Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ



ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԶինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։ Քննությունների ընթացքում ստուգվում են նրանց մասնագիտական, տեսական գիտելիքները և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստության աստիճանը։ Սրանով լուծվում են մի քանի կարևոր խնդիրներ, այդ թվում՝ զինծառայողների սոցիալական պայմանների զգալի բարելավումը, նրանց մասնագիտական գիտելիքների, ֆիզիկական, մարտական պատրաստության վիճակի բարձրացումը։

Կառավարության հաստատած կարգի համաձայն՝ ատեստավորման գործընթացում ներկայումս ներգրավված են մարտական խնդիր իրականացնող, պլանավորող կամ վերահսկող պաշտոնների սպայական, ենթասպայական և շարքային կազմերը։

Մասնագիտական քննիչ հանձնաժողովի անդամների դիտարկումներով՝ ծրագրի մեկնարկից ի վեր զինծառայողների շրջանում նկատվում է աճող հետաքրքրություն, ոգևորություն և դրանց ներգրավվելու ցանկություն։ Սրա համար կարևոր նախապայման են դառնում արդեն իսկ ատեստավորումն անցած զինծառայողների գոհունակությունը դրա ընթացքից, թափանցիկությունից, իրենց գրանցած ցուցանիշներից և արդյունքում ձեռք բերած նոր հնարավորություններից՝ աշխատավարձի նշանակալի բարձրացում, մասնագիտական աճի նոր հեռանկարներ և, իհարկե, սեփական ուժերի ու մասնագիտական կարողությունների հանդեպ վստահության վերահաստատում։

Ինչպես նշում է 3-րդ ատեստավորման հանձնաժողովի շտաբի պետ, գնդապետ Վազգեն Վարդանյանը, ատեստավորումն ընթանում է բնականոն հունով՝ պահպանելով սոցիալական արդարության և թափանցիկության սկզբունքները։

-Ստուգող հանձնաժողովը կրում է համահավաք բնույթ. դրա կազմում ներգրավված են նաև այլ ծառայություններից մասնակիցներ, որոնք ապահովում են գործընթացի է՛լ ավելի մեծ թափանցիկությունը։ Այս պահին ատեստավորման հերթական հոսքի հետ ենք աշխատում։ Քննական ամբողջ գործընթացը արձանագրվում է նաև տեսանկարահանմամբ՝ այն է՛լ ավելի օբյեկտիվ դարձնելու նպատակով։ Նշեմ, որ մինչ այս պահը չի եղել և ոչ մի գանգատ։

Անձնակազմի շրջանում մեծ ոգևորություն կա։ Բոլոր մասնակիցները ձգտում են հաղթահարել բարձր նշաձողը և ըստ ամենայնի բարելավել իրենց ֆիզիկական ու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները։ Ընդհանուր առմամբ, կարելի է վստահաբար ասել, որ այս ծրագիրը զինված ուժերի մարտունակությունը բարձրացնող ևս մի կարևոր խթան է։

Հետզհետե ավելի ու ավելի ակնառու է դառնում շահառուների թվի աճը. մեկը մյուսին պատմում է, թե ինչպես են ընթանում քննությունները, վկայում, որ ատեստավորումն անցնում է թափանցիկ, արդար։ Ներգրավված զինծառայողների շարքում կան նաև մարտական գործողությունների ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում տարատեսակ վնասվածքներ ստացած զինծառայողներ, որոնց մոտ առկա են ֆիզիկական որոշակի սահմանափակումներ։ Ըստ կառավարության որոշման համապատասխան հոդվածների՝ հանձնաժողովի կողմից դրանք դիտարկվում են որպես հարգելի պատճառ, ինչը ևս կարևոր հանգամանք է արդարության սկզբունքի պահպանման տեսանկյունից։

Ասեմ, որ ատեստավորման արդյունքներով բավականին բարձր են հրաձգության ցուցանիշները, նույնը կարելի է ասել նաև շարային պատրաստության մասին։ Նաև նշեմ, որ քննությունից քննություն է՛լ ավելի են բարձրանում ցուցանիշները։ Ճիշտ է՝ տվյալ ձևաչափով ատեստավորումը առաջին անգամ է անցկացվում, սակայն դրա տեմպերն ու արդյունքները վկայում են, որ գործընթացն արդեն իսկ լիովին հունի մեջ է մտել, կայացած է։

Ուսումնական կենտրոնի հրաձգային ջոկերի հրամանատարների պատրաստության դպրոցի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Հայկ Վարդանյանը ատեստավորման մասնակիցներից է:

– Մինչև այս պահը «գերազանց» և «լավ» արդյունքներ եմ գրանցել, նույն կերպ էլ, վստահ եմ, կշարունակեմ։ Ծառայության ընթացքում պատրաստվում ենք, կատարելագործում մեր ֆիզիկական վիճակը։ Պարզ է, որ ամենօրյա աշխատանքի արդյունք են այսօրվա իմ գնահատականները: Սա է պատճառը, որ մեզ համար այսօր շատ ավելի դյուրին է ատեստավորման քննություններում լավ ցուցանիշներ գրանցելը, քան, եթե փորձեինք կարճ ժամկետներում մեծ խնդիրներ լուծել։ Ուստի, խորհուրդ կտամ բոլորին ամեն օր զբաղվել ինքնուսուցմամբ, ինքնակատարելագործմամբ, բարելավել ֆիզիկական պատրաստության վիճակը։

Քննական երկրորդ օրն է։ Երեկ հանձնել էինք կրակային պատրաստությունը և մեթոդական թեստավորումը։ Այսօր հանձնում ենք ֆիզիկական պատրաստությունն ու շարային պատրաստությունը։ Վաղը արդեն կավարտենք ատեստավորումը 3 կմ վազքով։ Բոլորն անխտիր ձգտում են բարձր ցուցանիշներ գրանցել։ Կարևոր է, որ սպան անցնի այս ամենով և կարողանա իր ենթակային ավելի լավ գիտելիքներ հաղորդել։ Չէ՞ որ, որքան ավելի պարաստված է հրամանատարը, այնքան նրա ստորաբաժանման պատրաստվածությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր կլինի։ Կարևոր ու գոհացուցիչ է նաև աշխատավարձի բարձրացման հեռանկարը։ Այսպես լուծվում են որոշակի սոցիալական հարցեր։ Չափազանց կարևոր է նաև, երբ մարդ իրեն գնահատված է զգում։ Կասեմ, որ շատ արդիական ու կարևոր գործընթաց է։

Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Գրիգորի Գևորգյանը ևս վստահ է իր ուժերին:

-Մշտապես լրջորեն զբաղվել եմ թե՛ ֆիզիկական և թե՛ ընդհանուր՝ մարտական պատրաստությամբ, ինքնակրթությամբ։ Իսկ ատեստավորման քննությունների համար արդեն սկսել եմ կոնկրետ վարժությունների ցուցանիշների բարձրացման ուղղությամբ աշխատել։ Ընդհանուր քննության արդյունքները լավ են։ Ատեստացիան դեռ ընթացքի մեջ է, և ես հույս ունեմ, որ վերջնական արդյունքները ևս լավ կլինեն։

Ոգևորիչ է, իհարկե, որ ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացում է սպասվում, բայց պակաս կարևոր չէ նաև, որ թե՛ ֆիզիկական, թե՛ մարտական պատրաստության տեսանկյունից է՛լ ավելի մեծ ձգտում է առաջանում զինծառայողի մեջ նշաձողն ավելի ու ավելի բարձրացնելու։

Ավագ լեյտենանտ Աննա Արզումանյանը ծառայում է N զորամասում՝ որպես զորամասի սպա-հոգեբան։ 2023 թ. առաջին կիսամյակի ամփոփիչ արդյունքներով ճանաչվել է ԶՈՒ լավագույն սպա-հոգեբան։

-Ինքս եմ ցանկություն հայտնել մասնակցելու ատեստավորման առաջին իսկ հոսքին։ Հրամանատարությունս ողջունել է իմ որոշումը։ Ինքս ինձ եմ փորձում, ստուգում մասնագիտական գիտելիքներս, առհասարակ՝ ֆիզիկական, ուժային պատրաստվածությանս աստիճանը։ Տրամադրվածությունս շատ դրական է։ Փորձում եմ իմ հանդարտ, լավ տրամադրությունը փոխանցել նաև ատեստավորմանը մասնակցող իմ մյուս ընկերներին, նաև իմ հոգեբանական հմտություններով օգտակար լինել։

Երեկ մասնակցել եմ կրակային պատրաստության քննությանը, ստացել «լավ» գնահատական։ Այսօր ֆիզիկական պատրաստության քննությունն եմ հանձնել, որի արդյունքներով իմ տարիքային խմբում երրորդ տեղը գրավեցի։ Շուտով կհանձնեմ նաև շարային պատրաստության քննությունը։ Վստահ եմ, որ լավ կհանձնեմ,- ժպտում է Աննան։-Այս ատեստավորումը հնարավորություն է՝ ավելի լավ ճանաչելու իմ անձի սահմանները, իմ ունակություններն ու հմտությունները, պարզել՝ կարողանո՞ւմ եմ արդյոք հեշտությամբ հաղթահարել փորձությունները։ Իհարկե, մեծ է նաև ֆինանսական գործոնի դերը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն էլ դա կհաստատի. սա կարևոր խթան է, որ բարձր ցուցանիշներ գրանցենք։ Ոգևորիչ է նաև, որ ցանկացած դրական արդյունքի դեպքում աշխատավարձը էականորեն բարձրանում է։ Ի դեպ, թող չհիասթափվեն նաև մեր այն զինծառայողները, որոնք ատեստավորման այս փուլում ինչ-որ մի քննությունից «անբավարար» գնահատական կստանան, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռված ամիսներ անց վերահանձնելու տվյալ քննությունը։

Առիթից օգտվելով՝ դիմեմ նաև զինված ուժերի մեր բոլոր կին զինծառայողներին։ Բացի այն, որ ֆիզիկական մարզվածությունը կարևոր է առողջական վիճակի պահպանման համար, պարտավոր ենք նաև չմոռանալ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառված չէ, և մենք պետք է ամեն օր ու ժամ պատրաստ լինենք զորավիգ լինելու մեր զինակից ընկերներին։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/07/2023