Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ



Խաղաղապահ զորամասի հրամանատար գնդապետ Արթուր Սիմոնյանը դարձավ 50 տարեկան։ Նա երկրորդ աստիճանի «Մարտական խաչի», ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ է, պարգեւատրվել է նաեւ «Մարտական ծառայության», ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ տարբեր երկրների շուրջ 25 մեդալներով։

Շատերիս պես արմատներն այնտեղ են, մեր հայրենիքի արեւմտյան հատվածում. Մուշ, Սասուն… Ծնողներն ապրում էին Թալինի Ծաղկասար գյուղում, բայց տեղափոխվեցին Երեւան, ավելի որոշակի՝ Քանաքեռ, հենց զորամասի դիմաց։ Երբ շատ փոքր էր, մեծ քրոջը խնդրում էր, որ իրեն բարձրացնի մայթեզրին գտնվող ժայռաբեկորի վրա, որտեղից ժամերով նայում էր զորամասի տարածքում տեղաշարժվող տանկերին… Ուրախությունը կրկնապատկվում էր, երբ զորամասի ապրանքներն ու ունեցվածքը բերում էին ռուսական եկեղեցու ընդարձակ տարածքում լվանալու, մաքրելու, ախտահանելու։ Այստեղ էին բերում, որովհետեւ այդ տարիներին ռուսական եկեղեցին դարձրել էին զորամասի ակումբ, եւ այնտեղ զինվորների հետ կինո էին նայում նաեւ քանաքեռցի տղաները…

Այսպես գրեթե ամեն օր նա զինվորականներ, զենք ու ռազմական տեխնիկա էր տեսնում, պակասն էլ լրացնում էր հորեղբայրը՝ մայոր Հրաչյա Սիմոնյանը, որը, մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, դարձավ զինվորական բժիշկ ու այդպես էլ չվերադարձավ քաղաքացիական աշխատանքի։

ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ

-Ծնվել եմ 1962թ. Քանաքեռում, սովորել եմ Գայի անվան N 129 միջնակարգ դպրոցում։ Երբ 1979թ. ավարտեցի դպրոցը, ինչպես ես, այնպես էլ ծնողներս, համոզված էին, որ պետք է զինվորական կրթություն ստանամ։ 1981թ. ընդունվեցի համազորային բարձրագույն զինվորական ուսումնարան, որն ավարտեցի 1985-ին։

ՓԱԿԱԳԾՈՒՄ

Ինքը չի ասում, բայց մենք (շատերը) գիտենք, որ խորհրդային տարիներին զինվորական այդ հաստատությունում ուսանում էին մի մեծ խումբ հայորդիներ, որոնք տարիներ անց վերադարձան հայրենիք, ազատագրեցին Արցախը եւ մեծ դեր ունեցան (եւ մինչ օրս ունեն) ազգային բանակի շինարարության, մարտունակության ամրապնդման գործում։

ԹՈՒՐՔԵՍՏԱՆ` ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՈՎ

Ծառայության նշանակվելուց հետո սկսվում է Արթուր Սիմոնյանի զինվորական՝ հաջողություններով ու ցավալի կորուստներով լի ճակատագիրը։ Նա ծառայության է նշանակվում Թուրքեստանյան զինվորական օկրուգում՝ Աֆղանստանի գործուղումով։ Տեղ հասնելով, նրան եւ համակուրսեցի ընկերներին հայտնում են, որ իրենք դեռեւս չեն մեկնելու Աֆղանստան, այլ մարտական պատրաստություն պետք է անցնեն հատուկ պահեստային սպայական գումարտակում, որ գտնվում է Կարա-Կում անապատում։

-Ուսումնական բազա պետք է մեկնեի կուրսանտական իմ մտերիմ ընկերոջ, իմ ջոկի անդամ Իգոր Բոյարինովի հետ։ Հաջորդ օրը, երբ պայմանավորված տեղում հանդիպեցինք, տեսա, որ Իգորը պայուսակը չի բերել։ Հարցրի, թե ինչու, պարզաբանեց, որ առանց ինձ հարցնելու մտել է օկրուգի կադրերի բաժին եւ համոզել, որ իրեն միանգամից Աֆղանստան ուղարկեն։ Շատ փորձեցի նրան հետ պահել այդ մտքից ու ճակատագրին հակառակ չգնալ, ոչինչ չստացվեց։ Այդպես մեր ճանապարհները բաժանվեցին։ Տեղ հասնելով՝ ինձ համար պարզ դարձավ այս ուսումնական գումարտակի նշանակությունը։ Աֆղանստանում զոհված կամ ծանր վիրավորված սպաների տեղը այս գումարտակից էին նշանակումներ կատարում։ Իսկ անապատի այդ գաղտնի բազան ժամանակին ցարական բանակի սպաների աքսորավայր էր եղել։ Այդ ժամանակ էլ նոր տանկեր (Տ-90) էին փորձարկում։ Իգոր Բոյարինովն ինձ երբեմն նամակներ էր գրում Աֆղանստանի լեռնային Բադախշան քաղաքից։

ԱՖՂԱՆՍՏԱՆ

Մեկ տարի անց լեյտենանտ Արթուր Սիմոնյանին գործուղում են Աֆղանստան։ Քաբուլում խորհրդային զորքերի շտաբում ստանում է նշանակման հրամանը՝ Լեռնային Բադախշան, ուրախացած դուրս է գալիս շտաբից, մտածելով, որ շուտով հանդիպելու է սիրելի ընկերոջը, սակայն…

-Ճանապարհին շրջեցի նշանակմանս հրամանը եւ կարդացի… Աստված իմ, ինձ նշանակել էին զոհված լեյտենանտ Իգոր Բոյարինովի հաստիքին։ Դա անսպասելի ու ծանր հարված էր, առաջին մեծ ցավը իմ կյանքում։

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԳԵՎԸ. ԿԱՐՄԻՐ ԱՍՏՂ

-Երբ ներկայացա զորամասի հրամանատարին, նա մանրամասնորեն հետաքրքրվեց ինձնով, երկար զրույցից հետո ասաց, որ այս զորամասի առաջին հրամանատարը, որի ղեկավարությամբ զորամասը մտել է Աֆղանստան, եղել է գնդապետ Արտուշ Հարությունյանը։ Նրան երկու անգամ ներկայացրել են ԽՍՀՄ հերոսի կոչման, բայց երկու դեպքում էլ մերժել են` «Գիտե՞ս, թե ինչո՞ւ են մերժել»,- հարցրեց։ Ասացի` «Որտեղի՞ց իմանամ»։ Նա էլ թե` «Հայ լինելու պատճառով, ազգանվան «յան» վերջավորությունը խանգարել է»։ Ես կատակով ասացի, որ այդ վտանգն ինձ չի սպառնում, որովհետեւ հերոսի կոչման արժանանալու մտադրություն չունեմ։ Առաջ անցնելով ասեմ, որ ճակատագրի բերումով հետագայում ծառայեցի գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հրամանատարության ներքո՝ զինկոմիսարիատի համակարգում, միասին մարտնչեցինք Արցախի համար, իսկ «Կարմիր աստղի» շքանշանի արժանացա մի բարձունք գրավելու համար։

Աֆղանստանում երիտասարդ սպան դասակի հրամանատար էր. հետո դարձավ լեռնահրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ։ Նա այնտեղ ծառայեց երկու տարի՝ մինչև 1988թ.։ Ծառայության վերջում զորամաս եկավ եւս մի հայ երիտասարդ սպա` լեյտենանտ Մովսես Հակոբյանը, այժմ գեներալ-լեյտենանտ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը։

ԱՐՅՈՒՆՈՏ ՆԱՀԱՆՋ

-1988-ին եկավ նոր հերթափոխը, քիչ ավելի ուշ` զորամասի դուրսբերման հրամանը։ Մենք պետք է ոտքով 240 կմ անցնեինք լեռնային բարդ տեղանքով, որպեսզի հասնեինք Կունդուզ, այնտեղից էլ թռչեինք Ուզբեկստանի Թերմեզ քաղաք։ Հակառակորդը մեզ հանգիստ չէր տալիս, անընդհատ հարձակվում էր։ Տեղափոխությունը վերածվեց մարտական գործողություններով նահանջի։ Մեզ օգնում, աջակցում էր շատ հայտնի 201-րդ դիվիզիան։ Դաժան մարտերով հասանք Կունդուզ՝ տալով 70 զոհ։ Այժմ այդ նույն՝ Կունդուզի օդանավակայանի անվտանգությունն են ապահովում մեր խաղաղապահները՝ իմ զինվորները։

ՍԵՐ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Աֆղանստան մեկնելը, երիտասարդ սպան Տաշքենդում ծանոթացել էր երիտասարդ հայուհու՝ Լալայի հետ։ Նամակագրական կապը շուրջ երեք տարի պահպանվել էր։ Իսկ վերադարձն Աֆղանստանից նշանավորվեց ամուսնությամբ՝ երջանիկ միությամբ։ Նրանք ունեցան մեկ աղջիկ եւ մեկ տղա։ Որդին՝ Արամը, սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսում, Անժելան էլ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողուհի է։ Ի դեպ, հայրիկն Անժելային առաջին անգամ տեսել է, երբ 3 ամսական էր։

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԿՐՈՒԳՈՒՄ

Արթուր Սիմոնյանին եւ Մովսես Հակոբյանին ուղարկեցին Անդրկովկասյան զինվորական օկրուգ՝ Թբիլիսի։ Այստեղ նրանց առաջարկեցին ծառայությունը Բաքվում, որի համար տաքարյուն երիտասարդները օկրուգի շտաբում լուրջ աղմուկ բարձրացրին։ Մերժեցին նաեւ հաջորդ՝ Նախիջեւան մեկնելու առաջարկը։ Երրորդ առաջարկը Ստեփանակերտի զորամասն էր, որն էլ ընդունվեց անթաքույց ուրախությամբ։ Երբ նրանք արդեն զորամասում էին եւ շարային մասում գործերն էին կարգավորում, հանդիպեցին զինվորական ուսումնարանի ավելի բարձր կուրսում սովորող ընկերոջը՝ կապիտան Սեյրան Օհանյանին։ Նա էլ Գերմանիայից էր վերադարձել եւ Ստեփանակերտի զորամասում ծառայության նշանակվել։ Այստեղ ավագ լեյտենանտ Ա. Սիմոնյանը ծառայեց մինչեւ 1990թ. եւ առողջական խնդիրների պատճառով տեղափոխվեց Երեւան՝ Նոր-Նորքի զինկոմիսարիատ։

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏ

Մարտակերտ, Կապան, Լաչին, Քարվաճառ, Հորադիզ, Ֆիզուլի. սրանք այն տարածքներն են, որոնց ազատագրման համար մարտնչել է Արթուր Սիմոնյանը։ Ռազմադաշտում նա գործում էր միայնակ կամ կամավորականների փոքրաթիվ խմբերի հետ եւ միշտ առանձնանում էր հնարամտությամբ, անկանխատեսելի գործողություններով, ինչպես, օրինակ, Օմարի երկրորդ գրավման ժամանակ («Գարեգին Նժդեհ» ջոկատի հետ` հրամանատար Արարատ Խրիմյան)` ձյունառատ բարձունքը սպիտակ սավաններով քողարկված գրոհելիս։

-Դա շատ կարեւոր գործողություն էր, մեզ իր որոշումներով ուղղորդում էր գնդապետ Ֆելիքս Գզողյանը։

ՎԵՐՔԵՐԸ

Գնդապետ Սիմոնյանը պատերազմում վերքեր շատ է ստացել, բայց երկու անգամ շատ ծանր է վիրավորվել։ Վիրահատվել է 13 անգամ։ Իր փրկության համար երախտապարտ է Արթուր Աղաբեկյանին, այն ժամանակ Հադրութի զորամասի հրամանատարին, ինչպես նաեւ՝ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին։

-Ես եւ մարտընկերներս Ֆիզուլիի ուղղությամբ ընկել էինք շրջապատման մեջ։ Ես ծանր վիրավոր էի, թվում էր՝ շրջափակումից դուրս գալու հույս չկա։ Մի կերպ հեռակապով հակառակորդի կոորդինատները (հրետանու համար) հաղորդեցի Ա. Աղաբեկյանին, եւ մերոնք հրետանային կրակով կանխեցին հակառակորդին, իսկ ինձ ու իմ ընկերներին մահվան օղակից դուրս բերեց Արմեն Աբրահամյանը, ինքն էլ գլխից ծանր վիրավորվեց։ Հետագայում նա միշտ կատակով ասում էր` մինչեւ մեր արյունը չթափվեց, պատերազմը չավարտվեց։ Բայց եթե Ա. Աղաբեկյանը եւ Ա. Աբրահամյանը չլինեին, մեզ կա՛մ կսպանեին, կա՛մ գերի կվերցնեին։ Մեզ Սասուն Տոնոյանը «Կամազով» եւ տանկով հասցրեց Հադրութ։

Գնդապետ Ա. Սիմոնյանի ողջ մնալը հրաշքի պես մի բան էր։

-Ութ ժամ Հադրութի հիվանդանոցում բժիշկ Լեւոն Ճաղարյանը վիրահատել է ինձ՝ հետ է բերել երկու կլինիկական մահից։ Տասներկու օր ու գիշեր պայքարել է իմ կյանքի համար։ Ես անչափ շնորհակալ եմ Հադրութի բնակիչներին, կանանց, որոնք միշտ իմ կողքին են եղել եւ խնամել են ինձ. Մարգարիտը, Գալյան, Սինարան իմ փրկությունը իրենց գերխնդիր էին դարձրել։ Հետո իմ բուժումը շարունակեցին բժիշկներ Սամվել Ամատունին եւ Միքայել Աղայանը։ Մոտ հինգ ամիս տեւած պայքարից հետո իմ օրգանիզմը եւ բժիշկները հաղթող դուրս եկան։ Այսօր էլ իմ սիրելի բժիշկները կողքիս են, ինչպես իմ ընտանիքի անդամները։

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՊԱՀԸ

-Ես բնավորությամբ չոր մարդ չեմ։ Չոր չեմ եղել Աֆղանստանում, չոր չեմ եղել Արցախում ու երբեք կանանց, երեխաների, ծերերի, վիրավորների ուղղությամբ չեմ կրակել։ Շահումյանի գաղթը, Մարտակերտից նահանջը հոգեբանական ամենամեծ հարվածն էին ինձ համար… Ոտաբոբիկ կանայք, երեխաներ, ծերեր… ցուրտ, անձրեւ, ցեխոտ… Թվում էր՝ հայության համար 1915թ. վերադարձել է։ Մենք մեր հագուստն էինք տալիս կանանց ու երեխաներին, բայց որի՞ մերկությունը ծածկեինք…

Ասեմ նաեւ, որ ծանր վիրավորվելուց ու այդքան վիրահատություններից հետո կյանքի նկատմամբ իմ պատկերացումներն ու վերաբերմունքն ամբողջովին փոխվեցին։

ՉՄՈՌԱՑՎՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ

Իգոր Բոյարինով, փոխգնդապետ Վալերի Չիթչյան, Ստեփանակերտի զորամասի իմ վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյան, որը իմ տեղակալն էր, երբ զորամասի շտաբի պետ էի, կապիտան Աղասի Շահինյան, Դավիթ Խաչմանուկյան, օդաչու Բորիս Խաչատուրով եւ ամբողջ անձնակազմը։ Գնդապետ Բ. Խաչատուրովն է ինձ պարաշյուտային թռիչքներ սովորեցրել, նաեւ՝ ուղղաթիռ վարել. ի դեպ, 37 պարաշյուտային թռիչք ունեմ։

ՍԻՐԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ

Միշտ սիրել եմ հոկեյը։ 13 վիրահատությունից հետո իմ մեջ ուժ գտա եւ խաղացի։ Ստեղծեցինք հոկեյի թիմ, մասնակցեցինք ՀՀ առաջնությանը։ Արդյունքում` ՀՀ հավաքականը մասնակցեց սկսնակ երկրների աշխարհի առաջնությանը։ Կարելի է ասել` մեր հանրապետությունում հոկեյի վերածնունդը մեր զորամասի ուժերով կատարվեց։ Տղաս՝ Արամը, նույնպես մասնակցում է խաղերին եւ սկսնակ երկրների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Զբաղվում եմ նաեւ դայվինգով (ջրասուզում)։ Տեսնում եք` դեռ չեմ ընկճվել։

ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Գնդապետ Արթուր Սիմոնյանը հատուկ նշանակության զորամասի հրամանատար էր։ Այդ ընթացքում զորամասը 6 անգամ ճանաչվեց լավագույնը ազգային բանակում։ 1997թ. նրան շնորհվեց առաջին կարգի հրամանատարի կոչում: Նրա հրամանատարությամբ զորամասը ձեռք բերեց նյութատեխնիկական հարուստ բազա, հարստացավ ուսումնական ծրագիրը, զորամասը համալրվեց բանիմաց մասնագետներով։ 2006թ. նա գործուղվեց սովորելու ՌԴ ռազմական ակադեմիայում, որից հետո արդեն հինգերորդ տարին է, ինչ ղեկավարում է հայկական խաղաղապահ բրիգադը։

2011Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

-Տարեվերջյան կոլեգիայի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ազգային բանակում լավագույններից մեկն էլ մեր զորամասն է։ Մենք նույնպես բոլոր հարցերում շատ ուշադիր ենք, նկատելի է տղաների ոգեւորությունը։ Գրագետ, բանիմաց տղաները շատ են։ Բնականաբար, բարեխիղճ ծառայության համար նշանակություն ունի նաեւ ֆինանսական կողմը։ Ամուսնացած-ընտանիք ունեցող մարդիկ ձգտում են լավ ծառայել, մեկնել գործուղումների…

Առաքելություն կատարելիս նույնպես մեր զինվորներն իրենց լագավույն կողմերով են դրսեւորում։ Ժամանակին ԱՄՆ-ի նախագահ Բուշը գրավոր շնորհակալություն հայտնեց մեր նախագահին։ Մեր երկրի ղեկավարությանն իրենց շնորհակալությունն են հայտնել Իրաքի, Հունաստանի, Լեհաստանի ղեկավարները, բանակների հրամանատարները։ Այժմ մեզնից շատ գոհ են գերմանացիները, որոնք սովորաբար գնահատական տալիս շատ զուսպ են։ Առաջին անգամ, երբ նրանք ծանոթացան մեր զինվորներին, հետեւեցին պարապմունքներին, պարզապես զարմացած էին, չէին սպասում, որ նախկին ԽՍՀՄ տարածքում այդքան մարտունակ ստորաբաժանումներ կարող են լինել։ Այժմ էլ նրանք շատ բարձր կարծիք ունեն մեր մասին, իսկ վարորդների հմտությամբ պարզապես հիացած են։ Նրանք մյուսներից երկու անգամ ավելի արագ են ընկալում եւ կատարում առաջադրանքները։ Ես երկու անգամ եղել եմ Կունդուզում, եւ տեղի բազայի հրամանատարը շատ լավ է արտահայտվել մերոնց մասին։

Ասեմ նաեւ, որ անցած տարի մասնակցել ենք ՆԱՏՕ-ի զորավարժությանը, եւ գումարտակի գնահատումը կատարվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Այս տարի լինելու է գումարտակային զորավարժություն` գումարտակի ինքնագնահատումով։ Մասնակցել եւ էլի մասնակցելու ենք ազգային բանակում կազմակերպվող զորավարժություններին։ Մարտ ամսին Ռումինիայում նախատեսված է զորավարժություն, որին մենք մասնակցելու ենք 70 զինծառայողներով։ Ընդհանրապես, բավական լավ ենք ընդգրկված ՆԱՏՕ-ի ծրագրերում։ Բազմաթիվ զինվորներ, սերժանտներ, սպաներ մասնակցում են տարաբնույթ դասընթացների, ինչն ազդում է նրանց մասնագիտական որակավորման բարձրացման վրա, նպաստում համագործակցության սերտացմանը։ ՆԱՏՕ-ի ակադեմիայում են սովորել գնդապետ Արտակ Տոնոյանը, այժմ սովորում են փոխգնդապետներ Սահակյանն ու Զախրաբեկյանը։ Փոխգնդապետներ Ա.Երոյանն ու Վ.Ղուկասյանն էլ ՌԴ դիվանագիտական ակադեմիայում են սովորել։

Ասեմ, որ մեր խաղաղապահ զորամասն ըստ էության չի տարբերվում մյուս զորամասերից։ Մեզ մոտ էլ են ստորաբաժանումները մրցակցում միմյանց հետ, որոշվում եւ խրախուսվում են լավագույն ստորաբաժանումները, լավագույն մասնագետները, որոնց լուսանկարները փակցվում են ցուցատախտակին։ Շատ ենք ցանկանում թանգարան ունենալ, որտեղ կպահպանվեն եւ կցուցադրվեն զորամասի պարգեւները, ձեռքբերումների վկայագրերը։ Չեմ կարող չասել, որ զորամասի կազմավորման եւ կայացման գործում շատ մեծ է գնդապետ Արտակ Տոնոյանի ավանդը։ Նա էր խաղաղապահների առաջին եւ միակ գումարտակի առաջին հրամանատարը, իսկ այժմ իմ տեղակալն է։ Իմ տեղակալներից փոխգնդապետ Մհեր Մարտիկյանն այս տարի շնորհակալության է արժանացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից։ Զորամասի «լավագույն գումարտակ» է ճանաչվել փոխգնդապետ Ա. Ավդալյանի գումարտակը։ Նա երկար ժամանակ գործուղման մեջ էր, եւ նրան հաջողությամբ փոխարինեց մայոր Ռ. Պապյանը։ Փոխգնդապետ Վ. Ավետիսյանը Աֆղանստան նախավերջին առաքելության ղեկավարն էր, եւ ներկայացված է նախագահական պարգեւի։ Մայոր Վ. Փայտյանը նշանակվել է գումարտակի հրամանատար եւ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է թանկարժեք նվերով։

Ասեմ, որ 2007-ից հետո Իրաքում կատարել ենք 3 առաքելություն, որոնց մասնակցել է 91 զինծառայող։ Կոսովոյում՝ 9 առաքելություն, որոնց մասնակցել է 315 զինծառայող, Աֆղանստանում՝ 7 առաքելություն, 357 զինծառայող։ 64 զինծառայող պարգեւատրվել է մեդալներով՝ մեկը «Մարտական ծառայության» մեդալով։ 754 զինծառայող պարգեւատրվել է տվյալ երկրում առաքելություն կատարելու մեդալով, նրանցից շատերն այդ պարգեւին արժանացել են կրկնակի։

Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր զորամասի զինվորները միջազգային ասպարեզում բարձր են պահում մեր ժողովրդի, մեր երկրի, մեր բանակի հեղինակությունը։ Նրանք հավատարիմ են խաղաղապահի իրենց կոչմանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/01/2012