Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ



ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆԳյուղի անունը Բարձրունի է:

-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:

-Երկինքը: Մեր գյուղում երկինքը ավելի բարձր է:

Մտքովս չէր անցնի, որ երկինքը մի տեղ բարձր է, մի տեղ՝ ցածր: Ու նայում եմ հարցական:

-Մեր գյուղը ձորի մեջ է, շուրջբոլորը մեծ-մեծ սարեր են,- բացատրում է Իրինան,- տները անկանոն շարված են սարալանջին: Պիտի գիշերը մնաք մեր գյուղում, որ հասկանաք, թե ինչ եմ ասում: Վերևում աստղերն են վառվում, ձորում՝ տների լույսերը, իսկ սարերը ձուլվում են երկնքի խավարին:

-Հաստատ լուսաբացներն էլ են սիրուն,- ես ոգևորում եմ Իրինային: Եռանդուն գլխով է անում:

-Գարնանը սարերը կանաչում են, ու լուսաբացի հետ ջահել աղջիկները գնում են բանջար հավաքելու՝ մանդակ, սիբեխ, շուշան…Էդ ժամին սարերի օդն ավելի անուշահոտ է, ցողաթաթախ խոտերը հպվում են ոտքերիդ…

Իրինայի անկեղծ ներշնչանքը հուզում է ինձ. ամեն բառից սեր է թափվում:

-Երկուսս էլ խոյեցի ենք,- ասում եմ,- գիտեմ, որ ձեր գյուղը վերակազմավորվել է 19-րդ դարում՝ Խոյի Սալմաստ գավառից ներգաղթած հայերով: Արտաշատցիների մեծ մասը նույնպես խոյեցի է: …Ես էլ եմ բանջար հավաքել մանկության տարիներին…

Ու որպեսզի ասածս ավելի արժանահավատ հնչի, ավելացնում եմ.

-Դալիքյաշուր:

Դալիքյաշուրը բանջար է, որը միայն խոյեցիներին է հայտնի: Իրինան արդեն լայնաշուրթ ժպտում է, բայց ես, այնուամենայնիվ, վերջին «վրձնահարված» եմ տալիս.

-Ծեր սարերը մե քիչ մուգ են, մեր կեղի սարերը…իշթար՝ վրան մանուշակ քամես…

Վերջ, երկուսիս հարազատ բարբառով ասված այս նախադասությունից հետո ես ու Իրինան բարեկամանում ենք: Անմիջապես անցնում ենք դու-ի, և Իրինան, առանց հարցի սպասելու, սկսում է պատմել:

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ-Ես սիրում եմ գյուղի կյանքը: Լուսաբացը պատուհանից ուղիղ լցվում է անկողնուդ մեջ: Քաղաքում այդպես չէ. մութն աստիճանաբար է ցնդում, իսկ գյուղում՝ միանգամից: Հատկապես ամռան օրերին ընտանիքն արթնանում է մութուլուսի հետ, նախաճաշում է ու սկսում աշխատել: Մեր գյուղում բոլորը աշխատում են: Բոլորը այգի ունեն, բանջարանոց ունեն, անասուններ ունեն՝ կովեր, ոչխարներ, այծեր, հավեր, հնդկահավեր, սագեր ու բադեր: Մեղու ենք պահում: Գյուղացին հազվադեպ է խանութ գնում, որովհետև ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծում՝ կարագ, պանիր, մածուն, կաթ, միս, բոլոր մրգերն ու բանջարեղենը… որ հետո լցվում են բանկաներն ու գնում մառան՝ ձմեռվա համար: Մուրաբա, կոմպոտ, խավիար, մարինադ… Տղամարդիկ հիմնականում սահման են պահում, պայմանագրային զինվորական են, կանայք տնտեսություն են վարում: Մենք սահմանապահ ընտանիք ենք. պիտի սահմանն ամուր պահենք, օջախը՝ շեն, որ ապրենք:

Իմ միտքը «մառանում է»: Շատ եմ ուզում իմանալ, թե ուրիշ էլ ի՞նչ կա Բարձրունի գյուղի այս հայրենասեր, գործունյա, ազնիվ ու համեստ ընտանիքի մառանում: Ուզում եմ, որ նրանց մառանը լի լինի: …Երբ ես փոքր էի, մենք մառան չունեինք. պապիս կառուցած հողաշեն տանը մառան չկար, իսկ հորեղբայրս ասում էր. «Կեղացու բարաքյաթը պադվալնի: Սաղ տարին պանեսենք էդ պադվալի խմար: Պադվալ չունեցար, ի՞նչ կեղացի»:

-Ուրիշ ի՞նչ ունեք մառանում,- հարցնում եմ անվստահ: Բայց հարցս Իրինային չի զարմացնում, աչքերը կկոցում է, որ լավ հիշի ու սկսում է թվել.

-Կավուրմա, չորացրած կանաչիներ, թթու, օղի, բանջարեղենային տարբեր պահածոներ, մուրաբաներ…Այս տարի մառանը լի ենք դիմավորել ձմեռը, տարին բարեբեր էր, բերքը՝ առատ:

-Փաստորեն, հարուստ գյուղ է,- եզրակացնում եմ,- հորեղբայրս կասեր՝ բարաքյաթով:

-Բարաքյաթովը մեր մատներն են,- պատասխանում է Իրինան՝ ձեռքերը առաջ պարզելով,- որտեղ էլ քրտինք թափես, բարաքյաթ կլինի:

-Փոխարենը, երբ երեկոյան ամբողջ ընտանիքը հավաքվում է ընթրիքի…-Իրինան չի թողնում, որ ավարտեմ միտքս:

-Տոնից տոն ենք բոլորս միասին սեղան նստում. ամուսինս ու մեծ տղաս ամսվա կեսը սահմանին են, իսկ փոքր տղաս զինվոր էր, տարեմուտի նախօրեին զորացրվեց… Բայց չեմ բողոքում: Հայրենիքը պաշտպանելը տղամարդու պարտքն է, հո ես ու սկեսուրս չե՞նք գնալու-կանգնենք սահմանին: Միակ բանը, որ ուզում եմ խաղաղությունն է: Մնացածը ինքներս կստեղծենք. ձեռք էլ ունենք, ոտք էլ: Պետությունից բան չենք ուզում խաղաղությունից բացի:

-Որ անկեղծ լինենք, խաղաղությունն էլ է ձեր ձեռքերում,- ասում եմ՝ ակնարկելով ընտանիքի սահմանապահ տղամարդկանց:

Իրինան գնում է ներս, հետ է գալիս ինչ-որ լուսանկար ձեռքին: Լուսանկարում երիտասարդ տղամարդ է զինվորական համազգեստով:

-Մհեր Ստեփանյանն է, պայմանագրային գումարտակի հրամանատարը: Էդ գումարտակը ինքն է հիմնադրել 90-ականներին,- Իրինան ձեռքը մեկնում է դեպի սարերը,- Մհերի ու իր զինվորների տունը այնտեղ է՝ դիրքերում: Բանակի շնորհիվ է, որ տասնյակ տարիներ հանգիստ քնել ենք, հանգիստ ապրել: Չենք էլ հիշել, որ գյուղը սահմանամերձ է:

Մհերը զինվորականի տիպար էր: Հայրենասիրության, քաջության, ազնվության, բարության մարմնացում: Նրա արժանիքները ժամերով թվեմ, չեմ ավարտի: Հայրենիքը պաշտպանելիս անհետ կորավ:

…Գրիգորը՝ ամուսինս, Մհերի խորհրդով պայմանագրային դարձավ: Որդիս՝ Արգիշտին, շատ էր սիրում Մհերին, մի այլ հարգանք ուներ համազգեստի հանդեպ, բայց երբեք չէր խոսել զինվորական դառնալու ցանկությունից: Տղաս 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում էր, ամենածանր կռիվների միջով անցավ: Մտածում էինք՝ էդ արհավիրքը տեսնելուց հետո երբեք սահման պահելու անուն չի տա: Հարմար աշխատանք էինք փնտրում նրա համար: Բայց հակառակը եղավ: Ասաց՝ հայ տղամարդու տեղը սահմանին է էնքան ժամանակ, մինչև Հայրենիքին սպառնացող վտանգը իսպառ վերանա:

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆՈրդիների մասին խոսելիս Իրինայի դեմքը շողշողում է:

-Ափսոս տղաներիս չես տեսել: Բարձրահասակ են, ձիգ, սիրուն: Արգիշտիս խաժաչ է, բաց գույնի մազերով, Կարենս ավելի մուգ է: Շատ տարբեր են բնավորությամբ, բայց հայրենասիրությունը, քաջությունը, ազնվությունն ու բարությունը հատուկ են երկուսին էլ: Դրանք այն գծերն են, որ ես ու ամուսինս մեր երեխաների մեջ մանկուց հետևողականորեն դաստիարակել ենք: Ծնողի համար չկա ավելի մեծ հպարտություն, երբ հրամանատարը գովում է նրա զինվոր որդուն: Արգիշտին ու Կարենը, իրոք, պատվով ծառայեցին: Առանց ավելորդ համեստության պիտի ասեմ, որ այդ պատիվը իմ ու ամուսնուս վաստակն է: ….Ու հանգիստ խղճով դիմավորեցինք Նոր տարին:

Այս տարի Հակոբյանների ընտանիքը ամբողջ կազմով հավաքվեց նշելու Ամանորը: Քրտնաջան աշխատանքով ամբողջ տարին ամբարած բերք ու բարիքը մառանից դուրս եկան ու հանգրվանեցին տոնական սեղանին: Առաջին կենացը սահման պահող զինվորինն էր. այս ավանդույթը գյուղի ոչ մի ընտանիքում չի խախտվում:

-Կարենիս վերադարձի, հետո Արգիշտիիս նոր կազմավորվող ընտանիքի կենացը խմեցինք: Արդեն նշանել ենք Արգիշտիին: Պատերազմից հետո ոչ մի Ամանորի տունը չեմ զարդարել, բայց հենց առաջին թոռս ծնվեց, տոնածառ եմ դնելու:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1514) 09.01.2024 - 16.01.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/01/2024