Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԵԼՈՒ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԵԼՈՒ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՀագեցած ուսումնական առօրյան ՀՕՊ ուսումնական զորամասում անփոփոխ բնույթ է կրում։ Բուն մասնագիտական առարկաներից բացի՝ ծառայության այս փուլում ուժերի առավելագույն լարումով հրամանատարները զինվորներին ուսուցանում են այն ամենը, ինչը վերջիններիս անհրաժեշտ է հմուտ ու բանիմաց  հակաօդային «ժամապահներ» դառնալու համար։ Լսարանային մասնագիտական պարապմունքների ընթացքում վարժասարքի միջոցով տղաները ձգտում են հիմնովին ամրապնդել գիտելիքներն ու  խոցել պայմանական բոլոր թիրախները։ Լսարաններից մեկում նրանք ծանոթանում են «Իգլա» զինատեսակին, սերտում առանձնահատկությունները, վարժասարքերի միջոցով կատարելագործում դրա կիրառման հմտությունները՝ խոցելով պայմանական օդային թիրախները: Նրանցից մեկն էլ Գուրգեն Ասատրյանն է:

-2023 թվականի հուլիսին անցել եմ ծառայության ՀՀ զինված ուժերում ու պատրաստվում եմ դառնալ  հակաօդային պաշտպանության մասնագետ,- հաջողությամբ թիրախները խոցելուց հետո ասաց Գուրգենը:- Շատ ուրախ եմ, որ հենց այս մասնագիտությունն եմ ընտրել։

Զրուցակիցս վստահ է՝ բոլոր երիտասարդների սրբազան գործն է հայրենիքի պաշտպանությունը, որին ինքը սիրով ու պատասխանատվությամբ է զինվորագրվել։

ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԵԼՈՒ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ-Այս ընթացքում սովորել եմ, թե ինչպես է պետք հակաօդային հետախուզություն վարել, հայտնաբերել նշանակետերն ու ոչնչացնել դրանք։ Զենքին շատ լավ ենք տիրապետում, կրակային պատրաստության հմտություններին՝ «գերազանց»։ Բացի վարժասարքերով մարզվելուց՝ մասնակցում ենք նաև գործնական վարժանքների, կրակային պատրաստությամբ զարգացնում մեր մասնագիտական հմտությունները, որպեսզի լավ մասնագետներ դառնանք, կարողանանք օգտակար լինել մեր երկրի պաշտպանության գործին:

Ծառայության վեց ամիսները մոտենում են ավարտին։ Շուտով տղաները կարճատև արձակուրդ կունենան, որից հետո կմեկնեն մշտական ծառայության վայրեր:

-Տնեցիներիս կարոտը կառնեմ, որից հետո կմեկնեմ նախորոշված զորամաս՝ իրականացնելու իմ առջև դրված խնդիրները,- իր խոսքն այսպես լավատեսությամբ ավարտեց Գուրգենը:

Մյուս զինվորին՝ շարքային Արշակ Մելքոնյանին, հանդիպեցինք մեկ այլ լսարանում, որտեղ նա նշումներ էր անում «օդային քարտեզի» վրա և հընթացս բացատրում մեզ.

-Սա օդային պաշտպանության գծագրոց է: Ես այստեղ արտապատկերում եմ իրադրությունը ՀՀ օդային տարածքում։

Ծառայության հինգ ամիսների ընթացքում Արշակը հասցրել է յուրացնել զինվորականի մասնագիտությունը, ձեռք բերել հակաօդային պաշտպանին անհրաժեշտ հմտություններ։ Ուսումնական զորամասի լավագույն զինվորներից է։ Զորակոչվելուց առաջ  հասցրել է դառնալ մինչև 16 տարեկանների արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ ծառայության մեջ  աչքի է ընկնում մասնագիտական ու  ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ։

-Ծնունդով Արարատի մարզից եմ: 2023 թ. հուլիսին ծառայության եմ անցել ՀՀ զինված ուժերում և պետք է դառնամ հակաօդային պաշտպանության մասնագետ։ Սա մեծ պատասխանատվություն է. երկրիդ օդային սահմանների պաշտպանությունն ես իրականացնում,- ասաց շախմատիստ հակաօդայինը:

ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԵԼՈՒ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸԾառայությունը նվիրական գաղափար է ուսումնական զորամասի յուրաքանչյուր զինվորի համար։

-Ծառայությունը և հայրենիքի պաշտպանությունը ես սրբազան գործ եմ համարում, բոլորիս պարտքը։ Պետք է պաշտպանենք մեր անկախությունն ու անվտանգությունը,- ասում է շարքային  Արման Ազարյանը: -Մեր ծառայողական առօրյան շատ հետաքրքիր ու հագեցած է անցնում: Զորամասում անցկացվում են տեխնիկական և մասնագիտական պատրաստության, ինչպես նաև շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։ Ամրանում ենք թե’ հոգով ու մտքով, թե’ ֆիզիկապես։

Մայիս Հարությունյանն էլ հաշված օրերից տեղափոխվելու է հանրապետության հյուսիսային ուղղություն։ Ասում է՝ ծառայությունն իրեն ֆիզիկապես կոփվելու և որպես անհատ կայանալու հնարավորություն է տվել.

-Այն ամենը, ինչ այստեղ սովորեցի, վստահ եմ, որ առաջիկա մեկուկես տարվա, ինչու չէ, նաև ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի ինձ։ Հարկ եղած դեպքում այս գիտելիքները և՛ ինքս կկիրառեմ, և’ կփոխանցեմ ուրիշներին։ Իմ երկիրն անչափ շատ եմ սիրում,- ասում է երիտասարդը,- այս երկրի յուրաքանչյուր հատված, ամեն ինչ թանկ է ինձ համար։ Մեր երկիրը «մանրամասն» սիրելու երկիր է։

Շարահրապարակում կուրսանտների հետ շարային պատրաստության պարապմունք է անցկացնում ստորաբաժանման հրամանատար, կապիտան Վահրամ Լոռեցյանը: Սպան վստահեցնում է՝ զինվորների տրամադրությունն ու բարոյահոգեբանական վիճակը բարձր է, իրենց խնդիրները կատարում են ամենայն պատասխանատվությամբ.

ՆՐԱՆՑ Է ՎՍՏԱՀՎԵԼՈՒ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ-Այս պահին արդեն ուսումնական գործընթացը մտնում է ավարտական փուլ: Մի շաբաթ հետո սկսվելու են կուրսանտների ավարտական, ամփոփիչ քննությունները։ Տղաները տրամադրված են մարտական, պատրաստ՝ շարունակելու ծառայությունը ՀՀ զինված ուժերում։ Մեր զինվորները մասնագիտական առումով պատրաստ են։

Ապագա հակաօդայինները նույնպես վստահ են իրենց ուժերի վրա։ Ծառայության մի քանի ամսում հասցրել են հմտանալ զինվորական գործում,  ուսումնասիրել մասնագիտության նրբություններն ու բարդությունները և պատրաստ են պատվով կատարելու հրամանատարների ցուցումները:

-Հայրենիքիդ ծառայելը նվիրական գործ է,- բանաձևում է Արշակ Մելքոնյանը,- և ես՝ որպես ՀՕՊ մասնագետ, պետք է ձգտեմ իմ մասնագիտությանը տիրապետել կատարելապես, պետք է փորձեմ մեր հայրենիքին օգնել, ինչով կարող եմ։

Հաշված օրերից ուսումնական զորամասի զինծառայողները կամփոփեն իրենց ուսումնառության 6 ամիսը, կհանձնեն ամփոփիչ քննությունները և կմեկնեն  կարճատև արձակուրդի, որից հետո, ուժերը վերագտած ու հավատարիմ իրենց առաքելությանը՝ որպես հակաօդային պաշտպանության մասնագետներ, կանցնեն ծառայության արդեն իսկ նախորոշված զորամասերում՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պաշտպանությունը։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Ազգային բանակ


20/12/2023