Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸԱմառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած տղաները աստիճանաբար ընտելանում են զինվորական կյանքին, բանակային կարգ ու կանոնին և օրեցօր ավելի լավ են յուրացնում ռազմական գործի առանձնահատկությունները: Նորակոչիկներն արդեն հասցրել են ծանոթանալ զորամասային առօրյային, և ահա, լրիվ հանդերձավորված, խրոխտ կեցվածքով կանգնած են շարահրապարակում՝ կազմ-պատրաստ շարային առաջին ստուգատեսին։

Տպավորությունները վառ են։ Առաջին շաբաթն ամփոփում են մեծ ոգևորությամբ: Նրանց համար անսովորը, թերևս, միայն սովորականից վաղ արթնանալը, օրվա կարգացուցակով սահմանված ժամերին սնվելն ու մարզվելն էր։

– Սկզբում, իհարկե, շատ անսովոր էր, բայց այս երկու շաբաթում աստիճանաբար համակերպվեցի,- ասում է նորակոչիկ Գագիկ Մեխակյանը:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ– Առաջին տպավորությունները լավ են,- ասում է Անդրանիկ Ավետիսյանը:

– Կարգապահ լինել, լավ սովորել զինվորական մասնագիտությունը և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը,- միանում է նորակոչիկ Սերյոժա Մնացականյանը:

– Ինչպես է անցնում օրը,- հետաքրքրվում ենք նրանցից:

– Շատ հագեցած ու դժվար: Օրակարգը լրիվ ուրիշ է, ազատ գրաֆիկով չենք շարժվում, բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք,- անկեղծանում է Սուրեն Մանուկյանը:

– Ամեն օր շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ են: Հրամանատարները մեզ շատ լավ են վերաբերվում և մենք էլ փորձում ենք մեր ծառայությամբ ու վարքով, հրամանները ժամանակին կատարելով, նրանց լսելով նույնը փոխադարձել իրենց,- ընկերոջն է միանում նորակոչիկ Դավիթ Արզումանյանը:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ– Էնքան ծանրաբեռնված ենք, որ չենք էլ նկատում, թե երբ է օրը մթնում: Բայց քանի որ շատ լուրջ առաքելությամբ ենք եկել, ուրեմն պատրաստ ենք հաղթահարել ցանկացած դժվարություն,- ասում է Արամ Գևորգյանը:

Ուսումնական ստորաբաժանումներում «Երիտասարդ մարտիկի» դասընթացն է, զինվորական այբուբենն են սերտում, սովորածը կրկնում, պատրաստվում։ Հաջորդող շաբաթների համար գլխավոր անելիքը երդման հանդիսավոր արարողությանը հավուր պատշաճի ներկայանալն է, քանի որ հարազատները առաջին անգամ են իրենց որդիներին տեսնելու զինվորական հանդերձանքով։

Շատերն առաջին անգամ են զենք տեսնում, ծանոթանում զինված ուժերում կիրառվող զինատեսակների բնութագրերին, սովորում հնարավորինս սեղմ ժամկետում ինքնաձիգը քանդել- հավաքել:

– Երկու տարի, որպես անբաժան ընկեր, այս զենքն ինձ հետ է լինելու, դրա համար պետք լավ սովորեմ, ընտրածս մասնագիտությանն ու զենքին կատարյալ տիրապետեմ, որպեսզի մարտական հերթապահության ժամանակ հեշտ լինի,- ասում է Գոռ Դավթյանը:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸԶինվորի համար ռազմական գիտելիքը իհարկե կարևոր է: Սակայն ոչ պակաս կարևոր է նաև ֆիզիկական պատրաստությունը։ Ուստի ամեն օր, սահմանված կարգով, ֆիզպատրաստության ավանում նրանք ջանասիրաբար մարզվում են, ինչն անչափ կարևոր է դժվարությունները հաղթահարելու, կոփվելու և մարտունակ զինվոր դառնալու համար։

– Բանակ գալուց առաջ պետք է ֆիզիկակապես լավ պատրաստված ու կոփված լինես, որ ծառայության ժամանակ դժվարությունները հեշտությամբ հաղթահարես,- համոզված է Վահան Եփրեմյանը:

Ուսումնական զորամասի սպաները փորձառու, մարտական ուղի անցած հրամանատարներ են, գիտեն ինչպես աշխատել նորակոչիկների հետ, ինչպես պատանիներին դարձնել անպարտելի ու խելացի կրտսեր հրամանատարներ։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ– Այժմ անձնակազմին պատրաստում ենք զինվորական երդմանը, որից հետո նրանք ըստ իրենց մասնագիտությունների կբաժանվեն համապատասխան ստորաբաժանումների: Մեր համար առաջնայինը իսկական մարտիկ ու հայրենիքի պաշտպան պատրաստելն է, որը կկատարի իրեն առաջադրված մարտական ցանկացած խնդիր,- ասում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Աբգարյանը:

Նորակոչիկների համար երբեմն դժվարությունները կարող են հոգեբանական լինել: Ընտանիքից հեռու, արդեն ինքնուրույն, նոր միջավայրում ու նոր իրադրության պայմաններում պետք է ցուցադրեն իրենց կարողությունները։ Հարմարվելու այս շրջանը մեղմելու և զինվորական կյանքին ավելի արագ ու հարթ անցնելու նպատակով նորակոչիկների հետ ամենօրյա զրույցներ են անցկացնում սպա-հոգեբանները։

Եվ սա զինվորական երկամյակի երկրորդ շաբաթն է, ծանոթության, հարմարվելու օրերը, որ արդեն տղաները հաջողությամբ անցկացրել են: Առաջիկայում բարդ, բայց հետաքրքիր մարզումներն ու վարժանքներն են։ Մշակված ժամանակացույցով կլինեն զորավարժարաններում և գործի դնելով իրենց ամրակցված զենքերը՝ դիպուկ կխոցեն թիրախները։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ– Տեսական պարապմունքները, դասընթացները պետք է շատ լավ յուրացնեմ, որ գործնականում խնդիրներ չծագեն իմ առաջ: Մի քանի օրից գնալու ենք կրակելու և ես այնտեղ ցույց կտամ իմ գիտելիքները,- վստահ տոնով ասում է Կիմ Ավագյանը:

Մինչև տարեվերջ, նորակոչիկները կսովորեն զինվորական մասնագիտությունները, կդառնան հմուտ հրետանավորներ, հակաօդային պաշտպաններ, հետախույզներ ու մարտական հերթապահություն իրականացնելուն պատրաստ ժամկետայիններ։ Ծառայության մեկ քառորդը թիկունքում թողնելուց հետո արդեն կմեկնեն հիմնական զորամասեր ու կնշանակվեն ըստ իրենց մասնագիտությունների, կարողությունների՝ կատարելով ամենասուրբ առաքելությունը՝ հայրենիքի պաշտպանությունը։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/07/2023