Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆՍեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիսավոր միտինգով և զինվորական կարգով ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին իրենց լավագույնս դրսեւորած մի խումբ զինվորականներ։  Կուրսանտներին շնորհավորեց և խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի մաղթեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը։ Ընդգծելով բանիմաց ու գրագետ սպայի դերն ու նշանակությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում՝ գնդապետ Երոյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ուսումնական նոր փուլի կապակցությամբ ակնկալում եմ, որ բոլորս մեր ջանքերը կենտրոնացնելու ենք՝ ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և արդի գիտելիքներով զինվելու ուղղությամբ, որոնք կիրառվելու են մեր զինված ուժերի զարգացման ու արդիականացման նպատակով։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում բարի ծառայություն և բարի երթ նոր ուսումնական փուլում»։

ՀՀ ՊՆ  Վ. Սարգսյանի անվան ռազմական  ակադեմիայում սեպտեմբերի 27-ին կայացել էր կրթօջախի կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:

Նորաթուխ կուրսանտները երդվել են  ջանք ու եռանդ չխնայելով՝ նվիրվել իրենց ընտրած զինվորական մասնագիտությանը լիարժեք տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու գործին։

Ռազմական ակադեմիայի պետի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը նշեց.

-Ասում են՝ ինչպես սկսես ուսումնական տարին, այնպես էլ այն կանցնի։ Բոլորս մեծ ակնկալիքներով ենք սկսել այս ուսումնական տարին։ Հաշվի առնելով նաև ներկայիս մարտահրավերները, աշխարհի առջև ծառացող տարատեսակ խնդիրները՝ մենք ձգտում ենք ուսուցման գործընթացը կազմակերպել արդի պահանջներին համահունչ։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ  յուրաքանչյուր տարի, զինված ուժերի շարքերը համալրելիս, մեր շրջանավարտները լինեն է՛լ ավելի բանիմաց, գրագետ ոչ միայն բուն զինվորական գործում, այլև՝ բոլոր առումներով։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այստեղ ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են նաև հումանիտար առարկաներ, կուրսանտներն այցելում են տարբեր պատմամշակութային վայրեր՝ օպերա, բալետ, թատրոն ու թանգարան, խորապես ծանոթանում  հայկական մշակույթին, մեր հոգևոր արժեքներին։ Այս ամենի նպատակն է, որ վաղվա սպան լինի բոլոր առումներով պատրաստված, բազմակողմանիորեն զարգացած։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԳնդապետ Մարտիրոսյանը գոհունակությամբ նշեց  նաև, որ այս տարի ռազմական ակադեմիայի դիմորդների  թիվը բավականին բարձր է եղել:

-Ընդունելության արդյունքները գոհացուցիչ են։ Ակնհայտ է, որ տարեցտարի մեր բնակչության շրջանում ռազմական գործի հանդեպ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջանում։ Բարձրանում է մեր ազգաբնակչության շրջանում ռազմական գործի կարևորության գիտակցումը։ Պաշտպանության նախարարի կողմից առաջարկված տարբեր սոցիալական, բնակարանային և այլ հնարավորություններ ու առավելություններ ընձեռող  ծրագրերն իրենց հերթին կարևոր դեր են կատարում ապագա սպաների մասնագիտական կողմնորոշման հարցում, առավել գրավիչ դարձնում զինվորական գործը։

-Սեպտեմբերի 1-ին բոլորը մեծ խանդավառությամբ են նախապատրաստվել, պարապմունքները մեկնարկել են բարձր մակարդակով։ Անձնակազմի տրամադրությունը բարձր է, լավատեսորեն ու պատրաստակամությամբ են տրամադրված դասապրոցեսին և խոստացել են ուսումնական գործընթացը սկսել ու ավարտել միմիայն բարձր առաջադիմությամբ,- ասաց գնդապետ Մարտիրոսյանը։

Սեպտեմբերի 1-ին ռազմական ակադեմիայում ուսանող ապագա սպաները զբաղեցրին իրենց կուրսանտական նստարանները։ Թե ինչպիսի զգացողություններով են սկսել ուսումնական տարին՝ հետաքրքրվեցինք կրթօջախում իրենց առաջին քայլերն անող կուրսանտներից։

-Զինվորականների ընտանիքից եմ,- մեզ հետ զրույցում ասաց կուրսանտ Ժորա Ավջյանը,- դեռ փոքրուց գիտեմ զինվորական համազգեստի նշանակությունը, զգացել եմ զինվորական կարգապահության կարևորությունը և երբ ավարտեցի 9-րդ դասարանը, արդեն որոշել էի ընդունվել Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և ընդունվեցի։  Այսուհետև ուսումս կշարունակեմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Ընտրել եմ հրետանավորի մասնագիտությունը, ուսմանը տրամադրված եմ մարտական, զգացողություններս շատ դրական են։ Նվիրումով սովորելու եմ մինչև վերջ և շատ եմ ուզում դառնալ Հայրենիքիս արժանի սպա,- խոսքը եզրափակեց Ժորան։

Ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտների շարքում այսօր քիչ չեն նաև զինվորական, ապագա սպա դառնալ ցանկացող իգական սեռի ներկայացուցիչները, որոնք իրենց հաստատակամությամբ, զինվորական գործի հանդեպ սիրով ու ոգևորությամբ ոչնչով չեն զիջում տղաներին։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ-Ես Անի Ավագյանն եմ,- ներկայացավ նորաթուխ կուրսանտը,- դեռ փորքուց ուզում էի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվել՝ մոտոհրաձգայինի մասնագիտությամբ։ Երբ փոքր էի, պապիկս ինձ միշտ զենքերի հետ էր ծանոթացնում, զինվորական խաղեր էինք խաղում միասին։ Մեծանալով՝ որոշումս գնալով ավելի ամրապնդվեց։ Հաղթահարեցի բոլոր դժվարությունները, հաջող հանձնեցի քննությունները և այսօր պատրաստ եմ սովորել ու դառնալ լավ սպա։ Մենք պետք է կարողանանք ուժեղ բանակ ստեղծել՝ մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազած բանակը, որի անունով և անվանակոչված է մեր ռազմական ակադեմիան։ Հենց այս բուհն ընտրեցի, քանի որ այստեղ կարող եմ ձեռք բերել այն փորձն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են  սպային՝ նվիրումով մեր սպարապետի գործը ի կատար ածելու համար։ Վստահ եմ իմ ուժերին, վստահ եմ  մեր դասախոսական կազմի արհեստավարժությանը։ Գնալու եմ միշտ առաջ, երբեք ետ չեմ նայելու։ Վստահ եմ, որ ի զորու եմ լինելու առաջնորդելու իմ ենթականերին։ Ուզում եմ ու ձգտելու եմ դառնալ այն սպան, որի ետևից զինվորը միայն առաջ կգնա։ Ես գիտեմ, որ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Եվ դրա համար պետք է պայքարել՝ ներդնելով բոլոր ուժերը։ Գիտեմ՝ ինձնից մեծ ուժ ու ջանքեր կպահանջվեն դրա համար, բայց ես դրան պատրա՛ստ եմ։

-Ռազմական ակադեմիայից շատ լավ տպավորություն եմ ստացել, նպատակ ունեմ ստանալ լավ կրթություն, դառնալ բարձրակարգ սպա, օգտակար լինել մեր բանակին և երկրին՝ ուժերիս ներածին չափով։ Շատ եմ սպասել այսօրվան, որ ցույց տամ իմ գիտելիքները, կարողությունները, որ ստանամ նոր գիտելիքներ ու հմտություններ՝ նոր բարձունքներ նվաճելու համար։ Պատրաստվում եմ լավ սովորել, որպեսզի հետագայում կարողանամ գիտելիքներս ինձ ենթակա ստորաբաժանման անձնակազմին փոխանցել։ Մեր կուրսանտական ընտանիքում արդեն իսկ ստեղծվել են ընկերական հարաբերություններ։ Բոլորն ապրում են մեկը մյուսի հոգսերով, պատրաստ են ցանկացած խնդրով իրար օգնելու,- մեր զրույցին միացավ կուրսանտ Դավիթ Հախինյանը:

-Ես Սոս Ադամյանն եմ, ծնունդով Վայոց Ձորից,- ներկայացավ մյուս կուրսանտը: Ընտրել եմ զինվորականի մասնագիտությունը, քանի որ մեծ ցանկություն ունեմ իմ ներդրումն ունենալու մեր Հայրենիքի պաշտպանության ու հզորացման գործում։ Տպավորություններս այսօր միայն դրական են, և մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է ընթանալու։ Մասնակցելով երիտասարդ մարտիկի դասընթացներին՝ արդեն իսկ սովորել ենք ամուր լինել, հաղթահարել դժվարությունները։ Փորձելու եմ առավելագույնը ստանալ կրթությանս ընթացքում և դառնալ լավ զինվորական, լավ սպա։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆՕհան Թադևոսյանն էլ Արմավիրի մարզից է։ Երկու տարի ուսանել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև ուսումը որոշել է շարունակել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։

-Երիտասարդ մարտիկի դասընթացով ենք անցել։ Սա մեզ արդեն բավականին ամրացրել է թե՛ ոգով, թե՛ ֆիզիկապես, թե՛ կամքի ուժով։ Իսկ հիմա արդեն սկսում ենք ուսումնական փուլը ակադեմիայում, և բոլորս էլ շատ ոգևորված ենք։ Սա կյանքումս առաջին անգամն է, որ սեպտեմբերի մեկը նշում եմ զինվորական համազգեստով։ Մանկուց երազել եմ կրել այս համազգեստը, կրել սպայական ուսադիրներ։ Տրամադրությունս այսօր շատ բարձր է, քանի որ եկել եմ սպայական դարբնոց։ Զինվորականը այն մասնագիտությունն է, որի մեջ թերանալն անթույլատրելի է։ Պետք է չգոհանանք «բավարար» գնահատականներով, պետք է ձգտենք լինել ամենալավը, որպեսզի մենք էլ մեր ենթականերին հետագայում կարողանանք ըստ արժանվույն փոխանցել մեր ստացած  գիտելիքները, հմտությունները։

Կուրսանտ Քնարիկ Մանուկյանն էլ Գյումրիից է եկել։

-Փոքրուց արդեն որոշել էի, որ զինվորական գործն եմ ընտրելու։ Երբ եղբայրս ժամկետային զինծառայության անցավ, ես շատ ոգևորվեցի և որոշ ժամանակ անց համոզվեցի, որ ուզում եմ այս ուղին ընտրել։ Այսօր արդեն այստեղ եմ։ Ընտրել եմ մոտոհրաձիգի մասնագիտությունը: Ռազմական ակադեմիա ընդունվելու համար ջանք չխնայեցի։  Ըստ իս՝ շատ կարևոր է մոտոհրաձիգի ծառայությունը, մեզնից շատ բան է կախված լինելու: Այդ պատճառով ընտրեցի հենց այս դժվարին  մասնագիտությունը։

Իհարկե, պատրաստ եմ բոլոր դժվարությունները հաղթահարելու, այլապես հիմա այստեղ չէի լինի։ Լավ եմ սովորելու, ձգտելու եմ լինել առաջինը, լավագույնը։ Շատ ոգևորված եմ այսօր, վստահ եմ, որ ամեն ինչ մեր սրտով, մեր ուզածով է լինելու։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝  ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/09/2023