Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸ



ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸՍեպտեմբերյան կիրակին Տիգրանն ու Հասմիկն արդեն ծրագրել էին ինչպես անցկացնել, բայց առավոտյան զորամասից հնչած զանգը ոչ միայն հանգստյան օրվա նպատակները փլուզեց, այլ մի ամբողջ կյանքի… Պատերազմ էր…

Տիգրանը ապրիլյան մարտական գործողությունների մասնակից էր, կռվել էր ամենաթեժ կետերից մեկում՝ Թալիշում:

Մեկ տարի էլ չկար, որ Տիգրանն ամուսնացել էր, հաշտ ու համերաշխ, ներդաշնակ ընտանիք էին կազմել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը:

-Տիգրանը տղամարդու կատարելատիպ էր՝ վեհանձն, պատվախնդիր, վճռական, ուժեղ, բայց երկար ժամանակ մերժում էի նրան, քանի որ հստակ պատկերացնում էի զինվորական կյանքի հնարավոր բոլոր դժվարություններն ու վտանգավորությունը,- պատմում է կինը՝ Հասմիկը:- Բայց ամեն հանդիպում ավելի ու ավելի էր մտերմացնում մեզ, սրճարաններ հաճախ չէինք գնում, ավելի շատ քաղաքն էինք միասին ոտնատակ անում, ու ամեն անգամ Տիգրանն  ինձ համար Երեւանի մի նոր վայր էր բացահայտում, մի գողտրիկ անկյուն:

Քայլում էր երիտասարդ զույգը քաղաքում ու միասին ապագայի անուրջներ հյուսում:

-Մեր տղան թող լինի հայրիկի նման սրտոտ, բարի, ազնիվ,- ասում էր Հասմիկը:

-Իսկ աղջիկը մայրիկի պես գեղեցիկ, մի քիչ նեղացկոտ, մի քիչ գոռոզ, -կատակով հակադարձում էր Տիգրանն ու չարաճճի ժպիտով սպասում Հասմիկի արձագանքին։

Հետո արդեն իրենց ապագա զավակների ապագա մասնագիտություններն էին որոշում.

-Շատ եմ ցանկանում, որ մեր երեխաները իրավաբան կամ բժիշկ լինեն,- երազանքը բարձրաձայնում էր Հասմիկը, իսկ Տիգրանը «խմբագրում» էր՝ տղաս նախ պիտի զինվոր լինի, հայրենիքի պաշտպան։

-Տիգրանի հայրենապաշտությունն ու մարդկանց հանդեպ նվիրումը սահմաններ չուներ: Ես ամեն օր նորովի էի բացահայտում Տիգրանին, ու ամեն օր շնորհակալ լինում Աստծուն, որ հենց ինքն է իմ կյանքի ընկերը՝ առաքինի, պարկեշտ, ազնիվ,- խոստովանում է Հասմիկը:- Տասնմեկ ամիս ես կատարյալ երջանիկ եմ եղել, ամեն օրը լցված էր անհուն սիրով, բոլորին չի վիճակված նման մեծ սեր ապրել, այնքան մեծ, որ մինչ օրս ապրեցնում է, լուսավորում… Մեկ-մեկ ասում էի՝ Տիգրա՛ն, որ իմանայի՝ այդքան լավն ես, ավելի շուտ կամուսնանայի:

Շրջապատում բոլորն են Տիգրանին ջերմությամբ հիշում ու բնութագրում՝ լավ ընկեր, ծնողապաշտ զավակ, մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր…անսահման բարի, հոգատար, երջանկանում էր երջանկացնելով։

-Տիգրանը մեր տան լույսն էր ու արեւը,- ասում է մայրը՝ Անժելան։

-Այնքան նպատակներ ուներ՝ տուն կառուցել, երեխաներ ունենալ,- որդու երազանքներն է  թվարկում հայրը՝ Վահան Զաքարյանը,- մեկ-մեկ խնդրում, համոզում էինք, որ զինվորական գործը թողնի, ուրիշ մասնագիտություն ընտրի, Տիգրանը կարճում էր՝ բոլոր երազանքներն իրագործվում են խաղաղ հողի վրա…

Զինվորական էր ուղնուծուծով, մտածելակերպով։

Մարտական ընկերները պատմում են Տիգրանի անսահման խիզախությունից, անձնուրաց նվիրումից, մարտադաշտում արծվի նման է կռվել, պաշտպանել դիրքերը:

Պատմում է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Գեւորգյանը. «Կրակը չէր դադարում, ամենուր արկերից առաջացած փոսեր էին, վիճակն օրհասական էր, ու հենց ծայրահեղ իրավիճակներում ես մարդկանց ճանաչում, բացահայտում նրանց։ Տիգրանը վախ չուներ, քաջության մարմնացում էր, փայլուն իրագործում էր ցանկացած բարդության մարտական առաջադրանք… »:

Մյուս զինակից ընկերն էլ՝ Վազգենը, լրացնում է. «Տիգրանի հետ կարող էիր առանց մտավախության մտնել մարտի դաշտ՝ վստահ, որ կարող ես անվարան հույս դնել նման պատրաստված ու խիզախ մարտիկի վրա…»։

Նռնակաձիգ էր, իր գործի վարպետ, ու նռնակներն անվրեպ հասնում էին նպատակին, ամեն կրակելուց հետո տեղն արագ փոխում էր, որ թշնամին չհասցնի թիրախավորել…

-Երբ մի պահ ժամանակ էր գտնում մարտերի արանքում,  անպայման զանգում էր,  կարճ րոպեների մեջ անգամ բոլորից անխտիր հետաքրքրվում էր, զգուշացնում, ասում էր՝ չանհանգստանանք, կապ չկա, հնարավոր է՝ երկար ժամանակ չզանգեմ… Երբեք չասաց, որ սահմանին է, որ  թեժ կռիվների կիզակետում է, միշտ հումորով փակում էր թեման։ Մի անգամ էլ հեռախոսը խոսելիս անջատեց, շատ զարմացանք, հետո  միայն հասկացանք, շտապ անջատել էր, որ կրակոցի ձայները հանկարծ չլսենք ու տագնապենք,- վերհիշում են տնեցիները։

ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸՀոկտեմբերի 9-ին  վերջին զանգն էր, ձայնի  մեջ հազար ապրում կար՝ կարոտ, սեր, ափսոսանք, տագնապ…

Հոկտեմբերի 16-ին  հայրենիքին կյանքը նվիրաբերած տղաների անունները կարդալիս, ինչպես միշտ, Հասմիկն աղոթում էր՝ հույս փայփայելով,  որ սիրելիի անվանը չի հանդիպի, սակայն արցունքից մշուշված հայացքը կանգ առավ հարազատ անվան վրա…

Տիգրանը  զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարից երկու ժամ հետո…

Հերոս քաջորդին հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» եւ «Արիության համար» մեդալների։ Նրա անունով հարազատ  կրթօջախում՝ N 152 դպրոցում, դասասենյակ է անվանակոչվել, Տիգրանի անունն է կրում քրոջ որդին…

Տիգրանի կինը՝ Հասմիկը, ամուսնու մասին գիրք է գրել՝  «Տիգրանը…(Հադրութի արծիվը)».

-Ապրենք ու ապրեցնենք մեր հերոսներին՝ նրանց հիշելով, հիշատակելով, նրանց կիսատ գործն ավարտին հասցնելով…

Քաջերը չեն մահանում, նրանք անմահանում են, նրանց թողած լուսավոր հետագիծը մնում է որպես պատգամ  հայրենիքին անմնացորդ նվիրումի…

Չհանձնվելու պատգամ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/06/2023