Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱԴԱՎԱՆՔ



ԽԱԴԱՎԱՆՔՄիջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է Խադավանքը: Այն բացառիկ է ոչ միայն իր ճարտարապետական հորինվածքով, այլև հայտնի է որպես հայ գրավոր մշակույթի հնագույն կենտրոն, որտեղ գրվել, ծաղկազարդվել, պահպանվել են պատմական, մեկնողական, փիլիսոփայական, ծիսական, կրոնական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։

Վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Դադիվանքից հարավ-արևելք, Թարթառ գետի աջ ափին։

Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը՝ Խադ եպիսկոպոսը, Սուրբ Եղիշե առաքյալի հետ քրիստոնեություն տարածողներից էր Արցախում և Սյունիքում, որի պատվին էլ եկեղեցին կոչվել է Խադավանք, որ երբեմն անվանում են նաև Խաթրավանք։

XII դարում ավերվել է երկրաշարժից, իսկ հետո մասամբ կործանվել սելջուկ թուրքերի 1143 թվականի ասպատակիչ արշավանքներից, որոնք Չոլի զորապետի գլխավորությամբ ապստամբած արցախցիներից վրեժխնդիր եղան՝ ավերելով սրբազան վանքերն ու եկեղեցիները և գերեվարելով սրբությունները։

Արցախ-Խաչենում Առանշահիկ նախարարական-իշխանական տունը XII դարի երկրորդ կեսին բաժանվել էր երեք ճյուղի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր հոգևոր-մշակութային կենտրոնը, իշխանանիստը։ Ներքին Խաչենի իշխանանիստ կենտրոնը Խոխանաբերդն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Գանձասարը։ Կենտրոնական Խաչենի իշխանանիստը Հաթերքն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Դադիվանքը։ Վերին Խաչենի կամ Ծարի իշխանանիստ կենտրոնը Ծար գյուղաքաղաքն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Խադավանքը։

XIII դարի առաջին կեսին Վախթանգ իշխանի մահից հետո Հաթերքի իշխանությունը բաժանվում է հաթերքցիների ու ծարեցիների միջև, որի շնորհիվ Ծարին անցած Դադիվանքը դառնում է իշխանության հոգևոր կենտրոնն ու տոհմական տապանատունը։ Սակայն սա չի խանգարում, որ Խադավանքը մնա հարգված եպիսկոպոսանիստ և վայելի Ծարի իշխանության պայազատների հոգածությունն ու խնամքը։ Իսկ որոշ աղբյուրներ էլ փաստում են, որ ավելի ուշ ժամանակներում ևս Խադավանքը շարունակում էր մնալ որպես իշխանության տոհմական գլխավոր տապանատունը։ Այս ամբողջ ընթացքում Խադավանքը եղել է Արցախի Մեծ Կողմանք կամ Մեծ Կվենք գավառի առաջնորդարանը։

Հովսեփ Օրբելին վանական համալիրի դարպասի կամարի տակից հայտնաբերել է մի արձանագրություն ՉԺԴ (1265 թ.), որում. «Ես Օհանս միաբանեցայ սուրբ ուխտիս Խադի, տուի զԾառատականց այգետեղն»։

Իսկ Կիրակոս Գանձակեցին Խաչենի Գրիգորիս և Եղիա եղբայր վարդապետների մասին խոսելիս հիշում է, որ նրանք վախճանվել են և՝ «կան ի պահեստի յաստուածափայլ տանն Խադայ»։

ԽԱԴԱՎԱՆՔԵրկար ժամանակ Ծարի Դոփյան իշխանական տան տոհմական սեփականությունը համարվող Ավետարանը, որը հետագայում կոչվեց Թարգմանչաց (Գարդման գավառի Թարգմանչաց վանքում պահվելու համար) 1312 թ. գրված հիշատակարանում նշվում է, որ Վերին Խաչենի իշխան Գրիգոր Դոփյանն ու նրա կին Ասփան (Տարսայիճ Օրբելյանի դուստր) ձեռագիրը նվիրել են Խադավանքին. «Ամենայն բարեպաշտութեամբ զարդարեալ զարդարեաց զանազան սպասիւք եւ շինուածովք զԵկեղեցիս Հայաստանեաց. ստացաւ զսուրբ Աւետարանս յարդար ընչից իւրոց եւ ընծայեաց ի սուրբ ուխտն իւր Խադարի վանս»։ Թարգմանչաց Ավետարանը հայկական ձեռագրական ու մանրանկարչական ժառանգության նշանավոր նմուշներից է։

Տարբեր աղբյուրներում վանքը վկայվում է տարբեր ձևերով՝ Խադավանք, Խադի վանք, Խադայի վանք, Խադարի վանք և այլն։ Խադավանք-Խադարի վանքը Արցախի բարբառի հնչյունական և արտասանական առանձնահատկություններին ենթարկվելով՝ հնչում է նաև Խաթրավանք կամ Խըթրավանք ձևերով։

Վանական համալիրը նոր շունչ է ստանում XII դարի վերջի և XIII դարի սկզբի հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած երախտավորներից մեկի՝ Հովհաննես վարդապետ Խաչենցու՝ («Յովհաննէս ի գաւառէն Խաչէնոյ») շնորհիվ։ Կիրակոս Գանձակեցին նրան անվանում է՝ «առաքինի եւ սուրբ այր»։

Վերին Խաչենի իշխանական տան պայազատներից էր Հովհաննես վարդապետը։ Լինելով Սարգիս Զաքարյան ամիրսպասալարի երկու սիրասուն զավակների՝ Զաքարեի ու Իվանեի դաստիարակը, նա հոգևոր սպասավորության էր կոչված Հաղպատ և Սանահին վանական համալիրներում։ Այս երկու վանքերում էլ Հովհաննես վարդապետը ձեռնամուխ է լինում ոչ միայն շինարարական գործունեությանը, այլ նաև զարկ է տալիս գրչության գործին ու մանրանկարչական արվեստի զարգացմանը։

1204 թվականին վերադառնալով Խաչեն՝ վերականգնում է ավերված Խադավանքը և ավարտում վանական համալիրի գլխավոր տաճարի կառուցումը, որի մասին եկեղեցու արևմտյան պատին առկա է հետևյալ արձանագրությունը. «Ի ՈԾԳ (1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զեկեղեցիս եւ ժողովեցի զխաչ եւ զգիրք, որ ի սմա եւ արկի զՋոթացն այգին եւ զՄատաղիսն բազում աշխատութեամբ եւ ետու զվանքն իւր ամեն սահմանաւն իմ աղբօրս Հասանայ եւ իւր որդւոցն՝ Հաթերքոյ տեառն միջնորդութեամբ. Ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աստուծոյ»։

Այսինքն՝ Հովհաննես վարդապետ Խաչենցին կառուցում է Խադավանքի կաթողիկե եկեղեցին՝ այնտեղ հավաքելով ձեռագիր մատյաններ, խաչեր, վանքին է նվիրում այգի և այս ամենը Հաթերքի տեր իշխան Վախթանգի միջնորդությամբ հանձնում է եղբայր Հասանին և նրա որդիներին։

Հովհաննես Խաչենցու կատարած կարևոր ձեռնարկումներից մեկը, թերևս ամենակարևորը, վանքին կից մատենադարանի ստեղծումն էր, որը հետագայում համալրվում է ինչպես մոտակա գրչության կենտրոնների ձեռագրերով, այնպես եւ կողոպտված ու գերեվարված մատյանների տունդարձով։ Հատկապես ուշագրավ է Գետաշենի ձեռագրի ճակատագիրը, որը բանասիրությանը հայտնի է որպես «Հաղպատի Ավետարան»։ 1223 թ. արցախցի Սարգիս քահանան Անիում գնում է հիշյալ ձեռագիրը և նվիրաբերում Խադավանքին՝ «իւր տեղի սննդեան»։ Այստեղ երկար ժամանակ մնալուց հետո ձեռագիրը տեղափոխվում է Գետաշեն։ XX դարի 20-ական թվականներին Գարեգին Հովսեփյանը (1943-1952 թթ. Կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան) բերում է Սուրբ Էջմիածնի մատենադարան։ Հաղպատի ձեռագրական և մանրանկարչական դպրոցի ամենաբարձրարվեստ գործերից է Գետաշենի Ավետարանը։

Խադավանքի շինարարական արձանագրությունն ունի նաև երկրորդ մաս, որ Հովհաննես վարդապետի եղբայր Հասանն է թողել. «Յանուն Աստուծոյ այս իմ գիր է Հասանայ, որ երբ իմ աղբերս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորոյ բակս իւր սահմանաւն ի յեկեղեցիս տուի. Ո՛ ոք հակառ[ա]կ [կ]այ. Աստուծոյ է հակառակ, եւ ո՛ ոք զայս գիրս խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ»։

Արձանագրության մեջ հանդիպող «Հաթերքի տէրը» քառասնամյա իշխանությունից հետո Դադիվանքում կրոնավորություն ստանձնած Հասան իշխանի որդի Վախթանգն էր, Խաչենի գահերեց տիրակալը, Մխիթար Գոշի և հայ մշակույթի ժամանակի հովանավորը։ Իսկ Հովհաննեսի եղբայր Հասանը Ծարի կամ Վերին Խաչենի իշխանն էր, Սարգիս Զաքարյան ամիրսպասալարի դուստր Դոփի ամուսինը։

Հետագայում, մինչև 1220-ական թվականները, իշխանությունը ամուսնու մահից հետո վարում էր Դոփը, որից և իշխանական տունը կոչվում է Դոփյան։ Դոփը, ըստ մատենագրական վկայությունների, մշտապես վայելել է Զաքարյան եղբայրների օժանդակությունը։ Դոփի գործունեության շնորհիվ հզորանում է Ծարի իշխանությունը, բարեկարգվում ու ծաղկում են հոգևոր կենտրոնները, այդ թվում՝ Խադավանքը։ Ըստ պահպանված արձանագրության՝ Դոփ իշխանուհին 1225 թ. կառուցել է եկեղեցու գավիթը, մի մատուռ և վանքին է նվիրել բազմաթիվ ընծաներ։

Պահպանվել է նաև Հասանի և Դոփի որդու՝ Գրիգոր իշխանի հիշատակարանը, որ պատմում է սելջուկ թուրքերից փրկած այն ձեռագիր մատյանների մասին, որոնք հետագայում հանգրվանում են Խադավանքում։

1215 թ. Հասանն ու իր մայր Շուշիկը կառուցում են Սուրբ Կարապետ եկեղեցին, որի մասին հաղորդում է իրենց իսկ արձանագրությունը. «Ես Հասան եւ մայրն իմ Շուշիկ շինեցաք զսուրբ Կարապետս ի Խադայ տապանատունս» (ՈԿԴ 1215 թ.)։ 1225 թ. Հովհաննեսաշեն տաճարի գավիթն է կառուցել Դոփը՝ եկեղեցու հյուսիսային պատի անկյունում արձանագրելով այդ փաստը։

Խադավանքի վերակառուցման ու լրացուցիչ նորոգումներին մասնակից են եղել նաև XIII դարի վերջում և XIV դարի սկզբում Հասան Բ-ի որդի Գրիգորն ու նրա կին Ասփան։

Միջնադարյան Հայաստանում, հատկապես XII դարի վերջում և XIII դարի սկզբում արհավիրքներից կամ թշնամի հրոսակներից կործանված վանքերում մնացած որոշ մասունքներ պահպանվել են հնի տեղը կառուցված եկեղեցիներում, ինչպես որ շատ վանքեր ու եկեղեցիներ խոյացել են հեթանոսական մեհյանների ու տաճարների հիմքերին։ Այս երևույթն իր փայլուն դրսևորումն է ունեցել ինչպես Դադիվանքում, այնպես և Խադավանքում։

1180-ական թվականներին Դադիվանքում Հասան Կրոնավորյալը կառուցում է մի փոքրիկ եկեղեցի, որի պատերի մեջ, ներսից ու դրսից, ագուցվում են հին քարեր՝ զարդաքանդակներով ու վիմագրերով, հին ու նոր խաչքարեր, որոնք թվագրվում են IV-VI դարերով։

Ուշագրավ է հատկապես ջրաղացքարը, որ զարդարում է Դադիվանքը։ Եկեղեցու շինարարները փրկել-պահպանել են կործանված ջրաղացի բեկորը։

XII դարի առաջին կեսին ավերված Խադավանքում էլ Հովհաննես վարդապետ Խաչենցին կառուցում է եկեղեցի, որի պատերի մեջ, դարձյալ ներսից ու դրսից, նույնպես առկա են արձանագրությունների բեկորներ և հին խաչքարեր։

Հովհաննես Խաչենցու կառուցած տաճարի խորհրդավոր նշաններից մեկը կարելի է համարել կտուրն իրենց վրա կրող չորս սյուների հարդարանքը։ Դրանց մույթերին կենդանական, թռչնային և մարդկային գլուխներ են քանդակված՝ մեկական քանդակ յուրաքանչյուր սյան ճակատին, որ հայ միջնադարյան ճարտարապետության մեջ բավականին տարածված երևույթ է։ Խադավանքի գլխավոր եկեղեցու ներսի չորս սյուների մույթերին քանդակված մարդու, առյուծի, ցլի և արծվի պատկերներն ակնարկում են քառակերպ՝ չորս Ավետարանները։

Խադավանքի բոլոր եկեղեցիներն ու օժանդակ շինությունները կառուցված են կոպիտ մշակված բազալտե քարերից՝ ամրացված կրաշաղախով։ Միայն եկեղեցու սյուները, կամարները և մուտքի բարավորն է սրբատաշ բազալտից։ Գլխավոր եկեղեցու կողքին կառուցվել են երկու մատուռներ՝ նվիրված սուրբ Պրոկոպիոսին և Սուրբ Մինասին։ Խադավանքի մատուռները հար և նման են Արցախ աշխարհի մյուս նշանավոր վանքերում առկա գլխավոր եկեղեցիներին կից մատուռներին՝ Դադիվանքի, Գտչավանքի, Հոռեկավանքի, Եղիշե Առաքյալի վանքերի մատուռներին։

Խադավանքի գլխավոր տարբերակիչ հատկանիշներից կարելի է համարել այն բազմաթիվ խաչքարերը, որոնք տեղադրված են շարվածքի մեջ։ Իսկ վանական համալիրի գլխավոր եկեղեցուն կից, հյուսիսային ճակատի արևմտյան կողմում վանքի զանգակատունն է, որը կառուցել է XIV դարի առաջին քառորդում Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսը (1333 թ.)։ Նա կառուցել է նաև Դադիվանքի, Գետամեջի և Ծար գյուղաքաղաքի եկեղեցիների զանգակատները։

Միջնադարյան Հայաստանում՝ XIII-XIV դարերում, եկեղեցիների զանգակատները չունեին պարտադիր-կաղապարային ճարտարապետական ձև, որի պատճառով ամեն մի վանքում լուծումները տարբեր էին լինում ու յուրօրինակ։ Եզակի է նաև Խադավանքի զանգակատան տեղադրությունը, որը այստեղ հյուսիսային դիրք ունի։

Հատկանշական է, որ Խադավանքի վանական համալիրը, ինչպես փաստում են ձեռագիր որոշ մատյաններ, միջնադարյան Հայաստանի հնագույն մատենադարաններից մեկն է կամ էլ երկրորդը, որ գոյություն ուներ հայոց գրերի ստեղծումից անմիջապես հետո։

Խադավանքն իր ճարտարապետահորինվածքային նկարագրով համապատասխան է և՛ գրչության կենտրոնի, և՛ մատենադարանի։ Առաջին սրահը մեծ երդիկով նախատեսված է եղել որպես ձեռագրատուն, իսկ խոշոր որմնախորշերով հաջորդ դահլիճը ծառայել է որպես մատենադարան-գրապահոց։ Այսպիսի կառուցվածք ունեն նաև միջնադարյան Հայաստանի մեզ հայտնի մյուս գրատուն-գրչության կենտրոնները՝ Հաղպատ, Սանահին, Գոշավանք, Սաղմոսավանք, Հոռոմոս, Դադիվանք։

Գրիգոր իշխանի կինը՝ Ասփան, որ մեծ իշխան Տարսայիճի և Մինա Խաթունի դուստրն էր, Թարթառ գետի վրա կառուցում է կամուրջ Խադավանք տանող ճանապարհին և խաչքար կանգնեցնում՝ կամրջի շինարարական արձանագրությամբ։

Խադավանքը միջնադարյան Հայաստանի Արցախի դպրոցի եզակի ու ինքնատիպ ճարտարապետական հորինվածքով առանձնահատուկ շինություն է, որտեղ գտնվում է հայկական խաչքարերի արժեքավոր հավաքածու՝ վիմական արձանագրություններով։

Խադավանքից արևմուտք՝ ժայռի մեջ, գտնվում է Խաթրա բերդը։

Արցախ աշխարհը, մասնավորապես Խադավանքը, հոգևոր մշակույթի ստեղծման ու պահպանման կենտրոն էր, որ իր անառիկ դիրքի ու հայկական իշխանությունների շնորհիվ դարձավ Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծված բազմաթիվ մեծարժեք ձեռագրերի պահպանման ու փրկության վայր։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Հոգևոր-մշակութային


21/08/2023