Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵՏԱՐԱՆՈՑ



ԱՎԵՏԱՐԱՆՈՑԱվետարանոցը Արցախի ամենահին ու ամենանշանավոր բնակավայրերից է, եղել է մելիքանիստ կենտրոն: Գրավոր աղբյուրներում հիշատակվում է XVII  դարից, թեև գյուղում եղած պատմական հուշարձանները շատ ավելի հին են։ Ավետարանոց գյուղի մասին մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում, որ առաջինը ներկայացված է Սարգիս Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» գրքում։ Պատմում են, որ Վաչագան թագավորը չկարողանալով հանդուրժել պարսից Պերոզ արքայի վարած կրոնական քաղաքականությունը, մի Ավետարան է վերցնում և առանձնանում է այս բնակավայրում, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջին օրերը։ Վաչագան արքայի մահից հետո գյուղն անվանակոչվում է Ավետարանոց։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատության մեջ մյուս գյուղերի շարքում ներկայացնում է նաև Ավետարանոցը, նշում, որ գյուղի բնակիչները բնիկ են, հողը՝ մելիքական, օդը, եղանակն ու ջուրը՝ պատվական։

Ավետարանոց գյուղը տեղակայված է Արցախի կենտրոնական հատվածում՝ Ասկերան շրջկենտրոնից 40 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 23 կմ հեռավորության վրա։ Խորհրդային ժամանակներում գյուղը անվանել են Չանախչի։ Շրջապատված է Քիրս, Ղոնդիկ և Մավաս լեռներով։

XVII դարում Արցախը կիսանկախ պետական միավոր էր Սեֆյան Պարսկաստանի կազմում։ 1603 թ. Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի հրովարտակով Վարանդայի նոր մելիքության հիմնադիր է դառնում Վերին Խաչենի (Ծարի) Դոփյան իշխանատոհմի ճյուղերից մեկի՝ Մելիք Շահնազարյանների ներկայացուցիչ, Սոթքի Մելիք Շահնազար Ա-ի եղբայր Միրզա բեկը։ Նրան հաջորդած մելիքների վարած քաղաքականության արդյունքում իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքներում ամրապնդվում է հայկական մշակութային, քաղաքական ներկայությունն ու ինքնուրույնությունը։ 1747 թ. Պարսկաստանի Նադիր շահի սպանությունից հետո առաջացած քաղաքական անկայունության պայմաններում Մելիք Հուսեին Ա-ի կրտսեր որդի Շահնազարն սպանում է Նադիր շահից մելիք կարգված իր եղբորը՝ Մելիք Հովսեփին` չխնայելով անգամ նրա ընտանիքի անդամներին։ 1751 թ. Շահնազարը ապօրինաբար տիրանում է Վարանդայի մելիքական աթոռին։ Աննախադեպ այս սպանությունը Շահնազարի դեմ է հանում Խամսայի ավանդապահ մելիքներին։ Գյուլիստանի, Խաչենի, Ջրաբերդի և Դիզակի մելիքները միավորվելով՝ փորձում են վրեժխնդիր լինել դավաճան մելիքից։ Սակայն Շահնազարը պատսպարվում է Ավետարանոցում և անառիկ բերդավանի է վերածում այն։ Նա դաշնակցում է Արցախի մերձակա դաշտավայրերում հայտնված թափառական ցեղերի ցեղապետ Փանահին և նրան է տրամադրում Վարանդայի հնագույն ու անառիկ Շոշի բերդը (Քարագլուխ)։ Շահնազար Բ-ն 1786 թ. Ավետարանոցում կառուցում է ապարանք և նվիրում է իր ապօրինի թուրք կնոջից ծնված որդուն՝ Հուսեին բեկին։ Նա իր գործողությունը փաստում է շինարարական արձանագրությամբ։

1840 թվականից մինչև 1923 թվականը Ավետարանոցը եղել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո գյուղը ներառվել է Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից հետո Ավետարանոցն ընդգրկվել է Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի ցանկում։

ԱՎԵՏԱՐԱՆՈՑԱվետարանոցը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կուսանաց անապատ վանական համալիր, Կկվի բույն եկեղեցի, Ղևոնդյանց անապատ վանական համալիր, Սանա եղցե եկեղեցի, եկեղեցի Փափադեր գյուղատեղիում և այլն։

Ավետարանոց գյուղից դեպի հարավ-արևելք գտնվում է Արցախի անկրկնելի գոհարներից մեկը՝ Կուսանաց անապատ վանական համալիրը։ Արամ Ղանալանյանն իր «Ավանդապատում» նշանավոր աշխատության մեջ գրում է. «Այստեղ ժամանակին կույսեր են ապրել, դրա համար էլ կոչվել է Կուսանաց անապատ։ Երբ Աղա-Մահմեդ շահի սարվազները (զինվորները) գալիս են այս կողմերը, կույսերը թողնում են վանքը և փախչում են մոտակա անտառը։ Վանքում մնում է միայն նրանցից մեկը (կիսատ աղոթքը վերջացնելու համար)։ Երբ նա վերջացնելով իր աղոթքը ուզում է դուրս գալ վանքից՝ գլխին հանկարծ շողում է պարսիկ սարվազի թուրը։ Օգտվելով հաջող վայրկյանից՝ կույսը վազում է դեպի մոտակա բլրի գագաթը և այնտեղից իրեն նետում է ձորը։ Աներևույթ զորությամբ նա անվտանգ իջնում է գետնին և թաքնվում է անտառում»։

Կուսանաց անապատ եկեղեցու գավիթը Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունն էր, որտեղ հանգչում էին Մանուել վարդապետը, Մելիք Միրզան, Մելիք Հուսեինը, Մելիք Հովսեփը և նրանց կանայք։ Այս տոհմի պատմությունն է ներկայացված Միքայել բեկ Լալաբեկյան-Մելիք Շահնազարյանցի «Վասն ծագման Մելիք Շահնազարյանց տոհմին» երկում։

Կուսանաց անապատ վանքը, ըստ ավանդության, կառուցել է Վաչագան արքան V դարում, սակայն թշնամիների ասպատակիչ արշավանքներից ավերվել ու վերակառուցվել է հետագա դարերում։ Իր ծաղկման ու շենացման գագաթնակետը XVII-XVIII դարերն էին, երբ վանքը Արցախի նշանավոր գրչության կենտրոններից էր։ Մեծ վիպասան Րաֆֆին Արցախ կատարած իր ուղևորությունների ընթացքում եղել է նաև Ավետարանոց գյուղում և անձամբ տեսել է Կուսանաց վանքում Գայանե կույսի ծաղկազարդած Ավետարանը։ Իշխանական տոհմից սերող այս խիզախ հայուհու մասին ավանդազրույցը պատմում է, որ նա իր մոր՝ Աննայի հետ սպանել է Ավետարանոց ներխուժած թուրք զինվորներին և զորավարին, որը տեսնելով Գայանեի գեղեցկությունը, ցանկացել է կնության առնել նրան։ Գայանեն Կուսանաց անապատում իրեն նվիրել է գրչության արվեստին։ Նրա գրչագրած Ավետարաններից մեկն այժմ պահվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում։

Կուսանաց անապատ եկեղեցու տարածքում Խորհրդային Միության տարիներին տեղադրվել էր Ավետարանոց գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում  զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները  անարգել են հուշարձանն ու հարակից տարածքը։

Ավետարանոց գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1651 թ.։ Եկեղեցին հայտնի է իր բազմաթիվ գրչագրերով, մագաղաթյա Ավետարաններով ու խաչքարերով։ Եկեղեցում արծաթյա տուփերի մեջ պահվել են  Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների, Սուրբ Պանդալեոնի և կենաց փայտից մասունքներ։

Կկվի բույն եկեղեցու շրջակայքում առկա էին միջնադարյան գյուղատեղիի ավերակներ։ Ճարտարապետական առանձնահատկությունները, տարածքի խաչքարերի ու ժայռաքարերի ոճական յուրահատկությունները թույլ են տալիս հնավայրը թվագրելու XII-XIV դարերով։ Կկվի բույն մատուռ-եկեղեցին եղել է ուխտատեղի շրջակա գյուղերի բնակիչների համար: 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հնավայրի տարածքը եղել է ռազմական գործողությունների թեժ կետերից։ Պատերազմից հետո պատմական հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

ԱՎԵՏԱՐԱՆՈՑԱվետարանոց, Սարգսաշեն, Մոշխմհատ, Զարդարաշեն, Վերին Թաղավարդ գյուղերի մոտակայքում՝ բարձր լեռան կատարին է գտնվում Ղևոնդյանց անապատ վանական համալիրը, որ տեղացիներն անվանում են Ղոնդիկ։ Վանքի տարածքում առկա խաչքարերն ու եկեղեցու զարդանախշերը հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին կառուցվել է V-VII դարերում։ Ավերվել է արաբական արշավանքների ժամանակ և վերակառուցվել XIII դարում, այնուհետև հիմնահատակ կործանվել է և վերաշինվել մելիքների օրոք։ Ղևոնդյանց անապատ համալիրը խմբային հուշարձան է՝ բաղկացած եկեղեցուց, գավթից, զանգակատնից, կարասանման ջրհորից, երկհարկանի հյուրատնից՝ ուխտավորների համար և այգուց։ Իր ճարտարապետական հորինվածքով նման է Սուրբ Հակոբավանքին և Բռի եղցի եկեղեցուն։ Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ Սուրբ Ղևոնդ երեցի ազգականները Վարանդայում շրջելով՝ գտնում-բերում են սրբի մասունքները, մի բարձր լեռան կատարին ամփոփում են և եկեղեցի են կառուցում՝ ի նշան երախտագիտության։ Հայտնի է, որ այս վանքում են պահվել նաև Թադեոս առաքյալի, Հովհաննես Մկրտչի մասունքները։

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի՝ Հայաստանի Արևելից երկրի թագավոր Համամ Արևելցին (Հովհաննես Բագրատունի)՝ հանճարեղ մի այր, քերական ու ճարտասան, որ սուրն ու գրիչը պահում էր հավասար բարձրության վրա, մեկով պաշտպանում էր իր հայրենիքը, իսկ մյուսով լուսավորում էր մարդկանց հոգիները, թաղված է Ավետարանոց գյուղում։

Ավետարանոցում եղել է երեք մելիքական ապարանք՝ Մելիք Բաղիի, Մելիք Հուսեինի և Մելիք Շահնազարի։ Մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը ապարանքների ավերակները դեռ պահպանվում էին։ Ռուսական բանակի նշանավոր  գեներալ Վ. Մադաթովը ծնունդով այս գյուղից էր։ Մելիք Բաղիի ապարանքի վերին հարկը նրա նստավայրն էր։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ավետարանոց գյուղը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Հոգևոր-մշակութային


11/09/2023