Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԺՊՏԱԼՈՎ



ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԺՊՏԱԼՈՎ…Լուսանկարից մեզ նայող այս լրջախոհ տղան Մորիս Գագիկի Խումարյանն է: Սիրում էր ճշգրիտ գիտությունները…Երազում էր կյանքում իր խոսքն ասել՝ որպես մեր երկրի կարևոր ոլորտները զարգացնող մասնագետ: Չհասցրեց: Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների կողքին գրվեց ևս մի հավերժ անուն…

Չգրված օրենք է՝ հերոսների մասին խոսել միայն ներկա ժամանակով: Այդպես է լինելու միշտ, որովհետև նրանք մեր հավերժ ներկան են, որ ապրելու են սերունդների մեջ:

…Մորիս Գագիկի Խումարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 3-ին Երևանում։ 2006 թվականից սովորել է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցում, ապա 2015 թվականից ուսումը շարունակել Ն. Աճեմյանի անվան պետական քոլեջի հաշվապահության բաժնում։ Այն ավարտելուց հետո՝ 2018 թվականին, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։

Մորիսը սովորում էր բարձր առաջադիմությամբ: Սակայն դա չխանգարեց հայրենասեր երիտասարդին, որ ամենից առաջ նախընտրի հայոց բանակում իր զինվորական պարտքը կատարելը: Տարկետում ձևակերպելով ՝ 2019 թվականի հունվարի 10-ից անցել է պարտադիր զինվորական ծառայության Իջևանի զորամասում՝ որպես հաշվարկի օպերատոր: 2020 թվականի հոկտեմբերի 17-ին մեկնել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան։

Մարտերը սկսվել են հոկտեմբերի 18-ին, և Մորիսն իր ծառայակից ընկերների հետ քաջաբար կռվել է թշնամու մեծաթիվ զորքի և զինտեխնիկայի դեմ։

Հոկտեմբերի 19-ին անմահացավ ծանր մարտերում՝ Իշխանաձորում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հերոսի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, մինչ օրս ստանում է բազմաթիվ նամակներ, տեսաուղերձներ, որտեղ որդու ընկերները պատմում են նրա մասին: Եվ այդ պատմությունները վկայում են, որ ինչքան ժամանակ էլ անցնի, Մորիսի կերպարն այնքան ավելի է մոտենալու մեզ:

Ընկերներից մեկն իր տեսաուղերձում ասում է.

-Մորիսի հետ ծառայել եմ շատ քիչ ժամանակ, բայց էդքանն էլ էր հերիք, որ ճանաչեի Մորիսին, ճանաչեի իր մարդ տեսակը: Մորիսին սիրել են բոլորը՝ թե՛ սպաները, թե՛ զինվորները…Նա տարբերվել է բոլորից իր լավ կողմերով, շատ հոգատար է եղել ու ընկերասեր: Եթե դասակից կամ վաշտից ինչ-որ մեկը խնդիր էր ունենում, առաջինն ինքն էր ձեռք մեկնում: Պատերազմ գնալու ժամանակ Մորիսը բոլորիս ոգեշնչում էր: Ասում էր.

-Տղե՛րք, ամեն ինչ լավ է լինելու, չմտածեք:

Ու շարժվում էր մեկ կարգախոսով՝ հետ գնալու տեղ չկա, միայն առաջ ենք գնալու:

Մորիսի հետ ծառայելը մեծ պատիվ է եղել: Նա հերոս է…Չէի ուզում հավատալ, որ Մորիսն էլ չկա: Հիմա էլ չեմ ուզում հավատալ: Փա՛ռք Մորիսին ու փա՛ռք էն տղերքին, ովքեր ընկան պատերազմի ժամանակ:

Մորիս Խումարյանի ծառայությունն այդպես էլ չավարտվեց: Չզորացրվեց: Մնաց դիրքերում՝ որպես հավերժ զինվոր:

-Ես բախտ եմ ունեցել լինելու Մորիսի մայրը: Երանի՜ ճանաչեիք որդուս, -այսպես է սկսվում ինձ հետ հերոսի մոր զրույցը:

Հետո շարունակվում են պատմությունները Մորիս Խումարյանի մասին, որոնց մեջ այնքա՜ն կարոտ ու հավերժ սպասում կա:

-Մի օր մի երգ էր ուղարկել վայբերով… Երբեք չէի մտածի, որ նաև այդ ոճի երգեր էր լսում, քանի որ երաժշտական ճաշակն այլ էր. նա ժամանակակից, հետաքրքիր ժանրերով երգեր էր սիրում…

Երեկոյան, երբ ամուսնուս պատմեցի, պարզվեց, որ հորն էլ մի երգ էր ուղարկել՝ հայրերի մասին, ու մենք հասկացանք, որ շատ է կարոտած, ավա՜ղ, կարանտին էր, թույլ չէին տալիս տեսակցել,- հիշում է հերոսի մայրը:

Անսահման ծնողասեր ու հայրենասեր. այսպիսին է եղել Մորիս Խումարյանը:

-Մորիսս մի ընկեր ուներ, որոշել էին, որ քավոր-սանիկ պիտի լինեն… Սպասում էին՝ զորացրվեր, որ նրա քավորությամբ ամուսնանար:

…Մի երեկո տեսնեմ՝ Մորիսիս ընկերը՝ Արգիշտին, ծնողների հետ, ովքեր զինվորական են, եկան մեր տուն… Արգիշտիի հայրը 25 տարի Քարվաճառում հրամանատար է եղել…Նա շատ հուզված, կարկամած, արցունքներից խեղդվելով ասում է.

-Մեր տղաները որոշում ունեին, ու եկեք չընդունենք Մորիսի բացակայությունը, կխնդրեմ Մորիսի երկնային քավորությամբ պսակադրել Արգիշտիին…

Ամուսինս ասաց.

-Կանենք այնպես, ինչպես որ Մորիսը կաներ…Ես տղայիս հետ կբռնեմ խաչը: Ու մենք կպատրաստվենք այդ հարսանիքին…

Եվ եղավ այնպես, ինչպես կուզենար որդիս…Հիմա մեզ ապրեցնող այդ ընտանիքում ծնվել է նրանց որդին, որին անվանել են Մորիս…

Մայրական մեծամտություն չլինի, բայց 20 տարեկանում այնքան ապրած լինես, որ քավոր կարգվես, երևի ամեն ինչ ասում է իմ տղայի մարդ տեսակի մասին՝ հասուն, խելացի երիտասարդ… Իմիջիայլոց, շատ կարդացած էր, համացանցը նրան չէր բավարարում, անընդհատ հետաքրքիր գրքեր էր կարդում, ինքնազարգացմամբ էր զբաղված:

Հերոսի մոր՝ տիկին Ալինայի խոսքերից իմանում ենք, որ Մորիսը կյանքի դժվար պահերին զուսպ էր նաև իր զգացմունքներն արտահայտելիս: Եվ այդպիսին էր, երբ պատերազմն արդեն սկսվել էր…Որքա՜ն ներքին լույս պետք է ունենար երիտասարդ զինվորը, որ անգամ մարտի դաշտ գնալիս մոր հետ զրույցի ժամանակ բոլոր տագնապներին ու մարտահրավերներին նայեր ժպիտով ու ստիպեր, որ ծնողն էլ ժպտա, որովհետև հավատացած էր՝ ամեն ինչ լավ է լինելու…

Եվ այս դրվագը ևս մի բացահայտում է հերոսի մասին:

-Պատերազմն արդեն սկսվել էր: Մեկնելու ժամանակ զանգեց ու ասաց.

-Մա՛մ, մի երկու օր չեմ զանգի, չանհանգստանաս:

Ես իմ տղային ու իր ընկերներին մի բան ասացի.

-Խնդրում եմ՝ չպակասեք:

Ծիծաղեց բա՜րձր, բա՜րձր… Ու էդ զրնգուն ծիծաղը ամեն րոպե լսում եմ…

Սա հերոսի միակ ու վերջին զանգն էր ծնողին: Մարտերը թեժ էին: Եվ ծանր մարտերում անմահացավ հերոսը… Հունվարի 12-ն էր՝ ճիշտ այն օրը, երբ պետք է արդեն զորացրվեր ու տուն վերադառնար: Վերադարձավ՝ եռագույնը գրկած…

…Հերոսն իր բոլոր արժանիքների հետ մեկտեղ ուներ նաև գեղագիտական ընկալումների ուրույն աշխարհ: Սիրում ու գնահատում էր գեղեցիկը: Դեռ ծառայության ժամանակ մի օր զանգել էր մայրիկին և ցանկացել էր, որ մայրը սենյակային գեղեցիկ բույսեր ուղարկի զորամաս, որ դրանցով իր շուրջը զարդարի: Մայրը կատարել էր իր զինվորի խնդրանքը…

Մորիս Խումարյանի ծառայած զորամասում հիմա էլ կան այդ ծաղիկները… Իսկ զորամասի սրահներից մեկում՝ Հերոսների «Փառքի անկյունում» նաև Մորիս Խումարյանի լուսանկարն է: Ամեն առավոտ անվանականչի ժամանակ հնչում է նրա անունը.

-Մորիս Գագիկի Խումարյան. քաջի մահով ընկել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս…

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Ճակատագրեր


05/06/2023