Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ



ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկն անցկացրեց ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» զորավարժություն, որի նպատակը ստորաբաժանման կարողությունների գնահատումն էր և գործընկեր երկրների զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ բրիգադի փոխգործակցելիության և օպերատիվ համատեղելիության հնարավորությունների ցուցադրումը։ Զորավարժության ընթացքում ստուգվեց ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:

Միջոցառումն ինքնագնահատում էր. հայկական զորախմբին գնահատում էր միջազգային չափորոշիչներով վերապատրաստմամբ արտոնագրված հայ սպաների խումբը։ Հիմնական քննությունը կլինի մյուս տարի։ Զորավարժության այս փուլին հետևում էին նաև ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Զորավարժության ակտիվ փուլին նախորդել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ։ Շտաբային գործողություններն ու քննարկումները նպաստել են  ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:

Ստուգատես է։ Մասնակիցների անհատական պաշտպանության, բժշկական ապահովման, այլ միջոցների առկայությունը պարտադիր է։ Հրահանգիչները փաստում են՝ անձնակազմը պատրաստ է խնդիրների կատարմանը։

Զորավարժության սցենարի համաձայն՝ հայկական ստորաբաժանումը հակամարտության գոտիներից մեկում խաղաղապահ առաքելություն է իրականացնում։ Խաղարկվում են առաքելության հավանական դրվագներ, որոնց ընթացքում մասնակիցները կատարում են պարեկություն, շարասյան ուղեկցում, հսկիչ անցակետերի վարում, ուղեփակման և խուզարկման գործողություններ և այլն:

Նախանշված օրը անձնակազմը տեղափոխվում է «Զառ» ուսումնական կենտրոն, որը վերածվում է պայմանական առաքելության վայրի։ Տեղում բացազատվում է դաշտային շարժական հոսպիտալ՝ ընդունման, ախտորոշման, վիրաբուժական և ռեանիմացիոն բաժանմունքներով, վիրահատարանով։ Բուժանձնակազմը վիրավորներին տեսակավորելուց, վիճակը կայունացնելուց հետո անհրաժեշտության դեպքում կազմակերպում է ուղղաթիռային տարհանում մոտակա բուժհաստատություն։

Դրվագներից մեկում գումարտակի զինծառայողները ուղևորվում են պայմանական իրադարձային գոտի։ Ավտոշարասյունը պետք է հաղթահարի առաջացած խոչընդոտները։  Պայթյուն է տեղի ունենում ճանապարհներից մեկում, և որոշում է կայացվում փոխել երթուղին։ Հարձակման վտանգ կա, սակայն գումարտակը տեղակայվում է սահմանված վայրում, անցնում հերթապահության։ Մեկ այլ դրվագում դիտորդների խումբը ավտոշարասյան ճանապարհին կասկածելի իր է նկատում, ինչը, հնարավոր է, ինքնաշեն պայթուցիկ սարք լինի։ Երթը դադարեցվում է, գործի է անցնում ականազերծող խումբը։ Սակրավորը զգուշությամբ ստուգում է տարածքը, վնասազերծում պայթուցիկն ու տեղափոխում՝ ապահովելով շարասյան անվտանգ անցումը։

Ահաբեկիչների ազատ տեղաշարժը կանխելու նպատակով ստորաբաժանման հրամանատարը կարևոր ճանապարհներին տեղադրում է հսկիչ-անցագրային կետեր։ Առաջին հայացքից խաղաղ բնակիչներ թվացող անձանց շրջանում ստուգումների ընթացքում հայտնաբերվում են հետախուզվող, թշնամաբար տրամադրված վտանգավոր անձինք։

Այդուհանդերձ, ահաբեկչական խմբերին հաջողվում է դարանակալել պարեկություն իրականացնող խաղաղապահ խմբերից մեկին։ Առաջին պայթյուններից ու կրակոցներից հետո անձնակազմն  անցնում է շրջանաձև պաշտպանության։ Գնահատելով իրավիճակը՝ հրամանատարը ռազմաբազայից աջակցող ուժեր է խնդրում։ Խաղաղապահների շարքերում կան վիրավորներ։ Նրանց ցուցադրվում է անհրաժեշտ բուժօգնություն՝ պայմանական վնասվածքին համապատասխան։ Քիչ անց ուղղաթիռներով տեղ են հասնում աջակցող ուժերը, և համատեղ ուժերով ահաբեկիչները ոչնչացվում են։ Վիրավորներին ուղղաթիռներով տարհանում են դաշտային հոսպիտալ։

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄԽաղարկվեցին նաև այլ իրավիճակներ, որոնց ընթացքում խաղաղապահները պետք է ցուցադրեին պայթյունավտանգ իրավիճակներից խուսափելու, լարվածությունը լիցքաթափելու իրենց կարողությունները։

Բնակչության հետ ճիշտ աշխատելու, վստահություն ներշնչելու շնորհիվ գյուղի տներից մեկում բացահայտվեց զենք-զինամթերքի գաղտնի պահեստ։ Տունը շրջապատվեց, գործողությունն իրականացվեց հնարավորինս արագ և անկորուստ։

Եզրափակիչ զորախաղի ժամանակ որոշում է ընդունվում ոչնչացնել ահաբեկիչների տեղակայման կետը։ Խաղաղապահները երեք կողմից աննկատ մոտենում են նրանց բազային, դիրքավորվում, սպասում հրամանի։ Առաջին հարվածը հասցնում է հրետանին, ապա ուղղաթիռներն են կրակ վարում։ Դիմադրություն ցույց տվող ահաբեկիչները ոչնչացվում են։ Բոլոր թիրախները խոցելուց հետո կայանը գրավվում է։ Սակրավորները մանրակրկիտ զննությունից հետո տարածքը հայտարարում են անվտանգ։ Գործողությունն ավարտված է, խաղաղապահ առաքելությունը՝ իրականացված։

 

Գնդապետ ՌՈՒԲԵՆ ՊԱՊՅԱՆ,

գնահատող խմբի ղեկավար.

-Ստուգման կանոնակարգի համաձայն՝ դեռ ամիսներ առաջ սկսել ենք պատրաստվել այս զորավարժությանը։ Ստուգվում է ամեն ինչ՝ անհատական հանդերձանքից սկսած մինչև փաստաթղթային ձևակերպումներ, պարտականությունների իմացություն, ռազմական տեխնիկայի առկայություն և սարքինություն։ Քննությունը հանձնում ենք յուրաքանչյուր երեք տարին մեկ, որոշվում է՝ արդյոք պատրա՞ստ է տվյալ ստորաբաժանումը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ իրականացնել առաքելություն՝ միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Վերջերս կայացած հայ-ամերիկյան զորավարժությունն օգնեց ավելի լավ պատրաստվել այս ստուգատեսին, որովհետև սցենարը, գործողությունների բնույթը շատ մոտ էին։

 

ՏՈՐ ԲԵՅԴ,

Նորվեգիայի բանակի ներկայացուցիչ.

-Ակնհայտ է, որ հայ խաղաղապահները լավ պատրաստվել են, մոտիվացված են առաջադրանքները լիարժեք և մանրակրկիտ կատարելու։ Այս պահին վերջնական գնահատականը հայտնի չէ, մենք կամփոփենք արդյունքներն ու կներկայացնենք մեր հայ գործընկերներին։ Ամեն դեպքում, տպավորությունս դրական է։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/11/2023