Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստում անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ահազանգը ուսումնական է:

ԶՈւ հրշեջները երկու մարտական հաշվարկով արագ ժամանում են դեպքի վայր: Ըստ զորավարժության սցենարի` օպերատիվորեն կապ է հաստատվում նաև ՆԳՆ փրկարար ծառայության հետ` լրացուցիչ ուժեր ներգրավելու համար:

Հրդեհի ջերմային ֆոնի պատճառով մոտակա զորանոցում տեղի է ունեցել նաև էլեկտրական մալուխների կարճ միացում` զգալիորեն մեծացնելով բռնկված հրդեհի ծավալները:  Նոր լրացուցիչ ուժեր ներգրավելու կարիք է առաջանում։  Հրդեհաշիջմանը զուգահեռ նաև փրկարարական աշխատանքներն են ընթանում: Դեպքի վայր է ժամանում հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող մարտական հաշվարկը: Հրդեհված տարածքում արգելափակված զինծառայողները արագ տարհանվում են և փոխանցվում բժշկական խմբին:

Հրդեհը մեկուսացվում է, ապա՝ մարվում: Առաջադրված խնդիրները կատարելուց հետո ներգրավված ուժերը  աստիճանաբար լքում են արտակարգ իրավիճակի վայրը:

Զորավարժության ղեկավար կազմի գնահատմամբ՝ վարժանքը ծառայեց իր նպատակին, և անհրաժեշտության դեպքում ԶՈՒ հրշեջներն ու ՆԳՆ  փրկարարական ուժերը պատրաստ են  համատեղ խնդիրներ կատարել օպերատիվ և արդյունավետ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/10/2023