Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ-Ես Դավիթ Աբրահամյանն եմ, 25 տարեկանում զորակոչվել եմ ՀՀ զինված ուժեր:

Այսպես է սկսվում մեր զրույցը ուսումնական զորամասի զինծառայողների հետ: Հայրենիքին ծառայելն ու նրա հանդեպ պարտքը հատուցելը հայկական բանակի զինվոր Դավիթի համար սրբազան առաքելություն է։ Մասնագիտությամբ դերասան-ռեժիսոր է։ Ուսման, ապա նաև առողջական որոշ խնդիրների պատճառով տարկետում է ստացել եւ նոր է համալրել բանակի շարքերը, ինչը, սակայն, չի խանգարում պատվով ու նվիրումով ծառայելուն:

Դավիթն ինքն իր համար ձեւակերպել է, թե ինչ է զինվորական ծառայությունը։

-Առաջին հերթին՝ գործ է, խոսքից, կենացներից իրական գործի անցնելու պահանջ, ամենօրյա աշխատանք՝ հայրենիքին պիտանի լինելու նպատակով։

Ամառային զորակոչի ընթացքում զինուժի շարքերը համալրած տղաներից յուրաքանչյուրը գիտակցում է իր դերն ու առաքելությունը բանակում։ Զինվորական երդումը տալուց հետո տղաներն արդեն լիարժեք հարմարվել են ծառայողական կարգացուցակին ու անվերապահ կատարում են հրամանատարության յուրաքանչյուր հրաման և ցուցում։

-Պարտավոր եմ ծառայել իմ ընտանիքի, ազգի համար,-ասում է մյուս զինվորը՝ Ժորա Սուքիասյանը: -Շատ եմ ուզում ֆիզիկապես ու հոգեպես կոփված զինվոր լինել։ Որոշակի առաջխաղացում կա, բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիք ունեմ։

Ուսումնական փուլում նորակոչիկների առօրյան հագեցած է լսարանային և գործնական պարապմունքներով։ Հիմնական մասնագիտական առարկաներից զատ, տղաները կոփում են մարմինը, հղկում իրենց շարային կեցվածքը. այդ գործում նորեկներին օգնում ու խրախուսում են սպաներն ու ավագ զինակիցները:

-Մեր գործը զինվորներին ուսուցանելն է,- ասում է վաշտի հրամանատար Ռոման Վերտիլետսկին: -Ուշադրության կենտրոնում առանձնապես տղաների ֆիզիկական պատրաստությունն է։ Փորձում ենք նորակոչիկներին այնպես պատրաստել, որ իրենց ծառայության հիմնական վայրերը մեկնելիս ցանկացած բարդություն հեշտությամբ հաղթահարեն։

Որպեսզի ծառայությունն ավելի հեշտ անցնի, զորամասում նորակոչիկներին իրազեկում են ինչպես իրենց պարտականությունների, այնպես էլ իրավունքների, զինվորական կարգ ու կանոնի առանձնահատկությունների մասին։

Նարեկ Դովլաթբեկյանն է կիսվում իր տպավորություններով:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ-Արդեն մեկ ամիս ու երեք օր է, ինչ ծառայության մեջ եմ։ Շատ բան եմ սովորել՝ շարային պատրաստություն, շարքերով երթեր և այլն։ Բանակ ենք եկել քաջ ու հպարտ զինվոր դառնալու, մեր պարտքը հայրենիքին տալու համար։ Ձգտում ենք առավելագույնին:

Արամ Եսայանն էլ հավելում է.

-Ինձ համար ծառայությունը մեծ պատիվ է։ Պետք է լավ սովորենք, որ հետագայում, երբ դիրքեր բարձրանանք, ամուր լինենք, կոփված ու մեր գործը լավ կատարենք։

Ընդամենը մեկ ամիս առաջ ուսումնական գումարտակի կազմը համալրած անձնակազմն արդեն դարձել է ընտանիքի պես. տղաները հասցրել են ընկերանալ ու եղբայրանալ: Նրանք գիտեն, որ միասնաբար կարող են հաղթահարել բանակային կյանքի բոլոր դժվարությունները, նաեւ մեղմել ընտանիքների կարոտը:

Արմեն Խաչատրյանն ու  Դավիթ Աբրահամյանը առանձնացնում են զորամասում փոխըմբռնման մթնոլորտը, որևէ մեկին իր խնդիրների հետ մենակ չթողնելու փաստը: Շատ հարցերում իրենց օգնում է սպայական կազմը՝ կարևոր խորհուրդներով, փորձով։ Զինվորներն էլ ծառայում են՝ «Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքով։

Հայրենիքի նորօրյա պաշտպաններից յուրաքանչյուրը սրբորեն է կատարում իր առաքելությունը՝ վստահ, որ բանակը նաև տղամարդ կերտելու ու կոփելու երկամյա դպրոց է։

Կարենը հոգևոր սպասավոր է, 12 տարի դպիր է եղել։ Հիմա արդեն երկու ծառայություն է իրականացնում՝ երկուսն էլ մեծ նվիրումով: Զինվորական ծառայության մեջ էլ Կարենի հավատքն անխախտ է։ Ամեն կիրակի, հրամանատարության թույլտվությամբ, գնում է պատարագի, շարական է երգում։ Ասում է՝ եկեղեցի-բանակ կապն ամենազորեղն է, դրանով պետք է առաջնորդվել, ամրանալ, ոտքի կանգնել ու առաջ շարժվել:

-Կարծում եմ՝ ծառայությունը պետք է յուրաքանչյուր երիտասարդի, այն օգնում է մարդուն զարգանալ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Բանակում հավատքն ավելի զորեղ է դառնում: Ծառայության հետ կապված բոլոր դժվարությունները ես հաղթահարում եմ Աստծո ուժով։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/08/2023