը ծառայում էին տարբեր սահմանամերձ զորամասերում:

-Հիմա ես միայնակ պիտի իրականացնեմ երկուսիս երազանքները,- ասում է Տիգրանը, որը մասնագիտությամբ օպերատոր է,- իհարկե, չեմ կարող անել այն ամենը, ինչ Լևոնը կաներ, եթե ողջ լիներ, բայց ուժերիս ներածին չափով կփորձեմ ապրել նաև իմ զոհված ընկերոջ փոխարեն:

Լևոնը Եղվարդի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը գերազանցությամբ էր ավարտել, նա հրաշալի դաշնակահար ու արվեստի ուսուցիչ կդառնար, նա բազմաթիվ երեխաների կուղեկցեր դեպի արվեստի գեղեցիկ ու ազնիվ աշխարհ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԲայց երեխաներին դեպի արվեստի գեղեցիկ ու ազնիվ աշխարհ ուղեկցելու գործը Տիգրանը հիմա մենակ է անում: Նրա հիմնադրած կրթարանը զոհված ընկերոջ՝ Լևոն Հովհաննիսյանի անունն է կրում և արդեն 3 մասնաճյուղ ունի՝ Եղվարդում, Արգելում ու Քասախում:

-Մեր կրթարանը 2-6 տարեկան փոքրիկների համար մանկապարտեզ է, իսկ դպրոցահասակ երեխաների համար՝ արվեստի դպրոց: Կրթարանի ամենակարևոր առանձնահատկությունը հայրենասիրական ուղղվածությունն է: Ես ու Լևոնը այն կարծիքին էինք, որ մարդու բոլոր առաքինությունների ակունքը հայրենաճանաչությունն է ու հայրենասիրությունը:

Կրթարանն ունի բազմաթիվ խմբեր՝ թատերական, երգի, պարի, երաժշտական գործիքների, նկարչական…

-Մեր նպատակը ավելի կարևոր է, քան արհեստավարժ դերասաններ, երգիչներ կամ նկարիչներ պատրաստելը: Մենք ցանկանում ենք մշակութային սերունդ դաստիարակել, որը կունենա արվեստի հոգեկան պահանջմունք, և որի ներաշխարհը կհղկվի, մտածելակերպը կձևավորվի արվեստի միջոցով, որը կունենա խոր զգացմունքներ, կիրթ աշխարհայացք, ազատ ու համարձակ սկզբունքներ:

Նվիրումն ու աշխատանքը ինչպես միշտ պտուղներ են տալիս, ու հաջողությունները չեն ուշանում: Կրթարանի նկարչության խմբի սան, 12-ամյա Հասմիկ Եփրեմյանը հանրապետական մրցույթում գրավեց 2-րդ տեղը: Սա հուսադրող ու խոստումնալի արդյունք է ընդամենը 3 տարվա կենսագրություն ունեցող կրթօջախի համար:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ-Չկա հաջողության հասնելու, անձնական ձեռքբերումներ գրանցելու, նվիրումով ու եռանդուն աշխատելու ավելի զորեղ դրդապառճառ, քան այն գիտակցումը, որ քո մանր ու մեծ հաղթանակները Հայրենիքիդ ուժի ու առաջընթացի գրավականն են: Իսկ Հայրենիքը ավելի սրտամոտ զգալու համար պիտի կանգնես զինվորի կողքին, շնչես այն օդը, որ զինվորն է շնչում, տեսնես նրա ծառայությունը Հայրենիքին, հասկանաս, թե ովքեր և ինչպես են կանգուն պահում քո տունն ու քո երկիրը,- ասում է Տիգրան Բարսեղյանը:

Հայրենիքը պաշտպանելիս զոհված զինվորի անունը կրող կրթարանի սաները մեկ անգամ չէ, որ եղել են զորամասում, շփվել  զինվորների հետ, տեսել են, թե ինչ պայմաններում են ապրում նրանք, ինչպիսին է նրանց ծառայողական առօրյան, նույնիսկ ճաշել են զինվորների հետ: Նրանք ձեռնունայն չեն այցելել զորամաս, զինվորներին նվիրել են թերևս ամենաթանկ ու սրտառուչ նվերը՝ իրենց պատրաստած ներկայացումը, որտեղ Հայրենիքն ու նրա պաշտպաններն էին կերպավորված:

– Մեր զինվորները բարձր տրամադրություն ունեին, ինքնավստահ էին, ամուր, ոգևորված: Նրանց համար ելույթ ունենալը մեծ պատիվ էր մեր սաների համար, նրանց ծափերին արժանանալը՝ ամենաբարձր գնահատականը, որովհետև սահման պահող զինվորից լավ ո՞վ կարող է գնահատել Հայրենիք ու հայրենասիրություն մարմնավորող ներկայացումը:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԿրթարանի սաների ուժերով օրերս կազմակերպվել էր ցերեկույթ՝ նվիրված Լևոն Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձին ու 44-օրյա պատերազմում անմահացած եղվարդցի զինվորներին: Այս միջոցառումը ավանդական է. ամեն տարի նույն օրը Եղվարդի բնակիչները, զոհված զինվորների հարազատները, համայնքի ղեկավարները, հրավիրված սպաներն ու զինվորները միասին խնկարկում են Հայրենիքը պաշտպանելիս անմահացած զինվորների հիշատակը:

-Մեր հողի վրա պիտի հայրենասիրությունը ծաղկի ու տարածվի ամենուր, պիտի մտնի ամեն գյուղ, ամեն տուն: Մենք պիտի վառ պահենք հայրենասիրության խարույկը, որովհետև հայրենասիրությունն է այն ուժը, որ մեզ մղելու է փոքրիկ նվաճումներից մինչև մեծ սխրանքների: Հայրենասիրությունն է երաշխավորելու մեր ցանկալի ապագան:

Եվ այսպես՝ երկու հայ եղվարդցի տղաների՝ Լևոն   Հովհաննիսյանի ու Տիգրան Բարսեղյանի ընկերությունը շարունակվում է: Մեկի ֆիզիկական բացակայությունը ի զորու չեղավ ընդհատել նրանց ընկերությունը: Տիգրանը գործում է երկուսի փոխարեն, իսկ նրա հայրենաշեն ձեռնարկումներին շունչ տվողը Լևոնն է, որի ոգեղեն ներկայությունը ավելի շոշափելի է զգում այնտեղ, որտեղ միս ու արյուն են առնում նրա երազանքները:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Ճակատագրեր


22/01/2024