Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԲանակի մասին խոսելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես խոսում եմ հարազատիս մասին, որի թերությունների հանդեպ սրտացավ ես, որի ձեռքբերումներով հպարտանում ես, որի հաջողությունները քոնն ես համարում: Ես մտածում եմ, որ յուրաքանչյուր հայ պիտի բանակին կապված լինի պարտքի, սիրո ու հարազատության ամենաջերմ զգացումներով: Չեմ ասում՝ յուրաքանչյուր մարդ, այլ ասում եմ՝ յուրաքանչյուր հայ, որովհետև մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը, մեր ազգային խնդիրները ստիպում են առանձնահատուկ կարևորություն տալ երկրի պաշտպանունակությանը, հետևաբար՝ բանակի մարտունակությանն ու առաջընթացին:

Ես զինվորականի որդի եմ: Մեր տանը մի ուրիշ սիրով էին խոսում սահմանի, հայրենիքի պաշտպանության մասին՝ ակնածանքով, մեծարանքով: Երբ հայրս անտրամադիր էր, ուրեմն՝ առաջնագծում խնդիրներ կային, եթե նա ուրախ էր, ուրեմն՝ որևէ հաջողություն էր արձանագրվել սահմանին: Այս ամենն այնքան ազդեցիկ էր, որ ապագայի հետ կապված իմ նպատակները նույնպես բանակի շուրջն էին պտտվում: Ես ընտրեցի ռազմական բժշկության ոլորտը: Ու սկսվեց իմ կյանքի ամենակարևոր, ամենագեղեցիկ, ամենապատվելի փուլը՝ իմ զինվորական կենսագրությունը: Ես ծառայել եմ սահմանամերձ զորամասում, տեսել եմ հայ սպայի ու զինվորի անձնազոհ նվիրումը հայրենիքի պաշտպանությանն ու բանակին: Իմ զինակից բժիշկների հետ գիշերը ցերեկ դարձրած կռիվ եմ տվել սահմանապահ զինվորի ու սպայի կյանքի համար: Ես 32 տարեկանում ղեկավարել եմ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը՝ ամբողջ ուժերս, սերս, պատասխանատվությունս տալով իմ գործին: Ես անքուն գիշերներ եմ լուսացրել վիրավոր զինվորի կողքին՝ նրա կյանքը փրկելու անմնացորդ ջանքով: …Ինչ բարձունքներ էլ նվաճեմ, ինչպիսի առաջընթաց էլ ունենամ՝ որպես վիրաբույժ, ոչ մի բանով այնքան չեմ հպարտանա, որքան զինվորական բժշկի իմ կենսագրությամբ: Ոչինչ այնպիսի կարոտով չեմ հիշի, որքան զինվորական համազգեստս:

Եկավ մի պահ, երբ ես մտածեցի, որ պարտքս կատարել եմ որպես զինվորական բժիշկ ու որոշեցի ավելի մեծ ընդգրկում տալ իմ գործին: Ես չգիտեի, որ եթե մի անգամ քեզ բանակի մասնիկն ես զգացել, այլևս չես կարող կտրվել նրանից: Ես հիմա էլ բանակի հետ եմ: Եթե պետք է ընտրությոն անել քաղաքացու ու զինվորի միջև, ես միշտ նախապատվությունը տալիս եմ զինվորին: Եթե սահմաններին անհանգիստ է, եթե վիրավոր զինվոր կա, ես մոռանում եմ ամեն ինչ ու ամենքին:

Այս ամենը պատմում եմ, որ ասեմ՝ յուրաքանչյուր հայ տղամարդու հնարավորություն է տրված իր կյանքի ուղին գծել բանակի միջով ու շարունակել կյանքը շատ ավելի ուժեղացած, շատ ավելի հմուտ, արժանապատիվ, իմաստուն ու վճռական: Իմ երեք մանկահասակ որդիներն էլ զինվորական համազգեստ ունեն: Ես ուզում եմ, որ նրանք ուժեղ տղամարդ դառնան, պատվախնդիր լինեն, սիրեն հայրենիքը, ձգտեն լավագույնին, օժտված լինեն կամային որակներով… Ու այս ամենին հասնելու ամենահեշտ ճանապարհն եմ գտել. նրանց մանկական սրտում սեր եմ արթնացնում դեպի բանակը, դեպի Հայրենիքի պաշտպանությունը, դեպի զինվորական գործը: Ես նրանց համար հերոսի կերպար եմ ստեղծում՝ հանձին զինվորի:

Այս մտորումները ծնվեցին, երբ լսեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին: Ցանկացա ապագա զինվորներին պատմել իմ ու բանակի պատմությունը, ակնկալիքով, որ նրանք էլ կունենան իրենց 5-ամյա կամ ավելի երկար պատմությունը բանակի հետ, ու դա կլինի իրենց կենսագրության ամենապատվաբեր դրվագը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ բանակին ու Հայրենիքի պաշտպանությանը նվիրած տարիները որոշ չափով հետաձգում են մասնագիտություն ձեռք բերելու, հմտանալու, ֆինանսական կայունության հասնելու երազանքը: Բայց այդպես չէ: Զինվորական ծառայությունը այնպիսի հատկանիշներ է ձևավորում քո բնավորության մեջ, այնպիսի կամային որակներ, արագ կողմնորոշվելու կարողություն, մարդաճանաչություն, համարձակություն, որ դրանք հետագա ամբողջ կյանքի ընթացքում օգնում են քո առաջընթացին: Իմ այսօրվա աշխատանքային հաջողությունները ես մեծապես պայմանավորում են բանակում ծառայելու տարիներին ձեռք բերած կենսափորձի ու մասնագիտական փորձի հետ:

Վերջում անփորձանք ծառայություն եմ մաղթում հայրենյաց պաշտպաններին: Փառք ու պատիվ այն հզոր հայորդիներին, ում օրը բացվում է երկրի սահմանին, ովքեր զենքը ձեռքին են դիմավորում լուսաբացը՝ հանուն Հայրենիքի ազատության ու պատվի, հանուն հարազատ ժողովրդի անվտանգության ու արժանապատվության:

ՍԵՎԱԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ,

բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

***

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈչինչ ինձ այնքան չի խանդավառում, որքան սահմանից եկող բարի լուրերը, ոչինչ այնպիսի հպարտությամբ չի լցնում սիրտս, որքան սահման պահող զինվորի քաջությունն ու նվիրումը Հայրենիքին: Ես ինքս զինվորապաշտ եմ: Իմ պատկերացմամբ՝ զինվորն իմ երկրի ամենակարևոր մարդն է, ամենապատվելին, ամենասիրելին: Ես քանոնահարուհի եմ, «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի մենակատարը: Բեմը իմ երկրորդ տունն է, ես անդադար աշխատում եմ, հաճախ եմ հանդես գալիս համերգներով, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, և իմ ոչ մի համերգ չի անցնում առանց զինվորների: Ինձ թվում է՝ եթե դահլիճում զինվորական համազգեստով տղաների չտեսնեմ, չեմ կարողանա նվագել: Անձամբ հրավիրում եմ զինվորներին: Նրանց ներկայությունը ուժով է լցնում հոգիս: Առհասարակ, ես շատ մտերիմ եմ բանակի հետ: Մեկ անգամ չէ, որ նվագել եմ զորամասերում կամ «Զինվորի տանը»: Աննկարագրելի զգացողություններ եմ ապրել, երբ զինվորները իմ նվագակցությամբ երգել են, պարել խանդավառ, իրենց երաժշտական գործիքներով միացել են իմ քանոնին, ու մեր սրտերը հնչել են միասին ու ներդաշնակ: Իմ համերգների ժամանակ զինվորներից բացի դուք պարտադիր կտեսնեք զոհված զինծառայողների մայրերի, պատերազմի հերոսների… Սա ամենաքիչն է, որ կարող եմ անել իմ զինվորների համար, սա իմ փոքրիկ երախտագիտությունն է իմ երկիրը պաշտպանած քաջերին:

Ամեն օր քնելուց առաջ ինքս ինձ ասում եմ՝ դու հիմա հանգիստ, անվտանգ, ապահով կքնես փափուկ անկողնում, որովհետև հազարավոր երիտասարդ տղաներ՝ զինվորներ, սպաներ, պայմանագրայիններ կանգնած են սահմանին, վտանգին դեմ հանդիման, ձմռան ցրտին, ամռան շոգին… Ու ամեն օր փորձում եմ ավելի շատ աշխատել, ավելին անել, ավելի մեծ բարձունքներ նվաճել, որ բարձրացնեմ մեր ազգային նվագարաններից գեղեցկագույնի՝ քանոնի անունն ու մեր երկրի փառքը տարածեմ աշխարհով մեկ: Ես մեր զինվորներին եմ պարտական ոչ միայն իմ խաղաղ ու ապահով կյանքի, այլև մասնագիտական հաջողություններիս համար: Իսկ դրանք, անհամեստ չհնչի, քիչ չեն: Ես բազմաթիվ միջազգային միցույթներում առաջին մրցանակի եմ արժանացել, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր եմ, Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ եմ գրանցել: Կառավարության հրավերով՝ երկու անգամ համերգներ եմ տվել Հնդկաստանում: Մեր ազգային նվագարանը իմ կատարմամբ հնչել է բազմաթիվ երկրներում, ու գիտեք՝ ինչն է ինձ երջանկացնում. քանոնի հնչողությունը, մեր ազգային երաժշտությունը պարզապես հիացնում են արտասահմանցի ունկնդրին: Մենք մեր զինվորի քաջությանն ու հայրենասիրությանը արժանի մշակույթ ունենք:

Երբ լսեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, երբ իմացա, որ մեր տղաները կամովին զինվորագրվում են Հայրենիքը 2-ի փոխարեն 5 տարի պաշտպանելու գաղափարին, էնքան խանդավառվեցի, որ որոշեցի նոր շրջագայություն կազմակերպել զորամասերով ու նվագել մեր զինվորների համար: Ցանկացա գնալ սահման, նայել հայրենյաց պաշտպանների աչքերին, լիցքավորվել նոր ուժով, նոր հավատով, նոր լավատեսությամբ: Վերջին անգամ, երբ զորամասում էի, զինվորներից մեկը ասաց. «Իմացե՛ք, եթե մեր թիկունքում թեկուզ մեկ տան լույս վառվի, մենք մի քայլ չեն նահանջի ու մինչև վերջին շունչը կմնանք սահմանին»:

ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

քանոնահարուհի

 

***

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵս 12 երեխա ունեմ, ընդ որում՝ 7 արու զավակ: Յոթն էլ սահման են պահել: Նրանցից ամենաերկարակյացը Արշալույսն է՝ արդեն 15 տարի դիրքերում է, Անդրանիկի, Արամի ու Արմանի ծառայողական կենսագրությունը մոտ 10 տարի է, Ամրամինը՝ 2, Արմենինը՝ 6: Աշոտը արդեն 5 տարի դիրք է պահում: Չեմ ասի, թե սահման պահող որդիներ ունենալը հեշտ է ծնողի համար: Զավակներդ ամսվա կեսը տունուտեղից կտրված, ամեն պահի վտանգն աչքի առաջ հայրենի հողն են պաշտպանում, ու դա ձգվում է տասնամյակներ… Բայց ո՞վ պաշտպանի Հայրենիքը, եթե ոչ իմ որդիները, բա էլ ինչո՞ւ հպարտանամ, որ յոթ որդի ունեմ: Հզոր, համարձակ, պատվախնդիր տղամարդու գործ է սահման պահելը: Եթե տղամարդ ես ծնվել, ուրեմն երկրիդ պատիվը քո պատիվն է, ուրեմն դու պիտի ապահովես երկրիդ անվտանգությունը: Եթե տղամարդ ես ծնվել, ապա լույս աշխարհ ես եկել հայրենիքդ անառիկ պահելու պարտքը ուսերիդ:

Ես էլ եմ կատարել Հայրենիքիս հանդեպ որդիական պարտքս: Դասակի հրամանատարից հասել եմ գումարտակի հրամանատարի պաշտոնին ու զորացրվել «մայորի» կոչումով: Կարոտում եմ այդ տարիները, կարոտում եմ սահմանը, զինվորական համազգեստս: Ճիշտ է, սահմանին տնից հեռու ես, բայց նոր տուն ու ընտանիք ունես: Դիրքապահ ընտանիքը մի ուրիշ հարազատություն ունի, դիրքի հետ մի ուրիշ սիրով ես կապվում: Քեզ ուժ է տալիս այն միտքը, որ դու երկրիդ համար ամենակարևոր գործն ես անում, դու քաջի մասնագիտությունն ես ընտրել, քո գործը ամենապատվաբերն է ու ամենաշնորհակալը: Բարձունքից նայում ես քո շեներին, ու հոգիդ փառավորվում է, հոգուդ մեջ մի գրամ խեղճություն չի մնում:

Ես իմ խոհերն ու ապրումները առաջին հերթին նրանց համար եմ պատմում, ովքեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն: Տղե՛րք, էս հնարավորությունը ձեռքից բաց մի՛ թողեք: Ես բարձր աշխատավարձի ու այլ նյութական հնարավորությունների մասին չեմ խոսում, այլ այն զգացողության, որ միայն սահմանին ես ունենում, այն հպարտության, որ զգում ես ոտքդ հողին դնելիս, քո ներքին ամրության, քո լավատեսության, քո ինքնահարգանքի:

Բարի ծառայություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցել են ուսումնական փուլը, հաջողությամբ հանձնել են քննությունները ու համալրել են զորամասերը: Ես՝ նախկին զինվորականս, հպարտ եմ ձեզնով:

ՍԱՐԳԻՍ ԲՐՈՒՏՅԱՆ

պահեստազորի մայոր

 

***

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍահմանը մեր երկրի ամենակարևոր տարածքն է, իսկ զինվորը՝ ամենակարևոր մարդը, որովհետև սահմանին է ծնվում խաղաղությունը, ու այն առաջին հերթին զինվորն է կռում:

Ես կապանցի եմ: Ինձ համար խաղաղություն ու կյանք բառերը հոմանիշներ են, քանի որ իմ մանկությունը անցել է ապաստարաններում: Ես տեսել եմ, թե ինչպես են արկերը բզկտում քո հարազատ հողը, ավերում քո մանկության ոտնահետքերն ու հուշերը: Ու ես բարձրացող սերնդի համար խաղաղություն եմ ուզում: Ես ուզում եմ, որ կապանցի փոքրիկները պատերազմ չտեսնեն:

Ես էլ, ինչպես իմ բոլոր հասակակիցները, երբ ժամանակը եկավ, բանակ գնացի ու դարձա կարգապահ և օրինակելի զինվոր: Զորամասի լավագույն նշանառուներից էի: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև սյունեցիները բնատուր մարտիկներ են, նրանց մտերմությունը զենքի հետ նույնպես բնատուր է: Մի օր էլ պապս եկավ զորամաս: Պապիս մեծ հարգանքով ընդունեցին զորամասում: Հետո պապս արցունքոտվելու աստիճանի հպարտ ու երջանիկ պատմում էր. «Թոռս իրեն իսկական տղամարդու պես էր պահել, լավ էր  ծառայել, դրա համար էլ ինձ հարգեցին ու պատվեցին»: Կդժվարանամ բառերով նկարագրել, թե ինչ էի զգում այդ պահին:

Բանակի հետ կապված այնքան քաղցր հիշողություններ ունեմ. ժամերով պատմեմ, չի սպառվի: Զորացրվելուց հետո սկսեցի նկարել Հայրենիքի հանդեպ իմ սերն ու քնքշանքը, իմ լեռնաշխարհի գեղեցկությունն ու ամրությունը, իմ ծննդավայրի բարի ու խիզախ մարդկանց:

Տարիների փորձառությունը ինձ բերել է այն համոզման, որ եթե աշխատանքիդ մեջ չկա հայրենասիրություն ու երկիրդ շենացնելու ձգտում, մեծ հաջողությունների չես հասնի, մեծ բարձունքներ չես նվաճի: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս մեր զինվորներին, որ և՛ որդիական պարտքը կատարեն Հայրենիքի հանդեպ, և՛ գումար վաստակեն: Ես միշտ ասել եմ, որ մենք պիտի լավագույնը տանք Հայրենիքի պաշտպանին: Զինվորական համազգեստ կրող մարդիկ պիտի բոլորիցս շատ վաստակեն, ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, որովհետև մենք՝ քաղաքացիական անձինք, որքան էլ սիրենք Հայրենիքը, ինչ էլ տանք երկրին, չենք կարող համեմատվել կյանքի գնով, զենքով Հայրենիքի սահմանները անխախտ պահելու սխրանքի հետ:

Եվ ես շատ ուրախ եմ, որ պետությունը զինվորին գումար վաստակելու հնարավորություն է տալիս, ինչը շատերի հոգսը կթեթևացնի, կփոխի ընտանիքի կենսամակարդակը: Միևնույն ժամանակ, զինվորական ծառայությունը պայմանագրայինով փոխարինած տղան, ծառայելով իր տանը մոտ զորամասում, հնարավորություն կունենա լինել իր հարազատների կողքին, հոգալ իր ընտանիքի կենցաղային հոգսերը: Իսկ 5 միլիոն դրամ միանվագ պատվո վճարը, որը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայած պայմանագրայինը կարող է տնօրինել ինչպես ցանկանա, կարող է հետագա ապահովության ու բարեկեցության հիմք դառնալ կյանք մտնող պատանու համար:

Ծրագիրը մի առավելություն էլ ունի. 5 տարի ծառայած պայմանագրայինը, բնականաբար, ավելի մեծ փորձառություն է ունենում, ավելի հմուտ զինվորական է դառնում, քան երկու տարի ծառայած զինվորը: Ու եթե մեծ լինի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայողների թիվը, տարիների ընթացքում կփոխվի նաև մոբիլիզացիոն ռեսուրսի արհեստավարժությունն ու հոգեբանական պատրաստությունը:

Փա՛ռք այն քաջորդիներին, որոնք խիզախություն ունեն իրենց վրա վերցնելու մեր ժողովրդին խաղաղություն նվիրելու դժվար առաքելությունը:

ԷՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ

նկարիչ

 

Պատրաստեց՝ ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/12/2023