Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆԵԼ ԱՌԱՔԻՆԻ, ԼԱՎԱՏԵՍ, ԶԲԱՂՎԵԼ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ



ԼԻՆԵԼ ԱՌԱՔԻՆԻ, ԼԱՎԱՏԵՍ, ԶԲԱՂՎԵԼ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲԱննային առաջին անգամ հանդիպեցի ատեստավորման քննությունների ժամանակ. երիտասարդ սպա-հոգեբանը որոշել էր ներգրավվել քննությունների առաջին իսկ հոսքում, և ինչպես ինքն էր ասում՝  ավելի լավ ճանաչել իր անձի հնարավորությունները, ունակություններն ու հմտությունները: Որոշեցինք հանդիպել ատեստավորումից  հետո, տեղեկանալ  արդյունքներին ու զրուցել նաև զորամասում սպա-հոգեբանի ծառայության մասին: Ի դեպ, 2022 թ. երկրորդ կիսամյակում ժամկետային զինծառայողների շրջանում անցկացված անանուն հարցումների արդյունքում՝ որպես հոգեբանի վստահության ամենամեծ քվեն տրվել է Աննային: Իսկ 2023 թ. առաջին կիսամյակում ավագ լեյտենանտ Աննա  Արզումանյանը ԶՈՒ-ում ուսումնական զորամասերի լավագույնը ճանաչված սպա-հոգեբաններից մեկն է եղել:

 

Երբ ատեստավորման քննությունները հանձնելու նպատակով զորամասում սկսվեց զինծառայողների կամավորագրումը, Աննան առաջիններից էր: Իր առջև գերնպատակ էր դրել՝ գիշեր-ցերեկ պատրաստվել և լավ հանձնել բոլոր քննությունները:

-Իմ ծառայակիցները տեսել են, կվկայեն, թե ինչ ջանասիրությամբ էի աշխատում՝ տարբեր վարժություններից ցուցանիշներս բարելավելու համար,- ասում է Աննան,- թե՛ վազքից, թե՛ կրակայինից և այլ վարժություններից:

Ատեստավորումն ինքնաճանաչման կարևոր փորձառություն է եղել Աննայի համար:

-Իմացա, թե ինչպիսին է ֆիզիկական, կրակային պատրաստությանս աստիճանը, մասնագիտական գիտելիքներիս մակարդակը, հոգեբանական պատրաստվածությունս: Պատվով հանձնեցի բոլոր քննությունները, ինչի համար շատ ու շատ ուրախ եմ: Շնորհակալ եմ, որ մեզ՝ զինծառայողներիս, նման հնարավորություն է ընձեռվել՝ այս կերպ թե՛ բարելավելու մեր ֆինանսական դրությունը և թե՛ ինքներս մեզ, մեր հնարավորություններն ավելի լավ ճանաչելու:

Իմ հորդորն է գործընկերներիս, որոնք դեռևս քննությունների հետ կապված մտավախություններ ունեն՝ մոռացե՛ք կարծրատիպային մոտեցումները: Երբեմն այնպիսի մտահոգություններ եմ լսում, որ ոչ մի ընդահնուր բան չունեն իրական գործընթացի հետ: Իսկ այն տրամադրությունները թե՝  «չի լինի», «հնարավոր չէ», «չեմ կարողանա» և այլն, ընդամենը հոգեբանական բացասական ազդակներ են, որոնք խանգարում են լիարժեք դրսևորել մեր իրական կարողությունները: Իմ օրինակով կարող եմ փաստել, որ միմիայն աշխատասիրությունը կարող է լիարժեք դրական արդյունք ապահովել: Եվ երբ դրան գումարվում է նաև լավատեսությունն ու նպատակին հասնելու համառությունը, կարող ենք բարձր ցուցանիշների հասնել: Ի դեպ, շատ կարևոր է իմանալ, որ ատեստավորումից հետո երեք ամսվա ընթացքում զինծառայողին հնարավորություն է տրվում բարելավելու արդյունքները՝ կրկին հանձնելով այն քննությունները, որոնցից, ըստ իրենց, կարող էին ավելի բարձր ցուցանիշներ գրանցել:

Ինչ վերաբերում է սպա-հոգեբանի մասնագիտությանը՝ Աննան ասում է.

-Հոգեբանի աշխատանքը, առհասարակ, և առավել ևս՝ զինվորական հոգեբանինը, շատ պատասխանատու է։ Քո մի խոսքով կարող ես ոգևորել, ճիշտ տրամադրություն հաղորդել մարդուն և կարող ես նաև վնասել։ Համապատասխան հոգեվիճակ մշակելը հոգեբանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Յուրաքանչյուրս մեր կյանքում մի առաքելություն ենք իրականացնում, և ես՝ որպես սպա-հոգեբան, իմ առաքելությունը, հուսով եմ, կատարում եմ պատվով։ Անչափ շնորհակալ եմ իմ հրամանատարությանը, որ գնահատել ու գնահատում է աշխատանքս։

Այսօր արդեն Աննա Արզումանյանն իրեն չի պատկերացնում մեկ այլ բնագավառում, մինչդեռ մտքով անգամ չէր անցել, որ մի օր կընտրի հենց զինված ուժերում ծառայությունը և հոգեբանի մասնագիտությունը:

-Հիշում եմ, երբ դեռ դպրոցական էի, ՆԶՊ դասերին ներքուստ շատ էի ընդդիմանում. «Կինն ինչպե՞ս կարող է զենք կրել, կրակել սովորել: Հավսար-զգա՛ստ անել: Սա իմը չէ՛»: Ինձ միշտ բեմի վրա էի տեսնում՝ որպես պարուհի:  Սակայն, ինչպես ասում են՝ «Երբեք մի՛ ասա՝ երբեք»:

Կարող է՝ տարօրինակ հնչել, բայց սկզբում սովորել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որն ավարտել եմ ռեժիսորի մասնագիտությամբ։ Բալետմայստեր եմ։ 2009 թ. լսեցի, որ պաշտպանության նախարարության երգի ու պարի համույթին պարողներ են հարկավոր։ Ոգևորված դիմեցի։ Զինվորականությանն առնչվող առաջին քայլերս, այսպիսով, սկսեցի երգի-պարի համույթից, որը տարիներ անց փոխարինեցի լիարժեք զինվորական ծառայությամբ։ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն ավարտելիս, որին զուգահեռ պարում էի զինվորական երգի-պարի համույթում,  արդեն այնքան էի սիրել զինվորական գործը, որ  իմ ապագան տեսնում էի միայն զինված ուժերում ու որոշեցի, որ պետք է ընտրեմ մի մասնագիտություն, որով է՛լ ավելի օգտակար կլինեմ ծառայությանը։ Ընդունվեցի ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև իմանալով, որ մանկավարժական համալսարանում հենց զինվորական հոգեբանության ֆակուլտետ է բացվել, տեղափոխվեցի այդ բուհը։

Ուսմանը զուգընթաց՝ Աննան նաև բազմաթիվ դասընթացների ու թրեյնինգների է մասնակցել, մագիստրատուրան ավարտելուց և զորամասում նշանակում ստանալուց հետո էլ վերապատրաստվել ու գերազանցությամբ ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպա-հոգեբանների դասընթացները:

-Այստեղ մեզ հետ աշխատում էին լավագույն մասնագետները: Հոգեբանության հետ մեկտեղ՝ ուսումնասիրել ենք նաև իրավագիտություն, ռազմարվեստ և այլ կարևոր առարկաներ, որոնց հետ կարող է առնչվել զորամասում ծառայող սպա-հոգեբանը: Վերապատրաստվել ենք մեր հանրապետության լավագույն հոգեբանական կենտրոններում:

-Ցանկացած աշխատանքի պետք է սիրով մոտենալ,- ասում է Աննան,- եթե սիրում ենք այն, ինչով զբաղվում ենք, ապա ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա։

Երբ որպես հոգեբան մուտք գործեցի զորամաս, հսկայական պատասխանատվություն էի զգում. գիտակցում էի, որ իմ՝ որպես հոգեբան թույլ տված ցանկացած փոքրիկ  վրիպում  կարող է մարդու հոգուն վնաս հասցնել: Սակայն ամեն ինչ շատ արագ իր հունով ընթացավ, և հիմա շատ ուրախ եմ, որ այն գիտելիքները, որ ստացել եմ ուսումնառությանս ողջ ընթացքում, կարողանում եմ համադրել զինվորական ծառայության յուրահատուկ պահանջների, կարգացուցակի հետ՝ նպաստելով մեր զորամասի բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը:

Աննայի աշխատանքը հիմնականում կապված է  ժամկետային զինծառայողների, ինչպես նաև պայմանագրայինների և որոշակի առումով նաև սպայական կազմի հետ:

-Ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների  դեպքում, իհարկե, շատ կարևոր է հարմարվելու խնդիրը: Միջավայրը նոր ու անծանոթ է, առօրյան խիստ տարբերվում է քաղաքացիական կյանքից: Բացի այդ, այս տարիքի երիտասարդները ինքնաճանաչման կարևոր փուլում են: Ես միշտ զորամաս գալու հենց հաջորդ օրը զրուցում եմ նորակոչիկների հետ, ասում եմ. «Սիրելի՛ զինվորներ, մի՛ դժգոհեք խստապահանջությունից, որովհետև որքան զորամասում խստություն և կարգապահություն է տիրում, այնքան ձեր ծառայությունն ավելի անվտանգ ու ապահով կլինի, այնքան ձեր ծնողներն ավելի հանգիստ կլինեն ձեզ համար»: Շատ կարևոր է, որ մեր հրամանատարը միշտ զինվորի կողքին կանգնած է՝ պատրաստ լսելու,  հասկանալու և ընդառաջելու: Իսկ խստապահանջության և հոգատարության համադրումն, իհարկե, լավագույն արդյունքն է տալիս:

Բացի այդ, ցանկացած խնդրի վերաբերյալ զրույցներ ու առանձնազրույցներ եմ ունենում՝ լինի դա հուզակամային ոլորտին վերաբերող հարց, ինչ-ինչ պատճառներով նյարդային լարվածության հետ կապված խնդիր և այլն, և այլն: Այս կամ այն խնդիրը վեր հանելու բազմազան մեթոդիկաներ ունենք և դրան համապատասխան լուծման մեթոդներ ենք ընտրում և կիրառում: Զինվորներիս հետ փորձում եմ շատ անմիջական լինել, հասարակ, կարեկից ու բարեկամական: Եվ նրանց՝ իմ հանդեպ  վստահությամբ հատուցվում է իմ վերաբերմունքը: Շատ ուրախ եմ, որ կա այս վստահությունը, որ ամեն ինչ արվում է հօգուտ և ի նպաստ տվյալ զինծառայողի: Չափազանց կարևոր է նաև դրական տրամադրվածությունը. ժպիտը, լավատեսությունն ու կենսուրախությունը՝ անկախ ամեն ինչից: Երբ հոգեբանն իր դրական տրամադրությունը փոխանցում է օգնության համար եկած մեկին, սա  միշտ էլ տրամադրում է մարդուն, որ ամեն խնդիր լուծելի է:

Մեր զորամասը ուսումնական զորամաս է: Բնականաբար, մեր ժամկետայինների՝ մշտական տեղակայման զորամաս տեղափոխվելուց հետո շարունակում ենք կապ պահպանել, հետևել նրանց հետագա ծառայության որակին, հարմարվելու ընթացքին: Հուրախություն ինձ՝ միշտ միայն դրական հետադարձ կապ է լինում: Լսում ենք, որ մեր տղաները լավ պատրաստված են, ոգևորությամբ են ծառայում, պարտաճանաչ են: Սա, իհարկե, առաջին հերթին գալիս է մեր զորամասի ղեկավարությունից: Երբ հրամանատարությունը, սպայական անձնակազմը ճիշտ աշխատանք են տանում ենթակաների հետ, այդ զորամասում կլինի կարգապահություն, կարգ ու կանոն և բարձր ցուցանիշներ:

«Որպես կին՝ ծառայության անցնելու հետ կապված դժվարություններ եղե՞լ են, թե՞ ոչ» հարցիս Աննան պատասխանում է անկեղծորեն.

-Այո՛, եղել են: Մրցակցության պես մի բան լինում է, իհարկե: Բայց ասեմ, որ դա երբևէ չի խոչընդոտել, այլ ընդհակառակը՝ ավելի ուժեղ է դարձրել ինձ: Ընդհանրապես, մեր կին զինծառայողներին խորհուրդ կտամ երբևէ ուշադրություն չդարձնել այն բացասական ազդակներին, որոնք, հնարավոր է, գան շրջապատողներից և ձգտել ու հասնել իրենց առջև դրված բոլոր նպատակներին:  Ցանկացած աշխատանքում էլ լինում են խնդիրներ, ինչ-ինչ խոչընդոտներ, մարդիկ, որոնք ցանկանում են քեզ բարդույթավորել, բայց այդ ամենին պետք է ժպիտով նայել, և կարևորը՝ նման մարդկանց ոչ թե նույն կերպ է պետք պատասխանել, այլ հակառակը՝ ավելի հոգատար ու լավ վերաբերվել նրանց, չէ՞ որ ինքնաբավ մարդը երբևէ ուրիշին նսեմացնելու խնդիր չի կարող ունենալ: Ասեմ, որ որպես հոգեբան առհասարակ շփման մեջ թույլ չեմ տալիս սահմաններ հատել, և դա հեշտացնում է իմ բոլոր հարաբերությունները զորամասում: Ինչ վերաբերում է տղամարդ զինծառայողներին,  երբևէ իմ ծառայողական կյանքում խնդիրներ չեն եղել: Հարգանքն ու բարեհամբույր վերաբերմունքը միշտ ուղեկցել են ինձ:

Ի դեպ, ինձ շատերն են ասել և ասում են. «Ի՞նչ գործ ունես զինված ուժերում, քեզ սազական է զուտ կանացի ինչ-որ մասնագիտություն»: Իսկ ես պատասխանում եմ.

-Ո՛չ: Իրականում հենց այստե՛ղ է իմ տեղը:

Ասեմ, որ շատ եմ կարևորում բարեկրթությունը, հատկապես՝ զորքերում: Երբեմն ծառայողական առօրյայում մարդիկ մոռանում են բարեկրթության մասին: Հատկապես կանանց է սա վերաբերում: Ես չեմ ընդունում այն զինվորական կանանց, որոնք զինվորական համազգեստի մեջ կորցնում են իրենց կանացիությունը, նրբությունը և անգամ բարեկրթությունը: Բարեկրթության նորմերը պետք է պահպանե՛լ: Որպես ՀՀ զինված ուժերի կին զինծառայող՝ ինձ համար կարևոր է մնալ կանացի, հեզ, բարի, դրական, առաքինի, և ամենակարևորը՝ միշտ լինել աշխատասեր, հաստատակամ ու երբեք  չդադարեցնել ինքնակրթությունը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/08/2023