Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ Է



ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ ԷՕգոստոսի 21-ից 27-ը տեղի ունեցան ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Թիմային հաշվարկով պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց պաշտպանության նախարարության հավաքական թիմը։

Անհատական մրցապայքարում և տարբեր մրցաձևերում առաջին երեք հորիզոնականները  զբաղեցրած մասնակիցներն արժանացան մեդալների, պատվոգրերի և դրամական խրախուսանքների։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող հինգ կին զինծառայողներից երեքը, որոնք բոլորն էլ մրցանակային տեղեր զբաղեցրին, կանանց հրաձգային գումարտակի զինծառայողներ են։ Մրցակցային լարված պայքարով ընթացած խաղերի մասին աղջիկները ոգևորությամբ են արտահայտվում։ Համոզված են՝ խաղերը ոչ միայն առիթ էին մեկ անգամ ևս փորձարկելու և գործնականում ապացուցելու իրենց արհեստավարժությունը, այլև լավ հնարավորություն՝ մոտիկից ճանաչելու ուժային մյուս կառույցների գործընկերներին, ամրապնդելու համագործակցությունն ուժային կառույցների միջև։ Հրաձգային գումարտակի աղջիկներն իրենց հաջողությունը պայմանավորում են առօրյա վարժանքներով, ստորաբաժանումում հաստատված յուրահատուկ դրվածքով ու պատրաստվածությամբ։

 

ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ Է-Այս տարի ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված ուժային և իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև մրցույթը շատ բարձր մակարդակով  անցկացվեց,- ոգևորությամբ պատմում է Արմինեն: -Պաշտպանության նախարարությունը նմանօրինակ միջոցառումների կազմակերպման ասպարեզում մեծ փորձ ունի: Այս բանակային խաղերի ընթացքում մենք կրկին ապացուցեցինք, որ պաշտպանության նախարարությունն իր հմտություններով և կարողություններով առաջատարն է. ՊՆ թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Մենք էլ՝ կանանց գումարտակի մեր զինծառայողներով, կարողացանք պատվով հանդես գալ անհատական մրցաձևերում և ներդրում ունենալ այս հաղթանակում,- ասաց հրաձգային գումարտակի շտաբի պետ, համաբանակային և միջազգային տարբեր մրցույթների հաղթող, կապիտան Արմինե Գրիգորյանը։

Արմինեն մասնակցել է քառամարտին՝ նռնակի նետում նշանակետին, հարյուր մետր վազք, 1 կմ վազք և իրանի ծալում-տարածում։ Չորս վարժություններից էլ ամենաբարձր արդյունքներն է գրանցել ու դարձել չեմպիոն։

-Շատ կարևոր է, երբ դու հաղթում ես, ու բոլորն ընդունում են քո հաղթանակը, սակայն ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ մեծ դժվարություններով պետք է անցնել՝ նման արդյունքի հասնելու համար։ Այդ հմտությունները մշակվում են տարիների ընթացքում՝ աշխատասիրությամբ ու նվիրումով,- ասաց կապիտան Գրիգորյանը։

Արմինեն դեռ դպրոցական տարիքից միշտ մասնակցել ու հաղթել է ՆԶՊ-ի օլիմպիադաներում, մրցույթներում։ Զինվորական գործի նկատմամբ բուռն հետաքրքրությունն ու սերը Արմինեին ի վերջո մղել են  ընտրելու այս մասնագիտությունը։ Սահմանամերձ գյուղի բնակիչ լինելն էլ իր դերն է ունեցել։

-Էյֆորիկ սիրով էի կապված զինծառայությանը։  Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Իհարկե, այն ժամանակ չէի պատկերացնում զինվորական գործի բարդությունները, բայց  դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։

Ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին:

-Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք մասնագիտությունդ  գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել։

Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Վստահաբար՝ սեփական օրինակով կարող է  վարակել ենթականերին։

-Ենթականերդ պետք է հասկանան, որ զինծառայությունը  գաղափարական գործ է, որին պետք է անմնացորդ նվիրվել։ Թերացումներն այստեղ անընդունելի են,- համոզված է Արմինեն:

Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արմինեն տարիներ շարունակ ծառայել է սահմանամերձ, առաջին կարգի  զորամասում։

-Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Խստապահանջ ու սկզբունքային պետք է լինել նախ սեփական անձիդ նկատմամբ։ Հաստատակամությամբ հասա նրան, որ իմ ենթակաների մեջ էլ  գիտակցված վերաբերմունք մշակվեց զինվորական բոլոր պահանջների հանդեպ։ Իմ ենթակայության տակ բացառապես ժամկետային զինծառայողներն էին։ Ընդամենը 21 տարեկան էի, ունեի նաև տարիքով ինձանից մեծ զինվորներ: Երբեմն կատակով ասում էին. «Որ զորացրվենք՝ ի՞նչ ենք պատմելու մեր ընկերներին։ Որ դասակիս հրամանատարը աղջի՞կ էր»։  Լավ սպան նա է, ում զինվորները սիրում են ու միաժամանակ հարգում։ Սպան չի կարող, ինչպես տղաներն են սովոր ասել՝ «ախպեր» լինել, քանի որ նա այն անձն է, որին աներկբա վստահում են, որի ետևից մարտի ժամանակ գնում են:

Խստությունը ցանկացած զինվորական կոլեկտիվի ու նաև մեր այսօրվա կանանց հրաձգային ստորաբաժանման կարևոր նախապայմաններից է։ Շատ կարևոր են այն արժեքները, որ դավանում  են տվյալ ստորաբաժանումում։ Մեր դեպքում դրանք են՝ հայրենասիրությունը, նվիրումը զինվորական գործին և նպատակասլացությունը։ Այժմ մենք փորձում ենք այնպիսի ստորաբաժանում հիմնել, որտեղ ծառայության անցնելն աղջիկները պատիվ կհամարեն։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, նրանք, որ գիտակցում են՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր բարդ իրավիճակում է, որ «ազգ-բանակը» միայն խոսք չէ, և որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար։ Կարևոր են հատկապես կամային որակները։ Քանի որ աղջիկները ֆիզիկապես  զիջում են տղաներին, պետք է առավել աշխատասեր լինեն, որ կարողանան դեռ մի բան էլ գերազանցել նրանց,- իր դիտարկումներով մեզ հետ կիսվեց երիտասարդ սպան:

Ընդունված է կարծել, թե զինծառայող կինը չի կարող լավ տանտիկին լինել։ Իրականում, փորձը ցույց է տալիս, որ ամուսնացած զինծառայող կանանց ընտանիքներում երեխաներն ավելի կազմակերպված են մեծանում։

-Լավ մասնագետ լինելու համար թե՛ կնոջ, թե՛ տղամարդու համար կարևոր հատկանիշներ են համեստությունն ու աշխատասիրությունը։ Միայն իրապես ուժեղ մարդիկ են կարողանում համեստ լինել։ Թույլերն են փորձում ամեն կերպ աչքի ընկնել,- համոզված է Արմինեն:

Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։

 

***

ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ ԷՀրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ամալյա Գևորգյանը զինված ուժերում է 2014 թվականից, իսկ կանանց գումարտակում ծառայում է 2023 թվականի սկզբից, նախ՝ որպես դասակի հրամանատար, այնուհետև՝  վաշտի հրամանատարի տեղակալ։ Ամալյան հպարտությամբ է խոսում բանակային խաղերում իրենց աղջիկների գրանցած արդյունքների մասին:

-Միայն մեր կանանց ստորաբաժանումից երեք մրցանակակիրներ եղան, որոնցից երկուսը առաջին տեղը զբաղեցրին։ Հրաձգության մրցույթում ես «Մակարով» տեսակի ատրճանակից երրորդ հորիզոնականը զբաղեցրի, բայց գոհ եմ, քանի որ այլ ուժային կառույցներից շատ լավ պատրաստված մրցակիցներ ունեի։ Բանակային խաղերը մեծ հաջողություն ունեցան ու ծառայեցին իրենց նպատակին՝ հաստատեցին, որ մեր երկրի բոլոր ուժային կառույցները տիրապետում են անհրաժեշտ որակներին, պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։

Խոսելով իրենց ստորաբաժանման՝ հրաձգային գումարտակի մասին, Ամալյան ասաց.

-Կարծիքն այն մասին, թե կնոջ տեղը բանակում չէ, վաղուց արդեն ժամանակավրեպ է։ Իրականում, կանանց գումարտակի փորձը ցույց է տալիս, որ այն կարծրատիպը, թե կանայք միասին չեն կարող նորմալ ծառայել, լավ կոլեկտիվ ձևավորել, որ կան զուտ կանացի բնավորության գծեր, որոնք թույլ չեն տա լավ կոլեկտիվ ձևավորել, թյուր է ու սխալ: Ամեն ինչ կախված է գրագետ, ճիշտ ղեկավարումից։ Կոլեկտիվի ղեկավարը, սպան պետք է լինի խելացի, կիրթ անձնավորություն, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ տալու հետ մեկտեղ կարողանա անձնակազմի անդամների միջև ճիշտ փոխհարաբերություններ ձևավորել։ Մեր հրամանատարությունը հենց այդպիսին է։

Կինը մայր է, դուստր, օջախի պահապան, և անկախ նրանից՝ զենք կվերցնի, թե մեկ այլ ծառայության մեջ ներգրավված կլինի զորքերում, նրա դերը զորամասում անգնահատելի է։ Կին լինելը նրան լրացուցիչ ուժ, հաստատակամություն և բարձր դիմադրողականություն է հաղորդում։ Զինվորագրվող կինը գիտի՝ հանուն ինչի է դիմում այդ քայլին։ Մարտունակությունը, մարտական ոգին, կարծում եմ,  կնոջ մեջ ի բնե կան։ Այստեղ՝ կանանց գումարտակում,  կին զինծառայողներին սպորտային առողջ ապրելակերպով ապրելու, ավելի ինքնավստահ, ուժեղ լինելու, կարծրատիպեր կոտրելու հնարավորություն է տրվում, նաև՝ գործով ապացուցելու, որ բանակը նաև կնոջ տեղն է։

 

***

ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ ԷԴասակի հրամանատար, լեյտենանտ Մարի Մայիլյանը հինգ ամիս է, ինչ ծառայում է հրաձգային գումարտակում։ 2015 թվականից ծառայության է անցել զինված ուժերում, ծառայել հիմնականում սահմանամերձ գոտիներում, իրականացրել մարտական հերթապահություն։

-Երբ դիմեցի կանանց գումարտակում ծառայության անցնելու համար, գնահատեցին նախկին ծառայողական փորձս, ընդառաջեցին,- ասաց լեյտենանտ Մայիլյանը, որը բանակային խաղերում ծավալված մրցապայքարում «կողմնորոշում» մարզաձևից լավագույն ցուցանիշներ է գրանցել, դարձել չեմպիոն, դրամական խրախուսման արժանացել։

-Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացա մեր գումարտակի շտաբի պետ, կապիտան Արմինե Գրիգորյանից։ Սկզբում փորձում էի խուսափել՝ մտածելով, որ պատասխանատվությունը շատ մեծ է։ Բայց նա ինձ անընդհատ ոգևորում էր, ասելով. «Վստահ եմ, որ դու կարող ես»։ Մասնակցեցի մրցույթին ու գերազանցեցի բոլոր սպասելիքները։ Վարժության պահանջը քարտեզով և կողմնացույցով տարածքում կողմնորոշվելն էր։ Մատիդ տեղադրված չիպով հպվում ես քարտեզում նշված տեղանքի համապատասխան կետերին՝ արձանագրելով, որ եղել ես տվյալ վայրում։ Նախկին ծառայողական փորձս ինձ, իհարկե, շատ օգնեց, երբ սաղարթախիտ անտառում գտնում էի անհրաժեշտ տեղանքը։ Վարժության կատարման համար հատկացված  2 ժամից ես օգտագործեցի ընդամենը 26 րոպե 2 վայրկյանը՝  անցնելով մոտ 5 կմ տարածություն։ Կարելի է ասել՝ գերարագ ու ճշգրիտ կատարեցի վարժությունը։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող հինգ  կին զինծառայողներից 4-ը հաղթող դարձան։ Հպարտ եմ մեր աղջիկներով և ՊՆ թիմի մեր մյուս բոլոր ծառայակից ընկերներով։

Մարին ծնունդով սահմանամերձ գյուղից է։ Հայրը նախկին զինվորական է, իսկ մայրը, քաղաքացիական բուժծառայող լինելով, մարտական գործողությունների ընթացքում միշտ ներգրավված է եղել վիրավոր զինծառայողների բուժման գործում։ Ծնողները սկզբում դեմ են եղել Մարիի զինվորական դառնալու որոշմանը, բայց հետագայում համակերպվել են, իսկ այժմ արդեն շատ են հպարտանում իրենց զինվորական դստեր հաջողություններով։

-Ես՝ որպես զինծառայող, ինձ շատ գնահատված եմ զգում թե՛ ծնողներիս, թե՛ ընկերներիս կողմից, և սա, իհարկե, շատ ոգևորիչ է։ Սկզբում մի քիչ բարդ էր ինձ համար այս գումարտակում։ Տղաների հոգեբանության մեջ ժամկետային զինծառայությունից սկսած արդեն հաստատվում է պաշտպանի հոգեբանությունը, նրանք կոփված են, սովոր են կարգուկանոնի։ Իսկ քաղաքացիական կյանքից եկող աղջիկների մոտ ռոմանտիզմը շատ է։ Ես էլ էի այդպիսին, երբ տասնութ տարեկանում զորքեր եկա։ Անչափ շնորհակալ եմ հրամանատարներիս, որոնց շնորհիվ ձևավորվեցի որպես զինվորական մասնագետ։  Հիմա արդեն ինքս եմ իմ փորձը, գիտելիքները փոխանցում ենթականերիս։ Կանանց գումարտակը այժմ համալրվում է խելացի, պատրաստված աղջիկներով։ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով ժամկետային զինվորական ծառայության անցնելու ծրագիրը։ Եվ մենք լիահույս ենք, որ մեր օրինակը վարակիչ կլինի նաև քաղաքացիական կյանքից մեր այն աղջիկների համար, որոնք միշտ երազել են զինվորական համազգեստ կրելու և Հայրենիքի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու մասին։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/09/2023