Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔՎանա լճի ավանդազրույցը

 

Հայերը սիրել են իրենց հայրենիքի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վանա լիճը, այն անվանել ծով եւ բազմաթիվ ավանդազրույցներ հյուսել նրա շուրջ։ Դրանցից մեկն այս է. լճի հատակում կա մի քարայր, որը կոչվում է Հայժ։ Այդտեղ հանգրվանում են բոլոր հայ դյուցազունների ոգիները, որոնք հսկում են քարայրում գտնվող մի հսկա ոսկե ձուլակտոր։ Այն կշռում է չորս հարյուր հազար ձիաբեռ եւ պատկանում է բոլոր աղքատներին։

Այս ավանդազրույցը, անշուշտ, ժողովրդի իղձերի յուրօրինակ արտահայտությունն է՝ մի օր աղքատներն ստանալու են իրենց պատկանող ոսկին, հարստանալու են եւ լավ են ապրելու։

Այնուամենայնիվ, ավանդազրույցը մեկ այլ կողմ էլ ունի։ Հայտնի փաստ է՝ պատերազմների ժամանակ հայոց արքաները, մեծահարուստ նախարարներն ու իշխաններն իրենց գանձերը թշնամու ձեռքը չգցելու նպատակով դրանք պահել են նաեւ լճերի հատակում եւ վտանգն անցնելուց հետո նորից հանել։ Հնարավոր է՝ այս ավանդազրույցը նման մի դեպքի հեռավոր արձագանքն է։ Ավելորդ չէ նշել, որ ավանդազրույցները, որպես կանոն, ունեն իրական հիմք։

 

Հերդերի գնահատականը հայերին

 

1784-91 թթ. Գերմանիայում լույս աշխարհ եկավ փիլիսոփա, գրող-լուսավորիչ Յոհան Հերդերի չորսմասանոց «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» աշխատությունը, որը մեծ ճանաչում բերեց հեղինակին, տարածվեց ողջ Եվրոպայով։ Հերդերը մարդկության պատմությունը դիտարկում էր փիլիսոփայի հայացքով, մատնանշում տարբեր ժողովուրդների պատմամշակութային յուրահատկությունները, բնորոշում նրանց հոգեւոր կերտվածքը։

Հերդերն իր նշանավոր երկում չէր կարող շրջանցել Հայաստանը եւ հայերին։ Ուշագրավ է նրա եզրահանգումը. հայերենը «հնադարյան հրաշալի լեզու է», բայց ահա այդ լեզուն կրող ժողովրդի  հայրենիքը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, արաբները, թուրքերը եւ ուրիշներ, ամայացրել երկիրը, խոչընդոտել հայերին՝ կառուցելու «գիտության եւ պետության իրենց շենքը»։

Այսպիսի եզրահանգման կարող էր գալ նա, ով ուսումնասիրել կամ ծանոթ է եղել Հայաստանի եւ հայերի պատմությանը։ Գերմանացի մեծ գիտնականը եղել է այդպիսին եւ, ինչպես դժվար չէ դատել նրա գնահատականից, համակրանք է ունեցել հայերի՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի նկատմամբ։

 

Հերակլիոսի հայ զորավարները

 

610 թ. Բյուզանդիայի կայսր հռչակվեց Հերակլիոսը, որը նշանակալից հետք թողեց իր երկրի պատմության մեջ։ Նրան հաջողվեց նախ պարտության մատնել պարսկական բանակին, ապա վերջ տալ այլազան ցեղախմբերի ասպատակություններին, որոնք  քայքայում էին երկիրը, ստեղծել կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգ, որն էական դեր խաղաց պետության ամրապնդման գործում։ Այս բոլոր ձեռնարկումներում նրա կողքին եղել են բազմաթիվ հայ գործիչներ, որոնցից առավել երեւելիների անունները մտել են Բյուզանդիայի պատմության մեջ։

Այդ երեւելիներից էր Մժեժ Գնունին, որին Հերակլիոսը 629 թ. նշանակել էր կայսրության արեւելյան շրջանների բանակաթեմի կառավարիչ։ Ընդհանրապես, այդ պաշտոնում նշանակվում էին զինվորական հայտնի գործիչներ, որոնց առաջին խնդիրն էր իրենց վստահված շրջաններում ապահովել երկրի անվտանգությունը, թշնամական ներխուժումների դեմ ստեղծել ուժեղ պաշտպանություն։ Մժեժ Գնունին այդ խնդիրը կատարեց հաջողությամբ, մասնակցեց կայսեր դեմ կազմակերպված դավադրության ճնշմանը, բայց ի վերջո ինքն էլ դարձավ դավադրության զոհ։

Ավելի վաղ՝ 625-ին, Հերակլիոսն իր հավատարիմ զինակիցներից մեկին՝ Իսահակ Հայկազնին, նշանակել էր փոխարքա Իտալիայում, այսինքն՝ բյուզանդական տիրապետության տակ գտնվող Իտալիայի կառավարիչ։ Հայազգի զորապետն այդ պաշտոնը վարեց 18 տարի եւ մեծ ծառայություններ մատուցեց Բյուզանդիային։ Հավանաբար այս հանգամանքը որոշիչ դեր խաղաց, որ Հայկազնին այդ պաշտոնում փոխարինի նույնպես հայազգի զորապետ Սահակ Կամսարականը, որին կոչում էին Իսահակ պատրիկ։ Աթոռանիստը Ռավեննա քաղաքն էր, որի եկեղեցիներից մեկում էլ թաղվել է ¥664 թ.¤։ Նա նույնպես կառավարչի պաշտոնը վարել է երկար ժամանակ՝ շուրջ 20 տարի։

Իտալիայի կառավարչի պաշտոնում հայազգի գործիչների նշանակումը կարծես թե դարձել էր ավանդական։ Սահակից հետո այդ պաշտոնը վարել է հայազգի զորապետ Գրիգորը, որի մասին այլ տեղեկություններ չկան։

Հերակլիոսի զորապետներից է եղել Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, որը եղել է Բյուզանդիայի սիցիլիական զորաբանակի հրամանատարը։ Այն, որ նա կրել է պատրիկ, պրոկոնսուլ, մագիստրոս տիտղոսները, արդեն իսկ վկայում է Բյուզանդիայում հայ զորապետի մեծ հեղինակության մասին։

Բյուզանդիայի համար ծանր իրավիճակ ստեղծվեց 7-րդ դարի 30-ական թվականներին Առաջավոր Ասիայում արաբների հայտնվելով։ Նրանք դարձան ինչպես Բյուզանդիայի, այնպես էլ  Պարսկաստանի ամենավտանգավոր թշնամիները։  Պարսիկները արաբների  դեմ դուրս եկան մեծաքանակ զորքով, այնուամենայնիվ, նրանց առաջինը 635 թ. պարտության մատնեց բյուզանդական զորախումբը։ Հերակլիոսն այդ զորախմբի հրամանատար էր նշանակել հայազգի զորապետ Վահանին։

 

Պայքարի մարդը

 

1872 թ. մարտին Վանում ստեղծվեց «Միություն ի փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակը, որի նպատակն էր կազմակերպել հայերի պայքարը թուրք հարստահարիչների դեմ։ Խմբակի հիմնադիրներից էր Արսեն Թոխմախյանը։ Ավարտել էր Վարագա վանքի ժառանգավորաց վարժարանը, տարվել Ա. Վանեցու, Գ. Սրվանձտյանի ազատասիրական գաղափարներով եւ համախոհների հետ բուռն գործունեություն ծավալել դրանց իրագործման համար։  Խմբակը, սակայն,  կարողացավ գոյատեւել երկու տարի՝ իշխանությունները հայտնաբերեցին այն եւ դաժանորեն հաշվեհարդար տեսան նրա անդամների նկատմամբ։ Արսենին հաջողվեց խույս տալ հետապնդումներից, մեկնեց Վերին Ագուլիս եւ զբաղվեց իր սիրած  մասնագիտությամբ՝ ուսուցչությամբ։ 1881-ին Էջմիածնում ձեռնադրվեց վարդապետ։

Ազատասիրական գաղափարները, սակայն, հանգիստ չէին տալիս Արսենին, եւ 1882-ին նա վերադարձավ Վան՝ շարունակելու ազատագրական պայքարը, միաժամանակ աշխատելու իր հարազատ կրթօջախում՝ ժառանգավորաց վարժարանում։ Տարիներ անց նա դարձավ վարժարանի տեսուչ։

Վանում գտնվելու շրջանը Արսենի համար չափազանց բուռն անցավ։ Մի կողմից՝ գաղտնի  գործողություններ ընդդեմ թուրք հարստահարիչների, հայրենասիրական ուժերի կազմակերպում, մյուս կողմից՝ մատաղ սերնդի կրթական գործ, բանասիրական հետազոտություններ, գրական աշխատանք։ Անուրանալի ձիրք  ուներ՝ գրում էր բանաստեղծություններ, եւ եթե ճակատագիրն այնպես դասավորվեր, որ հիմնավորապես զբաղվեր գրականությամբ, ապա արեւմտահայությունն ի դեմս նրա մի հիանալի բանաստեղծ էր ունենալու։

Արսենն  իր հայացքներով նարոդնիկ էր, գտնում էր, որ ազգային բարեկեցության հիմքը գյուղացու բարեկեցությունն է, եւ նրան պետք է ազատել ամեն տեսակի շահագործումից։ Այդ գաղափարները նա շարադրեց  իր «Հայրենիքի պահանջներ եւ հայ գյուղացին» ուսումնասիրության մեջ, որն առաջ էր քաշում ժամանակի համար անսովոր, թարմ մտքեր։

Այսպիսի անհատականությունը չէր կարող վրիպել թուրքական իշխանությունների ուշադրությունից։ Անպակաս էին հետապնդումները նրա նկատմամբ, բազմիցս ձերբակալվեց, բայց չդավաճանեց իր գաղափարներին։ Օղակը սեղմվում էր, եւ Արսենն ստիպված եղավ գաղտնի անցնել Պարսկաստան։  Թուրք պատժիչների ձեռքը, այնուամենայնիվ, այստեղ էլ հասավ նրան։ Նրան գտան Մակու քաղաքի մոտ գտնվող Ս. Նախավկա վանքում եւ սպանեցին դաժանորեն ¥1892¤։

Ազատագրական շարժման գործիչ, բանաստեղծ, բանասեր, մանկավարժ՝ այսպիսին մնաց Արսեն Թոխմախյանը 19-րդ դարի հայոց պատմության մեջ։

 

Այդ զարմանալի Մինասովիչները

 

Լայն հետաքրքրությունների տեր մարդ էր լեհահայ ազնվականի զավակ Յուզեֆ Մինասովիչը։ 1814-ին ավարտեց Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ երեք տարի անց նշանակվեց Լեհական թագավորական դատախազության գլխավոր թարգմանիչ, երկու տարի անց՝ երկրի դատախազի տեղակալ։ Իրավաբան լինելով՝ 1820-21 թթ. աշխատեց որպես Վարշավայի «Երաժշտական շաբաթաթերթի» խմբագիր։ Հետո անցավ մանկավարժական աշխատանքի, եղավ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր։ Այնքան մեծ ճանաչում ձեռք բերեց ֆինանսական ասպարեզում, որ 1828-ին նշանակվեց Լեհական թագավորության ֆինանսների նախարար։

Յուզեֆ Մինասովիչը ոչ պակաս հետաքրքրություններ ուներ գրականության եւ արվեստի նկատմամբ։ Բանաստեղծ էր եւ լայն ճանաչում  ձեռք բերեց «Մարդը» գրքով ¥1816¤։ Գրեց բազմաթիվ հոգեւոր երգերի տեքստեր, որոնք լույս տեսան առանձին գրքով ¥1825¤։ Սկսեց զբաղվել թարգմանական գործունեությամբ եւ դարձավ Շիլլերի, Գյոթեի առաջին թարգմանիչներից մեկը լեհական իրականության մեջ։ Նրա «Երկեր» բազմահատորյակը ժամանակին դիտվեց որպես գրական խոշոր երեւույթ։

Լեհաստանի պատմության մեջ հայտնի է եւս մեկ Յուզեֆ Մինասովիչ, նույնպես ազգությամբ հայ, որն ապրել եւ ստեղծագործել է 18-րդ դարում։ Եղել է իրավագիտության դոկտոր, խմբագրել «Մոնիթոր» հանդեսը, հրատարակել ավելի քան 40 հատոր պատմագիտական, իմաստասիրական, աստվածաբանական, խրատաբարոյական եւ այլ թեմաներով աշխատություններ, որոնց մեջ բազմաթիվ տեղեկություններ կան նաեւ լեհահայերի մասին։

Այս Յուզեֆ Մինասովիչն էլ էր բանաստեղծ եւ թարգմանիչ։ Ունի լեհահայերին նվիրված բազմաթիվ քերթվածներ, բանաստեղծությունների ժողովածուներ։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից, լատիներենից, իտալերենից, հունարենից։ Բոկաչչոյի, Պետրարկայի, Անակրեոնի, Հորացիոսի եւ այլոց շատ գործեր լեհերեն առաջին անգամ հնչել են Յուզեֆ Մինասովիչի շնորհիվ։ Ցավոք, նրա շատ ձեռագրեր այսօր համարվում են անհետ կորած։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Հոգևոր-մշակութային


21/08/2023