Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԵԶԱԿԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴ



ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԵԶԱԿԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԲացառիկ լազերային վիրահատություններ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքում։ Եվրոպայից հրավիրված ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Հայաստանում մասնագիտական փորձն է փոխանցում հոսպիտալի բուժանձնակազմին։

-Ինձ հրավիրել է այն ընկերությունը, որն այս լազերային սարքավորումը ներդրել է հոսպիտալում։ Ամբողջ աշխարհում լազերային այս տեխնոլոգիայի կիրառումը իսկապես համարվում է վիրահատության նոր, եզակի ու ժամանակակից մեթոդ ուրոլոգիական ոլորտում, որն արդեն նաև Հայաստանում է գործում՝ զինվորական հոսպիտալում։ Եթե ավելի պարզ ասեմ՝ սա վիրահատական նորագույն մեթոդ է, որը թույլ է տալիս, օրինակ, լազերի միջոցով հեռացնել շագանակագեղձի բարորակ գերաճը, անկախ դրա մեծությունից,- մեզ հետ զրույցում ասում է Գեորգի Գեորգիևը:

Նորագույն վիրահատական մեթոդի կիրառման շնորհիվ բուժման բարձր արդյունավետության մասին են փաստում նաև բ.գ.դ., ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկին:

-Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքը համալրված է լավագույն բուժսարքավորումներով և իհարկե բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ինչն էլ իր հերթին  նպաստում է  բուժառուի արդյունավետ բուժման կազմակերպմանը։ Բուժծառայությունների փաթեթն ամբողջացնում է ուրոլոգիական բաժանմունքի նոր համալրումը, որն իր տեսակով եզակի է ամբողջ հանրապետությունում, իսկ կիրառման առանձնահատկություններին փորձի փոխանակման ծրագրի շնորհիվ հոսպիտալի բուժանձնակազմը տիրապետում է լիարժեք,- ասում է ուրոլոգիական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը:

-Շատերը կարծում են, որ շագանակագեղձի վիրահատությունը բավականին բարդ միջամտություն է՝ ծանր հետվիրահատական հետևանքներով։ Սակայն, բժշկությունը շատ է զարգացել, և այս նոր լազերային մեթոդը, կարող եմ ասել, շատ անվտանգ է, հիվանդին կարող են դուրս գրել նույնիսկ վիրահատության հաջորդ օրը։ Ինչ վերաբերում է այս հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքին, ապա ես հաճելիորեն զարմացած եմ թե՛ անձնակազմի մասնագիտական որակներից և թե՛ կիրառվող ժամանակակից բուժսարքավորումներից,- նշում է բուլղարացի հայտնի ուրոլոգ Գեորգի Գեորգիևը:

Լազերային նոր մեթոդով հոսպիտալում բարեհաջող իրականացվել է արդեն տասը վիրահատություն, ընթացքի մեջ են ևս մի քանիսը։ Ընդ որում, առողջական նմանատիպ խնդիրներ ունենալու դեպքում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունք կարող են դիմել ոչ միայն զինծառայողներն ու նրանց հարազատները, այլ նաև քաղաքացիական անձինք։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ազգային բանակ


26/10/2023