Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԸ



ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԸԲանակում շարունակվում է ատեստավորման գործընթացը։ Մասնակիցներն ամիսներ շարունակ պատրաստվել են քննություններին, բարձրացրել իրենց մասնագիտական, ֆիզիկական և կրակային պատրաստության մակարդակը՝ ապահովելով գոհացուցիչ արդյունքներ:

Զորամասերից մեկում զինծառայողների հերթական խումբն անցել է ատեստավորման պահանջներով նախատեսված խնդիրների կատարմանը: Քննական վարժության մեկնարկը տրված է, մասնակիցները կրակային պատրաստության քննություն են հանձնում։ Զինվորականները մենահատ հրաձգությամբ, ապա կրակահերթով խոցում են շարժվող և անշարժ թիրախները։

-Մինչ այս հանձնել եմ քննություն ֆիզիկական և շարային  պատրաստությունից, ստացել «լավ» գնահատականներ,- ասում է վաշտի հրամանատար, կապիտան Առնոլդ Ավագյանը: -Շատ լավ ենք տրամադրված և ձգտելու ենք է՛լ ավելի լավ դրսևորել մեզ ու ստանալ միայն «գերազանց» գնահատականներ։ Դրա համար պետք է պատրաստվել, անդադար պարապել։ Ատեստավորումը սկսվելուց հետո  է՛լ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ֆիզիկական, շարային ու մարտավարական պատրաստությանը, որ ատեստավորումը բարձր ցուցանիշներով հանձնենք և միևնույն ժամանակ ֆիզիկապես ամուր ու կոփված լինենք։

Ատեստավորմանը ներգրավված սպաներից փոխգնդապետ Հարությունյանը խոստովանում է՝ մեծ ոգևորությամբ է մասնակցում քննական գործընթացին, պատրաստ է վերահաստատել պատրաստվածության իր բարձր աստիճանը։

-Առանց երկմտելու դիմել եմ ատեստավորմանը կամավորության սկզբունքով մասնակցելու համար։ Արդեն երեք առարկայից հանձնել եմ քննություններ և ստացել «գերազանց» ու «լավ» գնահատականներ։ Հուսով եմ՝ մասնագիտական պատրաստությունից էլ «գերազանց» կստանամ։

Փոխգնդապետն ասում է՝ մեծ սպասելիքներ ունի գործընթացից, դրական ազդեցությունն էլ իր համար ակնհայտ է։

-Ատեստավորմանը պատրաստվելու ընթացքում ավելի ես կատարելագործում հմտություններդ, ավելի լավ ես տիրապետում քննական չորս առարկաներին։ Եթե զինծառայողը «լավ» ու «գերազանց» է ստանում ատեստավորման առարկաներից, կարելի է վստահաբար ասել, որ նա առաջադրված խնդիրները հեշտությամբ կկատարի։ Դե, իսկ այն հանգամանքը, որ հետո հավելավճար ենք ստանալու, ինչ խոսք, շատ ոգևորիչ է։ Ամենակարևորը՝ գործընթացն, ընդհանուր առմամբ, մեծապես նպաստել է զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Ատեստավորման մասին դրական է արտահայտվում նաև ավագ սերժանտ Բարսեղյանը։ Ասում է՝ իր համար, որպես մեկ ու կես տասնամյակ հայրենիքի սահմանները պաշտպանած զինվորականի, պատվի հարց է քննությունը բարձր արդյունքներով հանձնելը։ Նշան է բռնում և մեկը մյուսի հետևից խոցելով բոլոր թիրախները՝ ստանում է «գերազանց» գնահատական։

-Մարտական գործողությունների, թե մարտական հերթապահության ընթացքում զինծառայողի համար շատ կարևոր է ֆիզիկապես պատրաստված լինելը,- ասում է սերժանտ Բարսեղյանը: -Ֆիզիկական պատրաստությունից ստացել եմ «գերազանց» գնահատական, հուսով եմ՝ նույն հաջողությամբ կհանձնեմ նաև մյուս քննությունները։ Հատկապես կուզեի նշել, որ ատեստավորմանը մասնակցող յուրաքանչյուր զինծառայող արդյունքների ամփոփումից հետո ավելի ճիշտ կգնահատի իր մասնագիտական պատրաստվածության աստիճանը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ինքնակատարելագործմանը:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝  ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/08/2023