Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԽԱՉԸ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԽԱՉԸՏարիների հեռվից ուրվագծվող պատկերները նման էին սև ու սպիտակ ֆիլմի: Աղոտ ու անիրական: Մինչդեռ մանկությունը պիտի վառ ու գունավոր լիներ: Գուցե ժամանակն էր տարել գույները, կամ գուցե գույներ չէին էլ եղել ապաստարանի համատարած գորշության մեջ, որտեղ անցավ մանկությունը:

…Այդուամենայնիվ, կարուսելը գունավոր էր: Ինքը շատ լավ հիշում է խայտաբղետ կարուսելի պտույտները, երբ քամին խփում էր դեմքին, խշշում ականջների մեջ: Հետո…աղմուկը մեկեն շատացավ: Մարդիկ սկսեցին գլխապատառ այս ու այն կողմ վազել: Մոր հայացքը վախեցած էր, աչքերի մեջ արցունք կար: Ասում էին՝ Շուշիից են ռմբակոծել Ստեփանակերտը: Դա ադրբեջանցիների առաջին հարձակումն էր: Այդ օրը կյանքը տեղափոխվեց նկուղ, ու բոլորն սկսեցին միասին ապրել:

Հայրը պատերազմի դաշտում էր, առհասարակ, նկուղում տղամարդ չկար, միայն կանայք էին, երեխաներն ու ծերերը, և մանկության ամենակարևոր բառերը մորից էր լսում: Մայրն ասում էր, որ միասին ամեն դժվարության կդիմանան: Թշնամին ինչքան էլ ուժեղ լինի, միասին կհաղթեն նրան: Միասին չեն վախենա, երբ գետինն սկսի ցնցվել ռումբերի պայթյունից: …Իսկ նկուղում ամեն ինչ միասին էր. միասին էին ճաշում, միասին էին խաղում, միասին էին խոսում պատերազմից: Բայց միասին բառը, որքան էլ կարևոր լիներ, նկուղում ամենից հաճախ լսվող բառը պատերազմն էր: Երբեմն հայրը գալիս էր նկուղ: Պատերազմից էր գալիս, զինվորական համազգեստով ու այնքան պինդ էր սեղմում կրծքին, որ ինքը կորչում էր հոր գրկում: Առհասարակ, երբ ռազմաճակատից որևէ մեկը գալիս էր նկուղ, միանգամից ապաստարանը լցվում էր ծիծաղով ու խնդությամբ: Հետո բոլոր տղաներն ասում էին՝ երբ մեծանամ, զինվորական եմ դառնալու: Զինվորական բառը մանկության ամենակարևոր բառերից էր, որը այդպես էլ մնաց հոգու ամենատաք անկյունում: Ու մի օր էլ երազանքն իրականացավ:

Կախիչից երկու համազգեստ էր կախված, մեկը՝ կանաչ, մյուսը՝ սպիտակ, իսկ աշխատասենյակի դռան վրա գրված էր՝ զորամասի բժիշկ, լեյտենանտ Դավիթ Մկրտչյան: Նույնիսկ ամենադժվար պահերին չէր կասկածում, որ ճիշտ ընտրություն է արել: Դա աշխատանք չէր, տարերք էր, որ հոգնությունը դարձնում էր հաճույք, նվիրումը՝ կենսաձև: Իր առաջին հիվանդի հետ ուսանող ժամանակ էր հանդիպել ու հենց էդ ժամանակ էր զգացել առաջին թրթիռը՝ բժշկի անբացատրելի կապը հիվանդի հետ, որի մասին այդքան խոսում էին փորձառու մասնագետներն ու դասախոսները: Հիվանդի անունը Մակար էր: Մինչ օրս մտերիմ են, կապը չի կտրվում: Մակարն առաջինն էր, որ իրեն ասաց՝ իմ բժիշկը: Իմ: Հենց էդ օրը ինքը բժիշկ դարձավ: Լավ ու վատ բժիշկ չկա, կա բժիշկ, և կա մարդ, որը գուցեև բուժում է, բայց բժիշկ չէ: Սա իր սահմանումն է: Զորամասում հասկացավ, որ ամեն ինչ նոր է սկսվում: Ու ինքը նման է շախմատ խաղացողի, որին միայն քայլերն են սովորեցրել, մնացածը պիտի ընթացքում յուրացնի: Առանց սխալվելու, ոսկերչական ճշգրտությամբ… Բժիշկները հենց այդպես էլ ասում են՝ ոսկե րոպեներ, երբ պետք է արագ ու ճիշտ ախտորոշես հիվանդությունն ու ապահովես առաջին բուժօգնությունը: Դրանից զինվորի կյանքն էր կախված:

…Մի անգամ զինվորը զենքը մաքրելիս պատահաբար կրակել էր իր պարանոցին: Ինքը 25 տարեկան էր այդ ժամանակ և պիտի կարողանար վայրկյանների ընթացքում կանգնեցնել արյունահոսությունը, այլապես զինվորի կյանքը փրկել չէր հաջողվի: Րոպե առ րոպե հիշում է իր ապրումները, իր համառ պայքարը, երբ արյունը շարունակում էր հոսել սեղմիչի տակից… Զինվորն ապրեց: Այսպիսի փոքր ու մեծ հաղթանակներից է ամբողջանում բժշկի կյանքը: Ու կասկած չկար, որ ինքը սիրում է էդ կյանքը, ուրիշ կյանք չի պատկերացնում իր համար:

Յուրաքանչյուր նոր պաշտոնի հետ պատասխանատվությունն ավելի էր մեծանում, աշխատանքը բազմապատկվում էր, ու ինքն իրենից ավելին էր պահանջում: «Եթե բժիշկը հասցրել է հիվանդին ողջ տեսնել, եթե հիվանդի սիրտը դեռ բաբախում է, ուրեմն՝ ապրելու հնարավորություն կա, ուրեմն՝ պիտի ապրի»,- սա իր սահմանած նշաձողն էր, իր վերելքի ճանապարհը՝ դժվար, ջանքերով ու հույզերով լի:

…Օրդինատուրան ավարտեց սեպտեմբերի 25-ին, երկու օր անց սկսվեց 44-օրյա պատերազմը: Ամսի 30-ին արդեն Մեխակավանի հոսպիտալում էր, նշանակվեց հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բուժմասի պետ:

…Ցերեկ ու գիշեր չկար, ոչ ոք չէր նկատում, թե օրը երբ է սկսվում ու երբ ավարտվում: Վիրավորների չդադարող հոսքն ստիպում էր չլսել կողքին պայթող ռումբերի դժոխային աղմուկը, մոռանալ փայտացած մկանների տնքոցն ու հոգու ցավը, և քանի դեռ ի վիճակի էիր ոտքի վրա մնալ, պիտի փրկեիր Հայրենիքի ազատության համար հակառակորդի հետ կենաց-մահու կռիվ տված քաջերին: Հոսպիտալի անձնակազմից մեկը զոհվեց, 4-ը վիրավորվեցին, բայց մյուսները շարունակեցին մարտը՝ հանուն զինվորների կյանքի: Մի քանի անգամ ստիպված եղան փոխել հոսպիտալի տեղակայման վայրը, ծանր կորուստներ ունեցան, բայց հաղթանակի հանդեպ հավատը երբեք չերերաց: Ու գուցե հենց այդ հավատն էր ուժ տալիս և այն մարտիկների հոգու արիությունը, որոնք վերջին ուժերով պայքարում էին սեփական կյանքի համար, հետո անտեսելով բժիշկների հորդորները, բուժումը լիովին չավարտած՝ վերադառնում էին առաջնագիծ, որ այդ կյանքը, որպես փրկագին, տան Հայրենիքի ազատության համար:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԽԱՉԸԵրբեմն կեսքուն-կեսարթուն՝ աչքերի առջև հայտնվում էր մանկության ապաստարանը: Երազն ու իրականությունը խառնվում էին իրար: Ինչ-որ մեկն ասում էր՝ քաղաքացիական բժիշկներից նոր համալրում ենք ստացել, հետո լսվում էր մոր ձայնը՝ միասնականությունը ամենամեծ ուժն է… Իրենց միասնականությունը չխարխլվեց նույնիսկ այն ժամանակ, երբ Մեխակավանի հոսպիտալը լուծարվեց, ու անձնակազմը ծառայության անցավ տարբեր ստորաբաժանումներում: Որտեղ էլ լինեն՝ իրենք մի թիմ են, զինակիցների անքակտելի խումբ, ու իրենց կապում են 44-օրյա պատերազմի ծանր ու սխրալի օրերը, երբ հաղթանակներն ու պարտությունները, ցավերն ու ուրախությունները, պայքարն ու զրկանքները բոլորինն էին հավասարապես:

Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետի բուժգծով տեղակալի, բուժմասի պետի պաշտոնն ստանձնելիս գիտեր, որ հեշտ չի լինելու: Հոսպիտալի ծառայություններից միայն զինծառայողները չեն օգտվում, այլեւ մարզի քաղաքացիական բնակչությունը: Հոսպիտալը համալրված է ժամանակակից սարքավորումներով, իսկ բժիշկները իրենց մասնագիտական որակները բարձրացնում են որոշակի հաճախականությամբ…Դժվարը հիվանդի հետ շփումն է՝ սկսած առաջին վայրկյանից մինչև բուժման ավարտը: Դժվարը հիվանդի վստահությունը շահելն է, հավատացնելը, որ բժիշկը մինչև վերջ պայքարելու է իր կյանքի համար: Դժվարը հիվանդին լավատեսություն ներշնչելն է և համոզելը, որ առանց հուսահատվելու բժշկի հետ կռիվ տա հիվանդության դեմ: Իսկ ամենադժվարը հիվանդի սպասելիքներն արդարացնելն է, երբ նա քեզ հրաշագործ է համարում և ամբողջ հույսը դրել է քեզ վրա: Երբ ասում է՝ փրկի՛ր, բժի՛շկ, ու դու այդ պահին պատրաստ ես կյանքդ տալու նրա համար, բայց ամենակարող չես…

…Գուցե եսասիրություն է, բայց կուզենար զինվորական բժշկի իր ծանր խաչը փոխանցել որդուն: Մասնագիտություններից ամենադժվարը, բայց ամենամարդասիրականն ու ամենաշնորհակալը: Կուզենար, որ որդին զգար ուրիշի ցավը ամոքելու բերկրանքն ու ցավին հաղթելու հպարտությունը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Ազգային բանակ


04/09/2023