Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵս երիտասարդ տղա էի, երկար մազեր ունեի, երգում էի «Էլիպս-ռոք» անսամբլում… Բայց երբ Հայրենիքի սահմանները վտանգվեցին, միացա երկու եղբայրներիս, ու երեքով գնացինք ռազմաճակատ: Ես վայր դրեցի կիթառն ու զենք վերցրի: Թողեցի արվեստագետ ընկերներիս ու զինակցության ուխտով միացա սահմանապահ տղերքին: Երբեմն մտածում եմ՝ ես ո՞վ կլինեի, որտե՞ղ կլինեի հիմա, եթե սահմանը չփոխեր կյանքիս ընթացքը: Ավելի քան 30 տարի է անցել: Ինձ լավ կհասկանան նվիրյալ ազատամարտիկներն ու զինվորականները. այդ 30 տարիների ընթացքում իմ սիրտը երբեք չիջավ սահմանից: Ու որտեղ իմ սիրտն էր, մարմինս այնտեղ էր ձգտում մշտապես: Այդպես է մինչեւ օրս, այդպես կլինի միշտ: Ես ծառայել եմ բանակում, դպրոցում եմ աշխատել, հիմա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն եմ, բայց իրականում ես միայն մեկ «պաշտոն» եմ ունեցել ու ունեմ. ես զինվոր եմ: Էությամբ, ողնուծուծով զինվոր եմ: Ես ամբողջական եմ, իմ շնչառությունը լիաթոք է միայն սահմանին, որտեղից սկսվում է երկրիս ուժը, պատիվը, հպարտությունը:

Ես շատ լավ գիտեմ մեր երիտասարդ սերնդին: Զինկոմիսարիատում ծառայած տարիներին շփվել եմ զինակոչիկների հետ, դպրոցում աշխատելիս ամեն օր եղել եմ ապագա զինվորների կողքին ու վստահ եմ, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հետզհետե ավելի մեծ թվով զինվորների է ընդգրկելու իր շարքերում:

Այդ ամենով հանդերձ, ազգային զարթոնքից, հայրենասիրական զգացմունքներից ծնված խանդավառությունը նման է կրակի. պիտի սնուցես, որ չհանգչի: Չես կարող մարդուց մշտապես անձնվիրություն ու ինքնազոհողություն պահանջել: Այն մարդուց, որը ընտանիք է պահում, ծնողների, զավակների, կողակցի կենցաղային հոգսերը հոգալու պարտավորություն ունի: Ու ես ողջունում եմ պետության հաշվենկատ քայլերը՝ զինծառայողի մասնագիտությունը, պատվաբեր լինելուց բացի, նաև շահութաբեր դարձնելու ուղղությամբ: Սա բանակը կատարելագործելու ամենաճիշտ ճանապարհն է, որին միտված է նաև սպաների ատեստավորման գործընթացը: Համոզված եմ՝ շատ տղաներ կան, որոնք մեծ խանդավառությամբ ու նվիրումով կզինվորագրվեին բանակին, եթե իմանային, որ կարող են զինծառայողի աշխատանքով արժանապատիվ կյանք ապահովել իրենց ընտանիքների համար: …Ես սկզբում պատահական չպատմեցի, թե ինչպես Հայրենիքի սահմանին կիթառահար, երգահան-երգչից վերածվեցի Հայրենիքի զինվորի: Սահմանը քեզ իրենը դարձնելու արտասովոր ուժ ունի: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առավելություններից մեկն էլ այն է, որ 5 տարի ծառայելուց հետո քչերը կկարողանան կապը կտրել բանակի հետ: Իսկ նրանք, ովքեր, այդուամենայնիվ, կզորացրվեն ու կանցնեն այլ աշխատանքի, ամբողջ կյանքում կմնան Հայրենիքի զինվոր ու իրենց հետ քաղաքացիական կյանք կտանեն սահմանի գաղափարախոսությունն ու բարոյականությունը:

 

ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա

վարչական շրջանի ղեկավար

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵս ուսուցչուհի եմ, ու իմ առարկան դասավանդելուց առաջ պարտքս եմ համարել բարձր պահել Հայրենիքի գաղափարն ու աշակերտներիս մեջ կաթիլ-կաթիլ ներարկել հայրենասիրությունն ապրելակերպ դարձնելու առաքինությունը: Իսկ հայրենասիրությունն ապրելակերպ է դառնում այն ժամանակ, երբ դու միշտ փորձում ես քո բաժինը տալ երկրիդ առաջընթացին, անվտանգությանն ու բարօրությանը: Երբ հասկանում ես, որ ամեն մեկս պիտի հայրենիքը պաշտպանի, ինչպես կարող է, և որքան կարող է: …Ես նաև տիկնիկագործ եմ, ժողովրդական վարպետի կոչում եմ ստացել: Դարձյալ իմ ներշնչանքը Հայրենիքն է: Իմ տիկնիկները տարազներով են, ներկայացնում են ազգային ու կրոնական ծեսեր: Հենց այս պահին նրանք ցուցադրվում են պատմության թանգարանում, պատմում մեր անցյալի, մեր համազգային երազանքների ու մեր պաշտամունքների մասին:

Այս ամենով հանդերձ, հայրենապաշտպանության առաջամարտիկները երկրի սահմանին են: 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ զինվոր որդիս առաջնագծում էր, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել, որ վտանգի պահին հենց իմ որդին պիտի պաշտպանի սեփական հողն ու ժողովրդին: Չեմ զղջացել, որ նա առաջնագծում է ծառայում: Որովհետև, ինչպես ավանդել են մեր պապերը, արու զավակն առաջին հերթին Հայրենիքինն է: Ու ես վստահ եմ, որ մեր որդիապաշտությունը հենց այդ գաղափարից է գալիս: Որդին միայն մեր տան սյունը չէ, այլև մեր հայրենյաց պաշտպանը, հայրենյաց, այսինքն՝ ամենայն հայրենիի, մեր պատմության, մեր դարավոր մշակույթի, մեր հավատքի, մեր ներկայի ու ապագայի…

Ինչ մեծ պատիվ է կրել Հայրենյաց պաշտպանի կոչումը: Ինչ ազնիվ ու առաքինի վարքագիծ է կյանք մտնելուց առաջ 5 տարի ծառայել հայրենիքին, հետո հանգիստ խղճով, գլուխը բարձր անցնել հետագա ուղին, որ սահմանին է օրհնվել: Ինչ բարեբախտություն է, երբ աշխատանքդ դառնում է առաքելություն, և աշխատավարձդ, անկախ չափից, պատվովճարին հավասար խորհուրդ ունի, որովհետև այն, ինչ դու անում ես, անգին է, չի չափվում ոչ մի գումարով:

Այնպիսի լավատեսությամբ եմ լցվում, երբ իմանում եմ, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը օր օրի ավելի ընդգրկուն է դառնում: Այդ մտքից նոր ու համարձակ երազանքներ են ծնվում, ստեղծագործական մտահղացումներ: Ձեզ խաղաղ ծառայություն եմ մաղթում, սիրելի հայրենյաց պաշտպաններ, թող Ձեր ամրությունը սահմանին մեզ համար համարձակ երազանքների ու եռանդուն աշխատանքի խթան դառնա: Հանուն հզոր Հայաստանի:

 

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ժողովրդական վարպետ, տիկնիկագործ

 

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Բանակ և հասարակություն


20/12/2023