Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏԱԿՏԻԿԱՆ



ԳԵՆԵՐԱԼԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏԱԿՏԻԿԱՆԱշխարհում ամենից տարածված խաղերից մեկն է շախմատը: Հնագույն այս խաղը միավորում է մարդկային գործունեության երեք ոլորտները՝ գիտությունը, արվեստը եւ սպորտը: Շախմատը նաեւ ռազմական արվեստ է, մարտավարական խաղաոճ:

Շախմատային մրցամարտերի պատմության մեջ իր յուրօրինակ տակտիկական ոճն է ունեցել ֆրանսիացի գեներալ Ալեքսանդր Լուի Լեբրետոն Դեշապելը:

Նա ծնվել է ազնվականի ընտանիքում, սովորել Բրիենի ռազմական ուսումնարանում, որտեղ իր զորավարական գիտելիքների նախապաշարն է քաղել նաեւ Նապոլեոն Բոնապարտը: Տասնչորս տարեկանում Դեշապելը թողնում է ռազմական ուսումնարանը եւ կամավոր մեկնում հանրապետական բանակ:

Ֆլերյուսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ֆրանսիացիները պարտություն են կրում՝ չկարողանալով դիմակայել թշնամու գերակա ուժերի գրոհին, թեժ մարտերից մեկի ժամանակ Դեշապելը զրկվում է աջ ձեռքից:

Դեշապելը Նապոլեոնի համախոհներից էր, մասնակցել է նրա արշավանքներին, իսկ ավելի ուշ, փոքրաթիվ ջոկատի կազմում, նրան ուղեկցել Փարիզ՝ գահը կրկին վերցնելու: Ու պատահական չէր, որ կայսրն իր փառքի մայրամուտին նրան շնորհեց գեներալի կոչում:

Մարտական սխրանքների համար Դեշապելն արժանացել է նաեւ Ֆրանսիայի բարձրագույն պարգեւին՝ «Պատվո լեգեոնի» շքանշանին:

Գեներալի զինվորական եւ քաղաքական հռչակը խամրեց 1815 թ. Վաթերլոյի ճակատամարտում ֆրանսիական բանակի պարտությամբ: Դեշապելը պաշտոնաթող եղավ եւ նվիրվեց սիրված զբաղմունքին՝ շախմատին:

Ժամանակին նրան հավասար շախմատիստ Ֆրանսիայում չկար:

Շախմատային խաղին Դեշապելը ծանոթացել է 17 տարեկանում: «Այս խաղին ծանոթանալու առաջին մի քանի օրվա ընթացքում այնքան բան իմացա, որ այլեւս սովորելու բան չունեմ: Երեք երեկոն բավական է, որ հայտնաբերվեն յուրաքանչյուր մարդու շախմատային կարողությունները: Եթե այդ ժամանակամիջոցում  հաջողության չես հասել, լավ է այլեւս շախմատով չզբաղվել»,- ասում է գեներալը:

Դեշապելի խաղաոճը ինքնատիպ էր՝ նա մինչեւ կյանքի վերջը հրաժարվեց որեւէ մեկի հետ խաղալ հավասար պայմաններում, համոզված լինելով, որ ինքը զգալիորեն գերազանցում է ցանկացած հակառակորդի: Խաղադաշտում նա զիջում էր քայլ եւ զինվոր:

Աշխարհի առաջին շախմատային պարբերական «Պալամեդ» ամսագրում հրապարակված հոդվածում գեներալը նկարագրում է 1806-1807 թթ. Բեռլինում  իր եւ պրուսական շախմատիստների միջեւ կայացած մրցամարտը: Դեշապելն այդ ժամանակ մարշալ Նեյի զորքի կազմում էր: Ֆրանսիացի շախմատիստը մարտահրավեր է նետում Բեռլինի շախմատային ակումբի առաջատարներին: Մրցամարտի պայմաններն այսպիսին էին՝ Դեշապելի դեմ պետք է մարտնչեին երեք ուժեղագույն շախմատիստներ՝ խորհրդակցական իրավունքով: Ներկաներին թույլատրվում էր օգնել հայրենակիցներին: Սկզբում էլ, ինչպես միշտ, Դեշապելը հակառակորդին զիջում է մեկ քայլ եւ զինվոր: «Տասնմեկերորդ քայլից հետո,- գրում է նա,- ես մրցակիցներիս գեղեցիկ մատ հայտարարեցի»: Մյուս պարտիայի ժամանակ եւս դարձյալ հաղթել է Դեշապելը: Հաջորդ տարի նա ակումբի անդամների հետ արդեն խաղում էր… առանց նավակի: Այս անօրինակ մրցամարտում Դեշապելը հաղթել է երկու պարտիա, երրորդն ավարտել ոչ ոքի:

19-րդ դարի առաջին կեսին, ինչպես Դեշապելը Ֆրանսիայում, Անգլիայում էլ առաջատար շախմատիստ էր համարվում Ուիլյամ Լյուիսը:

Փարիզի ու Լոնդոնի շախմատային ակումբներում սկսում են խոսել Դեշապելի եւ Լյուիսի հնարավոր մրցամարտի մասին: 1821 թ. Լյուիսն անգլիացի մեկ այլ վարպետի՝ Ջոն Կոխրենի ուղեկցությամբ ժամանում է Փարիզ, սակայն Դեշապելը բոլորովին էլ մտադրված չէր արտասահմանցու հետ մարտնչել, նա համոզված էր, որ միանշանակ ուժեղ է: Բավականին երկար հորդորներից հետո գեներալը համաձայնում է խաղալ միայն երեք պարտիա, սակայն ինչպես միշտ իր որդեգրած սկզբունքով՝ ոչ հավասար պայմաններում: Նա առաջարկում էր անգլիացի հակառակորդին իր նվազագույն՝ զինվորի զիջումը: Ու չնայած այդ պայմանները Լյուիսի համար շատ վիրավորական էին, այնուամենայնիվ, նա զիջում է, գիտակցելով, որ հակառակ դեպքում խաղը տեղի չի ունենա:

Երկար սպասված մրցամարտը սկսվեց Փարիզի մոտ գտնվող Սեն Կլուում: Երկու պարտիաներն ավարտվեցին խաղաղ արդյունքով, երրորդում հաղթեց Լյուիսը, մինչդեռ գեներալը պահանջեց… ավելին՝ մեծացնել զիջումը: Դա անգլիացու համար առավել վիրավորական էր: Մրցամարտն, իհարկե, այլեւս չշարունակվեց: Բայց շախմատիստների պահանջները բավարարելու համար կազմակերպվեց այլ մրցամարտ՝ Ջոն Կոխրենի, գեներալ Դեշապելի ու նրա աշակերտ՝ 24-ամյա Լուի Լաբուրդոնեի միջեւ, որը հետագայում արժանացավ «Եվրոպայի մեծագույն շախմատիստ» կոչմանը: Մրցամարտի պայմանները թելադրեց Դեշապելը: Գեներալը մրցակիցներին զիջում էր զինվոր եւ երկու քայլ, իսկ Կոխրենն ու Լաբուրդոնեն միմյանց հետ խաղում էին հավասար պայմաններում: Դեշապելը բոլոր յոթ պարտիաներում հաղթեց Կոխրենին, բայց նույնքան էլ պարտություն կրեց Լաբուրդոնեից: Իսկ Լաբուրդոնեի ու Կոխրենի հանդիպումն ավարտվեց 6:1՝ հօգուտ Լաբուրդոնեի:

Նորից հիշեցնենք, որ Դեշապելի «պարտությունը» Լաբուրդոնեից իսկական պարտություն չէր. չէ՞ որ գեներալը նրան զիջել էր երկու քայլ եւ զինվոր:

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Բանակ և հասարակություն


12/06/2023