Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸՕգոստոսի 21-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:

-Բանակային խաղերը վարչապետի հովանու ներքո սկիզբ դրվեցին այն ժամանակվանից, երբ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ վարչապետն ընդգծեց ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բանակային խաղերը ներդնելու կարևորությունը։ Մենք այժմ տվեցինք այս խաղերի մեկնարկը, որոնք շարունակական բնույթ են կրելու,- դիմելով մասնակիցներին՝ ասաց ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Հաջողություն և ազնիվ մրցապայքար մաղթելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք հայտնեց, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին և գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա և ավանդական:

-Բանակային խաղերի անցկացումը կարևոր մի միջոցառում է, որը նպատակ ունի ամրապնդելու մեր ուժային կառույցների մարտական ոգին, նաև ամրապնդելու հարաբերությունները, թիմային աշխատանքի հնարավորությունները և, կարծում եմ, որ սրա օգուտները տարիների հետ միայն բազմապատկվելու են,- ասաց նախարարը:

Խաղերի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ և պատիվ ունեն ներկայացնելու իրենց ուժային կառույցները՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձևերում:

-Բոլոր կառույցներից ներգրավված մասնակիցներն առաջին իսկ օրվանից ցույց տվեցին շարային պատրաստության բավականին բարձր մակարդակ։ Ի սկզբանե կարծիք կար, որ ուժային և իրավապահ կառույցների միջև մրցակցային պայքար կարող է չստացվել, բայց, պետք է ասեմ, որ արդեն երկրորդ օրը մենք մրցանակակիրներ ունեցանք թե՛ իրավապահ մարմինների և թե՛ ուժային կառույցների ներկայացուցիչներից։ Մասնակիցները շատ ոգևորված են, նշում են, որ մեծ ցանկություն ունեն ավելի լավ պատրաստվելու, հաջորդ տարի կրկին մասնակցելու և է՛լ ավելի բարձր արդյունքներ գրանցելու։ Արդեն իսկ փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել ՊՆ հրաձգարաններում մարզումներ անցնելու, դասընթացներին մասնակցելու համար,- ասաց բանակային խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:

Շուրջ մեկ շաբաթ բանակային խաղերում ակտիվ և առողջ մրցապայքար էր։ Վեց մարզաձևերում մասնակիցները ցուցադրեցին իրենց ունակությունները։ Առաջինը բանակային քառամարտն էր, որն ընդգրկում էր ձգումներ պտտաձողից, կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում, վազք՝ 100 մետր և 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր և նռնակի նետում նշանակետին վարժությունները: «Կողմնորոշում տեղանքում» վարժաձևի կատարման ընթացքում մասնակիցները քարտեզի օգնությամբ պետք է հաղթահարեին լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին: Բանակային խաղերի շրջանակում մասնակիցները ուժերն են չափել նաև հրաձգությունից երեք տարբեր ձևերով։ Այս մրցափուլի պահանջն էր՝ տարբեր դիրքերից խոցել թիրախները՝ ինքնաձիգից, ատրճանակից և հրացանից։ Հավաքական բոլոր թիմերի մասնակիցները գործում էին հավասարապես մեծ ոգևորությամբ՝ ուժերի առավելագույն լարումով ձգտում լինել առաջատարը։

Մրցութային շաբաթը հետաքրքիր էր ու հագեցած։ Բանակային մրցաշարի վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, բոլոր վարժաձևերի ավարտից հետո լավագույնները կպարգևատրվեն։

Իրենց տպավորություններն են ներկայացնում բանակային խաղերի մասնակիցները:

 

Իրինա Համբարձումյան

-Ծառայում եմ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում։ Այս խաղերի ընթացքում ուժային համակարգի ներկայացուցիչը մրցում է իրավապահ համակարգի ներկայացուցչի հետ։ Մենք զենքին նոր ենք ծանոթանում։ Անսովոր է, իհարկե, սակայն, ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր է, ոգևորիչ։ Մասնակցությունն ինքնին, իմ կարծիքով, շատ կարևոր է։ Մտածում եմ, որ եթե հետագայում հնարավորություն լինի ևս մեկ անգամ մասնակցելու, փորձելու եմ, օրինակ, դիպուկահար զենքից շատ ավելի լավ արդյունքներ գրանցել։

 

Սոնա Եղիազարյան

-Մասնակցել եմ դիպուկահար զենքից հրաձգության մրցմանը, արդյունքներս գերազանց են։ Կարծում եմ՝ շատ կարևոր է տարբեր ուժային կառույցների միջև նման մրցույթներ անցկացնելը։ Նախ՝ մրցակցային ոգին է զարգանում, ու նաև բարելավվում է մասնակիցների պատրաստվածության աստիճանը։ Զինծառայության ընթացքում պարբերաբար մարզումներ ենք ունենում, վարժանքներ, որոնցից հետո մեր կարողությունները, բնականաբար, ավելանում են։ Որպես զինծառայող՝ ես միշտ պատրաստ եմ ցանկացած փորձության միջով անցնելու, ցանկացած խնդիր կատարելու։

 

Վաղինակ Գինայան

-Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եմ։ Շատ ուրախ եմ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ մասնակցելու, մրցելու հնարավորության համար։ Մրցումները շատ լավ են կազմակերպված։ Իմ կարծիքով՝ այստեղ կարևորը մեկս մյուսի հետ կապի ամրապնդումն է։ Իսկ թե ով ինչ արդյունքներ կգրանցի, երկրորդական խնդիր է։ Կարևոր է ուրախանալ մեկս մյուսի հաջողություններով, ոգևորվել ու անցնել առաջ։ Սակայն, իհարկե, աշխատում ենք մեր ուժերի սահմաններում առավելագույն արդյունք ցույց տալ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/08/2023