Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ



ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆԶրույց ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հետ

 

-Պարոն Թադևոսյան, վերջին շրջանում Դուք մեծ եռանդով ծաղիկներ եք նկարում: Դրանք հաճախ անբնական մեծ են, ընդգծված, գունեղ, ցնծուն: Այնպիսի տպավորություն է, որ ուրիշ աշխարհից են ու կապ չունեն մեր իրականության հետ:

-Ես նկարում եմ իմ երազանքները, նկարում եմ Հայաստանի ապագան: Ես իրավունք չունեմ տրվելու ցավին, իրավունք չունեմ ընկճվելու, որովհետև արվեստագետ եմ ու պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ: Սիլվա Կապուտիկյանը ասում էր՝ քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես:

-Մարդիկ Ձեզ հաճախ են տեսնում Հայաստանի ամենատարբեր մարզերում, բնության մեջ՝ փարված ծառ ու ծաղկին, քար ու հողին, ու Ձեր դեմքին մի աննկարագրելի ներշնչանք ու երանություն կա այդ ժամանակ:

-Հայաստանը ապրող-շնչող պատմություն է՝ բաց երկնքի տակ, ու անցյալը ներկա է ամեն քայլափոխին: Բնության մեջ սահմանները վերանում են, ու իմ Հայրենիքը ձգվում է դեպի անցյալ ու ապագա: Մենք մեծ ազգ ու մեծ երկիր ենք, եթե կարողանանք մեր կենսագրության ժառանգորդը լինել ու զգալ ակունքից եկող ուժը: Եթե նկատել եք՝ ես չեմ ընտրում բնության ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, այլ նկարում եմ Հայաստանի ամեն պատառիկը՝ ծառ, թուփ, տնակ, լեռ, անտառ… Ես Հայրենիք եմ նկարում: Իսկ Հայրենիքը չի լինում շքեղ կամ անշուք, սիրուն կամ տգեղ, Հայրենիքը լինում է սիրելի ու միայն սիրելի՝ իր բոլոր դրսևորումներում, որովհետև Հայրենիքը միակն է ու անփոխարինելին:

-Ի՞նչն է մեր ամենակարևոր անելիքը…

-Ես մշակույթի մարդ եմ, բայց ասում եմ, որ մեր երկրի ամենակարևոր կառույցը բանակն է, անկախ այն բանից՝ պատերազմ է սպասում մեզ, թե ոչ: Բանակը Հայրենիքի պաշտպանության մարմնացումն է: Այն պիտի պաշտամունք լինի յուրաքանչյուր հայի համար և մարմնավորի լավագույնը, որ ունի ազգը: Մեր ամրությունը, ուժը, հավատը ապագայի հանդեպ, հայրենասիրությունը, խիզախությունը բանակից պիտի գա:

Երբեմն բարձրանում եմ տղերքի մոտ: Նրանք էնքան հզոր են սահմանին: Բոլոր տագնապներս թոթափած, թևեր առած հետ եմ գալիս: Վերջում մի միտք կասեմ, թերևս մեր զրույցի ամենակարևոր միտքը. արժանի լինենք դիրքերում կանգնած քաջերին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Հոգևոր-մշակութային


16/10/2023