Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՍ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ



ՀԱՅՐԵՆԻՔՍ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՆՁ-Զինվորակա՞ն եք,- հարցնում եմ: Մտածում եմ՝ երևի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել: Վերջին տարիներին աղջիկ կուրսանտները շատացել են ռազմական բուհում:

-Թագուհի Հարությունյան, աշխարհազորային,- ներկայանում է ընդգծված հպարտությամբ: Շիկամազ է, բարակիրան ու գեղեցիկ: Կանգնել է զինվորական համազգեստով, ավտոմատն ուսից կախ: Ես ակամա ժպտում եմ: Նայում է հարցական:

-Կամավորական եմ, եկել եմ պաշտպանելու հայրենիքս:

 

Մայրս

 

Իմ մանկությունը տևեց 7 տարի: Մի օր արթնացա ու տեսա, որ մայրս չկա: Բոլորը կան, ամեն ինչ իր տեղում է, բայց մայրս չկա: 7 տարեկան էի այդ ժամանակ ու չէի կարող հասկանալ, թե ինչ է մահը: Ես մորս փնտրում էի ամենուր՝ ամեն անկյունում, փողոցում… սպասում էի, որ գա: Մինչ օրս երջանկությունն ինձ համար մորս պատկերն ունի՝ ողողված լույսով, ջերմությամբ, սիրով ու բերկրանքով, ապահովության ու պաշտպանվածության զգացումով: Ես իմ ամբողջ կյանքում ընտանիք եմ երազել, որտեղ կան հայր, մայր, երեխաներ, փոքրիկ, տաքուկ տուն, սեր ու ծիծաղ:

Մորս մահից հետո հայրս գնաց Ռուսաստան աշխատելու, և ես, փոքր եղբայրս ու քույրս մնացինք տատիկիս, պապիկիս խնամքին: Ես չեմ ասում, թե նրանք չեն սիրել մեզ, իմ բախտը բերել է. շրջապատված եմ եղել սրտացավ ու հոգատար հարազատներով, բայց դա անգամ հեռավոր նմանություն չուներ մանկության հեքիաթի հետ:

Դպրոցն ավարտել եմ գերազանց գնահատականներով, բայց տատս ու պապս ինձ կրթության տալու փող չունեին: Նրանք իրենց հնարավորությունների սահմանում ինձ համար ամեն ինչ արել են, ու ես չէի կարող ավելին պահանջել: Դաշնամուրի եմ գնացել, պարի, երգեցողության դասերի, նկարել եմ: Դեռ վաղ մանկությունից կյանքն ինձ սովորեցրեց հաշտվել կորուստների հետ ու չմտածել այն ամենի մասին, որ չես կարող ունենալ: Ես ապրել եմ փոքրիկ ուրախություններով, առանց պայքարի, առանց մեծ նպատակների: Մինչև 44-օրյա պատերազմը:

 

Արցախ

 

2000 թվականին մեր ազգականը պապիս ու տատիս առաջարկեց ապրել Արցախում, ասաց, որ մեզ տուն կտան այնտեղ, հողամաս, անասուններ կունենանք: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ ոտք դրեցի Արցախի հողին, շնչեցի Արցախի օդը, ինչ ուժեղ ապրումներ ունեցա: Ես զգացի իմ արյան ու հողի կապը: Դա բառերով չես նկարագրի: Ինչ-որ անբացատրելի հանգստություն սրտիս մեջ, ազատություն, ապահովություն… 20 տարի ապրել եմ Արցախում: Մինչդեռ Արցախն այնքան մեծ ուժ ու ձգողականություն ունի, որ մի քանի տարին էլ է բավական, որ արցախցի դառնաս ողնուծուծով: Մենք տուն ունեինք, անասուններ, այգի…Եվ, որ ամենակարևորն է՝ համագյուղացիներ ունեինք, ընկերներ՝ մի մեծ ընտանիք: Ես գտել էի իմ աշխարհը ու երջանիկ էի: Մորիցս հետո իմ բոլոր տաք հիշողությունները կապված են այդ 20 տարիների հետ: Ես նման էի շիվի, որը վերջապես գտել է իր հողն ու արմատ է արձակել…

44-օրյա պատերազմի ժամանակ հայրս վերադարձել էր Ռուսաստանից ու սահմանին էր: Մեր ընկերներից մեկը ինձ ու կրտսեր քրոջս բերեց Գորիս: Ես սպասում էի պատերազմի ավարտին, որ տուն վերադառնամ: Մտքովս չէր անցնի, որ պատերազմը միանգամից կջնջի իմ ապրած 20 տարիները, կխլի տունս, ցաքուցիր կանի ընտանիքս: Ու ես ստիպված կլինեմ ամեն ինչ սկսել զրոյից: Ինձ մի անդիմադրելի հուսահատություն էր պատել: Մինչև հասկացա անելիքս: Ես զենք վերցրի ու գնացի առաջնագիծ:

 

Ես աշխարհազորային եմ

 

Ես հիմա տուն ունեմ՝ դիրքը: Եվ ունեմ ընտանիք՝ դիրքապահ զինակից ընկերներս: Սա յուրահատուկ ընտանիք է՝ բազմաթիվ եղբայրներ ու մի քույր: Կրակել եմ սովորել, մասնակցել եմ հավաքների: Երբ կանգնած եմ պոստի, զգում եմ, որ հենց սրա համար եմ աշխարհ եկել: Հայրենիքիս զինվոր դառնալու համար: Թող փափկասուն կանայք կարծեն, որ հայրենիքի պաշտպանությունը տղամարդու գործ է, ես չեմ նեղանա ու չեմ մեղադրի նրանց: Ընդհակառակը՝ թող նրանք տան օջախը վառ պահեն, երջանիկ, անհոգ ու խնամված բալիկներ մեծացնեն: Ամեն մարդ իր ճակատագիրն ունի, իրեն ի վերուստ տրված ճանապարհը: Ես հպարտ եմ իմ աշխատանքով, սիրում եմ զինակից ընկերներիս, ինձ լավ եմ զգում ուժեղ, հայրենասեր, արժանապատիվ տղամարդկանց շրջապատում: Ես ձերբազատվել եմ վախից, սահմանին, թշնամու նշանառության տակ ես ամուր սեղմում եմ ավտոմատը կրծքիս ու խոսում եմ հայրենիքիս հետ: Ես նրան խոստումներ եմ տալիս, ու հայրենիքս հավատում է ինձ: Նա գիտի մեր ուժը, իմ զինակից ընկերների ուժը:

…Անցյալից ինձ հետ մի երազանք եմ բերել: Երբ սահմանին եմ, ուզում եմ իմանալ, որ փոքրիկ, տաքուկ տանը ինձ սպասում են բալիկներս: Ու մի քաջ, անվախ տղամարդ՝ անպայման հայրենիքի պաշտպան, ամուր կանգնած է կողքիս:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Բանակ և հասարակություն


12/06/2023