Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՍԵՐՏՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐՏԻԿԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ



 

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՍԵՐՏՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐՏԻԿԻ ԴԱՍԸՆԹԱՑԸԺամանակի հետ շարային պատրաստության վարժանքները ամառային զորակոչի ընթացում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների համար սովորական կդառնան, բայց մինչև երդման հանդիսավոր արարողությունը ամեն ինչ առայժմ անսովոր կլինի։ Ուսումնական ստորաբաժանման հրամկազմն անում է հնարավորը, որպեսզի երիտասարդները հեշտությամբ հարմարվեն զորամասային պայմաններին, արագ ինտեգրվեն բանակային կյանքին  և գիտակցաբար ու բարձր պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայությանը։

Տավուշից, Լոռիից, Գեղարքունիքից, Երևանից… Հանրապետության տարբեր գյուղերից ու քաղաքներից տղաները մեկտեղվել են հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու։

Անշուշտ, երդման արարողությանը նրանք կներկայանան զինվորական ծառայության այբուբենն անթերի սերտած, սակայն առջևում դեռ մարտական պատրաստության դասընթացներն են։ Հետո, ըստ պահանջվող կարգի, յուրաքանչյուրը իր ծառայությունը կշարունակի մշտական տեղակայման վայրում՝ ստանձնելով պետության պաշտպանության ու պահպանության սրբազան առաքելությունը:

Նոր միջավայր, նոր ընկերներ, զինվորական կարգուկանոն, որին դեռ հարմարվել է պետք: Ստորաբաժանման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալից տեղեկանում ենք, որ ադապտացիոն շրջանում ոմանք հոգեբանական աջակցության կարիք են ունենում։ Դա բնական  ընթացք է, շատ արագ պարզվում են նորակոչիկի մտահոգությունների ու անհանգստությունների պատճառները, շուտափույթ լուծումներ են տրվում դրանց:

Մեր զրուցակից նորակոչիկները վստահեցնում են՝ երբ գիտակցում ես՝ հանուն ինչի ես համազգեստ կրում, շատ արժեքներ ավելի շոշափելի են դառնում, կյանքի, ընտանիքի, ընկերության, հայրենիքի մասին գաղափարներն ու պատկերացումներն՝ ավելի իրական։ Տղաներն առավել մեծ պատասխանատվությամբ են կրում ազգային բանակի համազգեստն ու պատրաստակամ կատարելու հայրենիքի առաջ իրենց պարտքը։

Երդման արարողությանը հաշված օրեր են մնում, անհրաժեշտ է ևս մեկ անգամ վերանայել սովորածը, շտկել բացթողումները։ Մի քանի օրից հայրենիքի պաշտպանների նոր սերունդը կերդվի անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Ազգային բանակ


07/08/2023