Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐԸ



ԻՄ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐԸԱրամայիսն ու Արմենը նույն օրն էին զորակոչվել՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ: Ծանոթացել էին, շփվել, մտերմացել: Համախոհներ էին, կես բառից հասկանում էին իրար, միմյանց առաջ բացում էին սրտի ամենաթաքուն անկյունները, միասին ապագայի ծրագրեր էին գծում:

…Այս հոդվածը կլիներ զինակից զինվորների մարտական ընկերության մասին, եթե չլիներ 44-օրյա պատերազմը: Ես կզրուցեի նաև Արմենի հետ, նա էլ, վստահ եմ, Արամայիսի ընկերասիրության ու նվիրումի մասին հուզիչ պատմություններ կպատմեր: Բայց Արմենը չկա, իսկ Արամայիսը դժվարանում է բառեր գտնել:

-Արմենն իմ ընկերն էր,- ասում է ու լռում: Հետո կրկնում է.

-Նա ընկեր էր, ուրիշ ընկեր, իսկական:

Արմենի ու Արամայիսի բանակային խաղաղ օրերի ընկերությունը կարճ տևեց:

-Ես բանակում, Արմենին ճանաչելուց հետո եմ իմացել, թե ինչքան մեծ նշանակություն ու արժեք կարող է ունենալ ընկեր բառը,- Արամայիսը վերջապես բռնում է զրույցի թելը,- շատ էի լսել մարտական ընկերության մասին, ծառայած տղաներն ասել էին, որ բանակում ամենաամուր ու անշահախնդիր ընկերությունն է ծնվում, բայց չէի պատկերացնում, որ մարտական ընկերդ կարող է քեզ իրենից վեր դասել, սեփական կյանքի գնով պաշտպանել կյանքդ…. Երբ Արմենին պատմում էիր քո անելիքների մասին, առաջին միտքը, որ ծնվում էր նրա գլխում, այն էր, թե քեզ ինչով օգնի: Որտեղ դժվարություն կար, Արմենն այնտեղ էր, առանց երկար-բարակ մտածելու՝ նետվում էր առաջ, որ հարվածն իր վրա վերցնի ու պաշտպանի կողքինին:

Ես ուզում եմ պատկերացնել Արմենին, նկարում նա շիկահեր է, բայց գույնի աչքերով, նուրբ, հայացքի մեջ ինչ-որ անբացատրելի ազնվություն կա, որ առինքնում է: Ես ուզում եմ հոգով «շոշափել» զինակցի համար նախատեսված հարվածն իր վրա վերցնելու առաքինությունն ու սխրանքը: Ուզում եմ հասկանալ՝ ընդամենը 18 տարեկան պատանուն որտեղի՞ց այդքան ներքին ուժ ու բարոյականություն: Ուզում եմ պատկերացնել, թե ինչ մեծ բարեբախտություն է նման մարդու մտերմությունը վայելելը:

-Մարտադաշտում որքան էլ ընկճված լինեիր, որքան էլ կռիվը ծանր լիներ, Արմենը կարողանում էր մի քանի բառով փոխել տրամադրությունդ: Չգիտեմ՝ իրականում այդքան լավատես էր, այդքան վստահում էր մեր ուժին, թե պարզապես ոգևորում էր մեզ, որ չհուսահատվենք: Նա մինչև վերջ չհրաժարվեց հաղթանակի հավատից ու զենքը վայր չդրեց:

Արամայիսն ու Արմենը մեկ ամիս ամենածանր կռիվների միջով անցան միասին, բայց չլքեցին իրենց դիրքը: Հոկտեմբերի 26-ին Արամայիսը վիրավորվեց գլխից, ընկավ կոմայի մեջ: Պատերազմն ավարտվեց նրա համար, իսկ Արմենը շարունակեց կռվել մինչև նոյեմբերի 9-ը:

-Արմենի ամբողջ նվիրումը, ընկերասիրությունը, քաջությունն ու հայրենասիրությունը բացահայտվեց պատերազմի ժամանակ,- ասում է Արամայիսը,- մինչև մյուսները չկշտանային, իր բաժին ուտելիքին ձեռք չէր տալիս: Թեժ կռիվների ժամանակ պատահում էր՝ սնունդ բերող մեքենան չէր կարողանում մոտենալ դիրքերին, այդ ժամանակ Արմենը իր բաժինը կիսում էր ուրիշների հետ: Եթե առաջադրանքը վտանգավոր էր, ինքն էր կատարում, ինձ, մյուսներին ասում էր՝ դու մնա թաքստոցում, դու խրամատից դուրս մի՛ արի, ես կգնամ:

Այդ օրը հերթական անգամ հակառակորդի տանկերն սկսեցին գրոհել մեր դիրքի վրա: Կենաց-մահու կռիվ սկսվեց բառի բուն իմաստով: Մենք և՛ զոհեր ունեցանք, և՛ վիրավորներ, բայց կարողացանք շարքից հանել հակառակորդի տանկերը: Երբ բոլոր տանկերը խփված էին, մենք էլ հանգստանում էինք դաժան մարտից հետո, հանկարծ Արմենը նկատեց մեր դիրքերին մոտեցած հակառակորդի զրահատեխնիկան, որի հետևից գալիս էր թվաքանակով մեզ մի քանի անգամ գերազանցող հետևակը: Արմենը վերցրեց նռնականետն ու, որքան էլ սպաները հրամայեցին մնալ խրամատում, դուրս եկավ, կանգնեց թմբի վրա ու սկսեց կրակել: Հակառակորդի զրահատեխնիկան քիչ անց անշարժացավ: Հետո մենք անցանք հակահարձակման: Ադրբեջանցիները սկսեցին անկանոն փախչել՝ մեծ թվով զոհեր թողնելով մարտադաշտում: Հրամանատարը համբուրեց Արմենի ճակատը, ասաց, որ նա փրկեց բոլորիս կյանքը, սխրանք գործեց ու արժանի է մեդալի:

ԻՄ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐԸԱրմենի վերջին կռիվը նոյեմբերի 9-ին էր, Շուշիի մատույցներում: Արամայիսը այդ ժամանակ հոսպիտալում էր, անձամբ չի տեսել, թե ինչպես է անմահացել մարտական ընկերը, բայց նրա վերջին օրերի մասին մեկ հոգու չէ, որ հարցրել է:

-Ասում են՝ Արմենը զոհվել է հրետանու հարվածից, մինչև կյանքի վերջին ակնթարթը կրակելով թշնամու վրա… ու չի նահանջել:

…Գիտեք, ես մի տեսակ թեթևանում եմ Արմենի մասին խոսելիս, ուժեղ եմ դառնում, ցավս մեղմանում է: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչպիսին էր իմ հերոս ընկերը: Իմ կարծիքով՝ Արմենի նվիրումը մարդկանց խաղաղ օրերին պակաս հերոսություն չէր: …Արդեն գիտեմ, թե ում օրինակով եմ դաստիարակելու ապագա զավակներիս, ում եմ դարձնելու նրանց հերոսը, ում ճանապարհով են նրանք գնալու: Ես ամեն ինչ անելու եմ, որ որդիներս սիրեն Արմենին ու հպարտանան նրանով: Եթե ամեն հայ փոքրիկ իր Արմենն ունենա, մեր ազգը հավերժ կապրի:

Հայրենիքի ազատության համար զոհված զինվորի կերպարը ամբողջացնելու համար ես զրուցում եմ նաև նրա ավագ եղբոր՝ Արկադիի հետ: Արամայիսը պատմեց, որ Արմենը պատերազմի դաշտից ամեն օր զանգում էր նրան, կրակի ամենաթեժ պահին ասում էր. «Ամեն ինչ լավ է, անհանգստանալու առիթ չկա, ես վերադառնալու եմ»:

…Երբ տալիս եմ եղբոր անունը, Արկադիի դեմքին մի տարօրինակ արտահայտություն է նկարվում՝ միահյուսված ցավ, սեր, հպարտություն…Նա անմիջապես սկսում է պատմել: Ասես՝ առիթի էր սպասում, որ բարձրաձայնի հոգում կուտակվածը:

-Ինձնից 15 տարով փոքր էր, ավելի շատ իմ որդին էր, քան եղբայրս: Ուր էլ գնայի, հետս տանում էի Արմենին: Փոքր տարիքից մեծավարի լուրջ էր, խաղաղ, զուսպ, կազմակերպված… Աստղով տղա էր, բոլորը սիրում էին նրան, բայց էդ սիրուց ոչ թե երես էր առնում, այլ ավելի լավն էր դառնում: Շատ ընկերներ ուներ, ընկերոջ համար իրեն կրակի կտար: Բայց ոչինչ չէր անում ցուցադրական: Իր թաքուն աշխարհն ուներ, իր երազանքները: Մի օր էլ տեսանք՝ բոքս է պարապում, դաշնամուր նվագել է սովորում…Ուզում էր մեծ մարզիկ դառնալ: Արմենն աշխատասեր էր, երբեք չէր խուսափում գործից, միասին շինարարություն էինք անում, տուն էինք նորոգում…

Ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի վայրկյան չընկճվեց, չտրտնջաց: Ասում էր՝ մենք հաղթելու ենք, ես էլ տուն եմ վերադառնալու:

Արմենի նման մարդիկ իրենց մահից հետո անգամ ավելի շատ են ներկա, քան ոմանք, որոնք ողջ են ֆիզիկապես: Նրանք Երկնքից ավելի մոտ են քեզ, որովհետև քո սրտում են, քո մտքում, քո ապրումների մեջ, դու նրանցից խորհուրդ ես հարցնում, սխալներիդ համար նրանցից ամաչում ես, հաջողություններդ նրանց հետ ես կիսում…

Վարդանյանների տանը Արմենի փառքի անկյունը հյուրասենյակում է: Այնտեղ Արմենի «պատերազմական» մեդալի կողքին մարզական մեդալներն են:

-Վերջին փամփուշտը գրպանում էր պահել, որ ինքն իրեն խփի, երբ գերի ընկնելու վտանգ զգա,- ասում է Արկադին,- բայց այն օգտագործելու կարիք չեղավ:

Փամփուշտը գտան զոհված զինվորի գրպանում, երբ նա արդեն անմահացած ու ամենամեծ փառքով «Եռաբլուր» էր գնում ռազմադաշտից:

…Ես փակում եմ աչքերս ու իմ մտապատկերում հառնում է արևոտ մի օր: Ես տեսնում եմ 44-օրյա կռվի մարտիկ Արամայիս Սիրականյանին՝ որդիների ձեռքը բռնած, «Եռաբլուրի» ճանապարհին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Ճակատագրեր


02/11/2023