Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ



ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸՊատմելիս Շարմաղ տատի խամրած-մոխրագույն աչքերը դառնում էին փայլուն։ Մեկ արցունքից էին փայլում, մեկ՝ ուրախությունից: Երբ տատը աչքերը կիսախուփ, գլուխն օրորելով ինչ-որ բան էր մրմնջում, Արմենը՝ փոքրիկ տղա, հասկանում էր, որ նա էլի իր գյուղն ու իր տունն է հիշել:

-Քո տունն էլ է,- ասում էր տատը՝ հոնքերը կիտած:

-Բա Գեղամասարը մեր գյուղը չէ՞, էս տունը մեր տունը չէ՞…,- դժգոհում էր Արմենը:

-Մերն է,- պատասխանում էր տատը,- բայց մեր իսկական տունը թշնամին խլեց մեզնից, մեզ բնահան արեց:

-Իսկական տունը ո՞րն է:

-Իսկական տունը պապդ կամ հայրդ է կառուցում քո հողի վրա: Հին տունը քանդում է ու դրա տեղը նորն է կառուցում: Իսկական տունն էնտեղ է, որտեղ քո ապուպապերն են ննջում կողք կողքի… Հիշի՛ր: Չմոռանա՛ս:

-Հիշեմ, որ ի՞նչ,- չէր հանձնվում թոռը:

-Հիշիր, որ ճամփեքը բացվեն, գնաս, մեր իսկական տունը գտնես:

-Ճամփեքը ե՞րբ են բացվելու:

-Կբացվեն,- ասում էր տատը վճռական:

-Համ էլ՝ տան ճամփան չգիտեմ, մոռացել եմ:

-Ո՞նց թե՝ չգիտես,- հարցնում էր տատը սպառնագին,- տան տեղը մոռանալ կլինի՞…

-Վա՜յ, փոքր եմ եղել, չեմ հիշում…,- ասում էր Արմենը ու վազում դուրս՝ զրույցի շարունակությունից խուսափելու համար. գիտեր, որ տատը սկսելու էր պատմել, գնալու էր գյուղ, հետո անցնելու էր փոշոտ ճամփաներով, էս ծառը, էն թուփը հիշելով՝ հասնելու էր տուն, մտնելու էր ներս, քրքրելու էր բոլոր քունջուպուճախները, հորն էր հանդիպելու, մորը, պապին… Արմենը վազում էր դուրս, բայց հետն ինչ-որ անորոշ տխրություն էր տանում: Երբեմն գիշերները քնելուց առաջ հիշում էր տատի տխուր հայացքը, երբ ասում էր՝ ո՞նց մնայինք, փախանք-փրկվեցինք կոտորածից:

…Հիմա Արմեն Սահակյանը 42 տարեկան է: 20 տարի զինվորական համազգեստ է կրում, 20 տարի զենքը ձեռքին առաջնագծում է:

-Չգիտեմ՝ երբ և ինչու որոշեցի զինվորական դառնալ, ավելի ճիշտ՝ դիրքապահ, հայրենիքի պաշտպան: Գուցե էդ որոշումը ծնվեց, երբ Շարմաղ տատը մի օր ասաց՝ ուժեղ չեղար, տունդ էլ կխլեն, վաստակդ էլ, պատիվդ էլ… Կամ գուցե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ քեռուս որդուն ու հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մյուս քաջերին զինվորական պատիվներով հողին էին հանձնում,- ասում է Արմենը:

Նա կանգնած է խրամատում, հետևում ամեհի, շեկ բլուրներ են՝ լերկ ու խանձված, դիմացը՝ հակառակորդի դիրքերը:

ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ-Ժամկետային ծառայության ամեն օրն ինձ մի քայլ մոտեցրեց իմ նպատակին: Բանակը ուրիշ աշխարհ էր, կապ չուներ դրսի ցաքուցիր կյանքի հետ, այստեղ ամեն ինչ կոկիկ էր, հավաք, նպատակային: Մի մեծ, հզոր մեքենա էր՝ հազարավոր պտուտակներով ու դետալներով: Ես սիրեցի բանակը: Իսկ երբ բարձրացա դիրքեր, տարօրինակ զգացողություն ունեցա: Ասես առաջին անգամ ամուր կանգնեցի երկու ոտքերիս վրա: Ես քամու բերանն ընկած սերմ էի, որ վերջապես հանդիպեցի իմ հողին, կպա ու արմատ ձգեցի: Արդեն 20 տարի դիրքերում եմ:

Արմենը ոչինչ չի պատմում իր 20 տարիների սահմանապահ ծառայությունից, չի հիշում, թե զինակից ընկերների հետ քանի անգամ է դիմակայել հակառակորդի հարձակումներին, քանի անգամ է նայել մահվան աչքերին… ինչպես է վիրավորվել 44-օրյա պատերազմում: Փոխարենն ասում է.

-Դիրքը ձգում է, որտեղ էլ լինես, որքան էլ հեռու գնաս, մի անտեսանելի, բայց պինդ թելով կապված ես քո դիրքին:

Հետո հարցնում է.

-Դուք Հայրենիքը տեսե՞լ եք վերևից…

-Մոնումենտի բարձունքից,- պատասխանում եմ անմիջապես: Արմենը բարձրաձայն ծիծաղում է ու նայում վրաս, ոչ էն է՝ խղճահարությամբ, ոչ էն է՝ ներողամտորեն:

-Դիրքերում էլ եմ եղել,- ուղղում եմ ինքս ինձ ու ասածս ապացուցելու համար մի քանի նկարներ եմ ցույց տալիս, որտեղ ես զրահաբաճկոնով եմ ու սաղավարտով:

-Լեռները գարնանը ծաղկում են, իսկ ձմռանն ամբողջովին սպիտակ են՝ աչքերդ ցավեցնելու աստիճանի…

-Ու Դուք էս լեռների տերն ու իշխանն եք,- շարունակում եմ:

-Առուստամը, Արայիկը, Հրանտը, Յուրան, մյուսները՝ ում էլ հարցնեք, կասեն, որ լեռները մեր ախպերներն են: Սահմանին միայն ախպերություն է, տեր ու իշխան չկա: Ու երբ իջնում ես ասֆալտին, ուրիշ աչքերով ես տեսնում ամեն ինչ, վայելում ես ամենափոքր ուրախությունները: Երբ երեք երեխաներս վազելով գալիս, փաթաթվում-գրկում են ինձ, զգում եմ՝ ինչպես են սիրտս ու մկաններս ուժով լցվում: Իսկ երեկոյան 7 հոգով սեղան ենք նստում՝ հայրս, մայրս, կինս, ես ու երեք երեխաներս… Իմ կյանքի այդ երկու կեսերը՝ դիրքն ու տունս, ինձ ամբողջական են դարձնում:

-Բա Շարմաղ տա՞տը,- հարցնում եմ ես:

Արմենի գոհունակ դեմքից ժպիտը չքանում է:

-Շարմաղ տատն ի՞նչ…

-Էն, որ դու քո իսկական տանը չես ապրում: Որ հազարավոր հայեր իրենց իսկական տանը չեն ապրում՝ որտեղ ննջում են իրենց ապուպապերը կողք կողքի:

Արմենը մռայլվում է: Հանկարծ հասկանում եմ, որ ամբողջ զրույցի ընթացքում Շարմաղ տատի մասին եմ մտածել:

-Իմ տղաները երբ մեծանան, կիմանան, թե որտեղ է իրենց իսկական տունը: Նրանք էլ իրենց տղաներին կպատմեն, ու քանի դեռ հոգուդ մեջ քո տան պատկերը չի ջնջվել, հույսը չի մարի: …Ու մի օր, տատիս ասած՝ ճամփեքը կբացվեն:

-Ու մի օր ճամփան քեզ կտանի քո իսկական տունը…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Ազգային բանակ


21/08/2023