Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները քննական հանձնաժողովի սպաների հրամանով մեկ առ մեկ կատարում են շարային վարժությունները։ Զենքով և առանց դրա իրականացվող այսօրինակ վարժությունների ընթացքում գնահատվում են ատեստավորվող զինծառայողի շարային կեցվածքը, հրամանների հստակ և ճիշտ կատարումը։

-Սպան իր պատրաստվածությամբ, իր գիտելիքներով պետք է լավ օրինակ լինի իր զինվորների համար,- ասում է մայոր Հակոբյանը՝ նկատելով, որ քննական այս գործընթացը զուգահեռաբար բարձրացրել է բանակի մարտական պատրաստության աստիճանը, քանի որ բոլորը, առանց բացառության, ձգտում են անել առավելագույնը՝ ատեստավորմանը լավագույնս հանդես գալու համար։ -Սկսել ենք ավելի հաճախակի ու ավելի ջանադրաբար զբաղվել ֆիզիկական պատրաստությամբ, շատերը սկսել են հետևել իրենց սննդակարգին։ Անձամբ ես իմ օրինակով եմ զգում, որ բոլոր առումներով ավելի պատրաստված եմ դարձել։

Ատեստավորմանը պատշաճ է նախապատրաստվել նաև մայոր Ավագ Ավայանը։

-Մեկնարկած գործընթացը, կամա թե ակամա, պարտադրում է զինծառայողներին է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձնել չորս հիմնական առարկաներին՝ մասնագիտական գիտելիքներին, կրակային, շարային և ֆիզիկական պատրաստությանը։ Այս ամենը նպաստեց, որպեսզի սպան ավելի հետևողական լինի իր մասնագիտական որակների բարելավման խնդրում: Անգամ այս շոգ եղանակին սպաները վաղ առավոտից արդեն զբաղվում են իրենց ֆիզիկական պատրաստությամբ,- մեզ հետ զրույցում ասաց մայոր Ավայանը:

Զորավարժարաններից մեկում էլ ընթանում է ատեստավորմանը ներգրավված զինվորականների կրակային պատրաստության քննությունը, որի ընթացքում սպաներն ու պայմանագրային զինծառայողները մեկը մյուսի հետևից մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով խոցում են թիրախները։

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ-Դիպուկ կրակելու մեջ գաղտնիք չկա: Պիտի նշանառես, լինես ուշադիր և վարժությունը ճշգրիտ կատարես: Քննաշրջանին պատշաճ հանդես գալու համար հարկ է զինվորական համազգեստ կրելու առաջին իսկ օրվանից անդադար զբաղվել ինքնակատարելագործմամբ, մարտական և ֆիզիկական պատրաստության առումով օրինակ դառնալ ենթակաների համար։ Ժամանակի առումով, իհարկե, մեկ ամիսը շատ քիչ է ատեստավորմանը պատրաստվելու համար։ Ամիսներ շարունակ պետք է պատրաստվես, աշխատես քո նախկին ցուցանիշների բարելավման ուղղությամբ,- ասաց կրակային պատրաստության քննությունը գերազանց հանձնած ավագ սերժանտ Շուշանյանը:

Իր ուժերի և գիտելիքների հարցում վստահ է նաև մայոր Սարգսյանը։ Ատեստավորման շեմը հաղթահարելու մեջ նա որևէ դժվարություն չի տեսնում, քանի որ քննական բոլոր առարկաներն էլ փաստացի այն հիմնասյուներն են, որոնց հետ զինվորականներն առնչվում են ամեն օր։

-Ատեստավորումը հանձնում ենք այնպես, ինչպես առօրյայում մեր ծառայողական պարտականությունն ենք կատարում։ Ոչ մի բարդություն չկա: Ցանկացած պաշտոնի նշանակվելիս ես միշտ ձգտել եմ իմ պարտականությունները լիարժեք ու լավ կատարել։  Շատ լավ եմ տրամադրված ատեստավորման քննություններին, բարձր արդյունքներ եմ գրանցել ու այդպես էլ շարունակելու եմ,- վստահեցրեց մայոր Սարգսյանը:

Առհասարակ, խոսելով ատեստավորման գործընթացի մասին, զինվորականներն ընդգծում են, որ քննական շեմը հաղթահարելը դժվարություն չի ներկայացնում այն զինվորականների համար, որոնք ծառայողական առօրյային զուգահեռ մշտապես զբաղվել են ինքնապատրաստությամբ, կատարելագործել իրենց հմտություններն ու կարողությունները:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/09/2023