Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԵԾ ԱՎԱՆԴԸ



ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԵԾ ԱՎԱՆԴԸՊատերազմի տարիներին երկրի պաշտպանությունը վերածվեց համաժողովրդական պայքարի, որին ներգրավվեց նաեւ նրա բազմազգ մտավորականությունը։ Խորհրդային կառավարությունը միջոցներ ձեռնարկեց մոբիլիզացնելու նրանց մտավոր ողջ ներուժը։

Խորհրդային երկրի համար բախտորոշ ու ճակատագրական նշանակություն ունեցող այդ վիթխարի խնդիրների լուծման գործին լծվեցին նաեւ Հայաստանի գիտնականները, հայ մտավորականությունը։

Պատերազմի հենց առաջին օրը խորհրդային մարդիկ ռադիոյով լսեցին հայ ժողովրդի զավակ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ցասումնալի մարտակոչը։ Երեւանում տեղի ունեցավ հայ գիտնականների հակաֆաշիստական միտինգ։

Ռազմապաշտպանական նշանակության հետազոտություններ ծավալվեցին ակադեմիայի ինստիտուտներում, ֆիզիկամաթեմատիկական, բնական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքներում։

1941 թ. թշնամին Սեւ ծովում առաջին անգամ գործի դրեց էլեկտրամագնիսական ականները։ Խորհրդային ականորսիչները դրանց նկատմամբ պայքարի գործում անհուսալի եղան։ Ականային վտանգը դժվարացնում էր մարտական գործողությունների վարումը, առիթ դառնում զորակազմի եւ ռազմական տեխնիկայի մեծ կորուստների։ Երկրի համար այս վտանգավոր օրերին, խավար գիշերներին, ռումբերի պայթյունների տարափի տակ, հրի ու ծխի մեջ ֆաշիստական ականները վնասազերծելու, խորհրդային նավերն ապամագնիսացնելու նպատակով հայորդի երկու եղբայրներ գործնական հետազոտություններ էին տանում՝ մեկը Սեւ ծովի ափին, մյուսը՝ Լենինգրադի դարպաս՝ Կրոնշտադտում։ Ալիխանյան եղբայրներն էին։ Նրանք խորհրդային մյուս ֆիզիկոսների հետ հաջողությամբ լուծեցին այդ խնդիրը, որը եւ նպաստեց նավատորմի մարտունակության բարձրացմանը, հազարավոր ծովայինների կյանքի փրկությանը։

Լենինգրադում Արտեմ Ալիխանյանի ստեղծած մագնիսական ծովային ականներն ամբողջ պատերազմի ընթացքում հատու զենք դարձան Բալթյան նավատորմի ռազմիկների համար։

Ալիխանյան եղբայրները 1942 թ., պատերազմի ամենաթունդ պահին, Արագած լեռան վրա հիմնադրեցին վեց տոննանոց մագնիսով, եզակի սարքերով օժտված կայան։ Վրաններ խփելով բաց երկնքի տակ՝ նրանք ռազմապաշտպանական չափազանց կարեւոր նշանակություն ունեցող հետազոտություններ կատարեցին դժվարին պայմաններում։

Բանակի ու ռազմածովային նավատորմի բազում պատվերներ հաջողությամբ էին կատարում հայ մյուս ֆիզիկոսները։

Ռազմական նշանակության գիտական խնդիրների լուծման ուղղությամբ բեղմնավոր աշխատանք տարավ ԳԱ նախագահ Վ. Համբարձումյանը։ Պղտոր, մթամած միջավայրում լույսի ցրման վերաբերյալ նրա հայտնագործած նոր տեսությունը կիրառական կարեւոր նշանակություն ունեցավ երկրի պաշտպանության ամրապնդման գործում։

Ռազմական կարեւոր նշանակության պատվերներ կատարեց նաեւ աստղագիտական գործիքների տաղանդավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Բ. Իոաննիսյանը, որի ղեկավարությամբ մշակվեցին հիշյալ նշանակության մի շարք բարդ գործիքներ։ Դրանք մինչ այժմ աշխարհում չունեն իրենց հավասարը։

ԳԱ քիմիական ինստիտուտի ավագ գիտաշխատող ¥հետագայում ակադեմիկոս¤ Մ. Մանվելյանի ուսումնասիրությունները նպաստեցին ալյումինի արդյունաբերության մեջ տեղական հումքի օգտագործմանը, ռազմատեխնիկական նշանակության բարձրորակ ապակիների ստացմանը։ Նույն ինստիտուտից Ա. Հակոբյանն ստացավ նոր սինթետիկ նյութ, որը կիրառական մեծ գործածում ունեցավ ռազմական արդյունաբերության մեջ։

Երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողները հայտնաբերեցին բնական հանածոների նոր հանքավայր, որն ի սպաս դրվեց երկրի պաշտպանական կարիքներին։

Պատերազմի տարիներին հանրապետության տեխնիկական մտավորականության ջանքերով իրականացվում էին խոշոր ռազմական պատվերներ՝ զենքի տեսակների, գումակային տնտեսության, հակաքիմիական, հակահրդեհային եւ քողարկման սարքերի արտադրության գծով։ Այստեղ թողարկվում էր ռազմական նշանակության շուրջ 300 տեսակի արտադրանք։

Պատերազմական դժվարագույն խնդիրների լուծմանը մասնակցում էին նաեւ հանրապետության սահմաններից դուրս ապրող հայ մտավորականության ներկայացուցիչները։

Խորհրդային բանակը ռազմապաշտպանական միջոցներով ապահովելու գործում մեծ ավանդ ներդրեց ակադեմիկոս Մարտին Կասյանը։ Պատերազմի տարիներին նրա ուսերին էր դրված Վրաստանի ձեռնարկություններում մարտական տեխնիկայի եւ զինամթերքի արտադրության կազմակերպման պատասխանատվությունը։

Երկրի ռազմական արդյունաբերության զարգացման եւ խորհրդային բանակի սպառազինման գործում բացառիկ դեր խաղաց հայ ժողովրդի զավակ, սեւ մետալուրգիայի ժողկոմ Հովհաննես Թեւոսյանը։ Պատերազմի սկզբնական շրջանում դրությունն այս օղակում բավականին բարդ էր։ Թշնամին բռնազավթել էր այն տարածքները, որտեղ մինչեւ պատերազմը ձուլվում էր չուգունի ավելի քան 70 եւ պողպատի մոտ 60 տոկոսը։ Վիճակն ավելի էր ծանրացել նրանով, որ տարհանվող ձեռնարկությունների մի մասն էլ դեռեւս գտնվում էր ճանապարհներին։ «Պրավդա» թերթն այդ օրերին գրել է, որ պատերազմի ամենածանր լուծն ընկած էր խորհրդային մետալուրգների ուսերին։ Այդ պայմաններում Հ. Թեւոսյանը իր ամբողջ կազմակերպչական տաղանդը նվիրաբերեց տարհանված ձեռնարկությունների տեղաբաշխմանն ու վերագործարկմանը, նորերի կառուցմանը, ռազմական արդյունաբերությանն անհրաժեշտ նոր տեսակի մետաղների յուրացմանը։ Տիտանական ջանքերով հնարավոր եղավ ստանալ տարբեր մակնիշների բարձրորակ պողպատ։ Խորհրդային մետալուրգները՝ Հ. Թեւոսյանի գլխավորությամբ, աշխարհում առաջինը բլյումինգերի վրա գլանեցին զրահային պողպատ։ Հենց այդ պողպատով զրահապատված խորհրդային տանկերը Կուրսկի մոտ՝ տանկային ճակատամարտերի պատմության ամենադաժան մարտում, ընդհարվեցին գերմանական գովաբանված տանկերի հետ։ Այստեղ էլ փլվեցին դրանց անխոցելիության մասին հիտլերյան կոնստրուկտորների հույսերը։ Կրուպպի պողպատը կորցրեց իր դեմքը, հաղթանակեց «թեւոսյանական» պողպատը։ Մարդկության պատմության մեջ «ամենամետաղակուլ» պատերազմի ահեղ փորձությունների տարիներին «Սեւ Իվանի»՝ Թեւոսյանի շնորհիվ երբեք չընդհատվեց զենքի անխափան մատակարարումը խորհրդային բանակին։

Պատերազմի տարիներին նոր, կատարյալ տեսակներ ստեղծելու եւ բանակն առաջնակարգ թնդանոթներով ապահովելու գործում գլխավոր դեր խաղաց հայ ժողովրդի զավակ, պետական ու ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ¬մայոր Համո Յոլյանը։ Նրա ղեկավարած հրետանային գործարանում թողարկված 85 մմ թնդանոթներով զինված տանկերի երեւալը սարսափ էր թշնամու համար։ Դրանք 2 կմ հեռավորությամբ ճեղքում էին թշնամական տանկերի զրահները, գլորում աշտարակները։ Հիտլերյան հրամանատարությունը գաղտնի հրաման էր տվել իր տանկային զորամիավորումներին՝ ամեն կերպ խուսափել այդ թնդանոթներով զինված խորհրդային տանկերի հետ հանդիպակաց մարտից։ Հրետանու գծով Հիտլերի խորհրդատու, պրոֆեսոր Վոլֆը խորհրդային այդ թնդանոթը համարել է փողային հրետանու պատմության ամենահանճարեղ կառուցվածքը։

Ռուսաստանի զինված ուժերի թանգարանում կա մի ցուցափեղկ, որտեղ ապակու տակ փոքրացված մասշտաբով պահվում է 85 միլիմետրանոց թնդանոթի մոդելը եւ Հ. Յոլյանի շքանշանները, մեդալները եւ «Ոսկե աստղը»։ Դրանց մեջ կա նաեւ Սուվորովի առաջին աստիճանի շքանշանը. որով սովորաբար պարգեւատրվել են առավելապես խոշոր ճակատամարտերում հաղթանակ տարած զորավարները։

Երկրի զրահատանկային ուժերին անգնահատելի ծառայություն մատուցեց նաեւ Վոլգոգրադի «Կրասնի Օկտյաբր» մետալուրգիական հսկան, որի տնօրենն էր Պ. Մաթեւոսյանը։ Նրա նախաձեռնությամբ կոնստրուկտորական բյուրոն մշակեց նորագույն տեխնոլոգիա ու ռազմաճակատին տրամադրեց տանկեր, ռեակտիվ ականանետներ։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում կարեւոր դեր խաղաց խորհրդային ականավոր ավիակոնստրուկտորների փայլուն համաստեղությունը ¥Տուպոլեւ, Գուրեւիչ, Յակովլեւ, Իլյուշին, Լավոչկին¤, նրանց թվում եւ ողջ աշխարհին հայտնի սրընթաց «ՄԻԳ» կործանիչների հեղինակ, Լոռվա Սանահին գյուղում ծնված, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ¬գնդապետ Արտեմ Միկոյանը։ Դեռեւս 1940 թ. նրա ղեկավարությամբ ստեղծվեց մեծ բարձրությունների վրա օդային մարտեր մղելու համար նախատեսված «ՄԻԳ¬1» կործանիչը, որը վերափոխվելով կիրառվեց Հայրենական մեծ պատերազմում։ Հենց Ա. Միկոյանի եւ Ա. Գուրեւիչի ստեղծած այդ ինքնաթիռներն էին մասնակցում Հայրենական մեծ պատերազմի առաջին օդային մարտերին։

Տեղին է նշել, որ Երկրորդ աշխարհամարտի ամենաարագընթաց կործանիչն ստեղծեց մեր հայրենակիցը։ 1945 թ. սկզբներին փորձարկվեց եւ սերիական արտադրության հանձնվեց Ա. Միկոյանի ղեկավարությամբ ստեղծված տուրբինառեակտիվ շարժիչով կործանիչը։

Ա. Միկոյանի եւ խորհրդային մյուս ավիակոնստրուկտորների միասնական ջանքերով պատերազմի տարիներին սերիական արտադրության հանձնվեցին 25 նոր տեսակի ինքնաթիռներ (ներառյալ նաեւ վերափոխվածները) եւ 23 տիպի ավիաշարժիչներ։ Հենց այս ինքնաթիռներով էլ խորհրդային օդաչուները իսպառ հողմացրիվ արեցին հիտլերյան «Luftwaffe» անպարտելիության առասպելը եւ արժանի ավանդ ներդրեցին ֆաշիզմի դեմ հաղթանակի ապահովման գործում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ավիացիայի զարգացման գործում բացառիկ դեր խաղացին հայ ժողովրդի տաղանդավոր շատ զավակներ՝ գիտնականներ, կոնստրուկտորներ, փորձարկողներ։

Կարմիր բանակին նոր, ահեղ զենք ու զինատեսակ մատուցեցին ավիացիոն արդյունաբերության գործարանների տնօրեններ՝ ինժեներատեխնիկական ծառայության գեներալ¬մայոր Սուրեն Աղաջանովը, Գեորգի Ուդարովը։ Վերջինս, որը ծագումով նույնպես հայ էր, պատերազմի սկզբում լինելով Մոսկվայի «Կոմպրեսոր» գործարանի տնօրենը, ակադեմիկոս Վ. Բարմինի հետ համատեղ մշակեց ու կազմակերպեց առասպելական «Կատյուշա»¬ների արտադրությունը, որոնք իրենց փառքով պսակեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

Ինքնաթիռաշինական գործարանների վերակառուցման ու արտադրական կարողությունների ընդլայնման գործում մեծ էր Կ. Գրիգորյանի ներդրումը, որը Վ.Բուդնիկովի հետ ղեկավարում էր երկրի ռազմական արդյունաբերության ավիացիոն բաժինը։

Ծանր ռմբակոծիչների ավիացիոն դիզելների, շարժիչաշինության ասպարեզում խոշոր դեր խաղաց ինժեներատեխնիկական ծառայության գեներալ¬մայոր, ականավոր գիտնական Տ. Մելքումովը։ Հենց այս հայ գիտնականի կողմից դրվեց խորհրդային ավիացիոն դիզելաշինության հիմքը։ Պատերազմի տարիներին նա մասնագետների հետ դիզելային շարժիչ ստեղծեց նաեւ խորհրդային տանկերի համար։

Ռազմական ինքնաթիռաշինության գործում քիչ ներդրում չունեցան նաեւ Հ. Տեր¬Մարգարյանը, Ելիզավետա Շահխաթունին։

Խորհրդային բանակի սպառազինության գործին մեծ չափով նպաստեցին 4¬րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, գեներալ¬մայոր Ղ. Հակոբյանը, ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ¥հետագայում նույն զորքերի մարշալ¤ Ս. Ագանովը, կապի զորքերի պետի տեղակալ Ռ. Գաբրիելյանը եւ շատ այլ հայորդիներ։ Գրեթե չկար մարտական նշանակության որեւէ սարք ու հարմարանք, զենքի որեւէ տեսակ, որի նմուշի արարման գործում չլիներ հայազգի որեւէ գիտնականի, կոնստրուկտորի ստեղծարար մտքի մասնակցության հետքը։

Պատերազմի տարիներին Անաստաս Միկոյանը ամբողջ բանակի մթերային կոմիտեի նախագահն էր ու հսկում էր զորքերի մատակարարման գործը։ Նրան էր վստահված բանակի ու ամբողջ խորհրդային բնակչության պարենային ապահովումը։

Ակադեմիկոս Ն. Սիսակյանը պատերազմի սուղ տարիներին զբաղվեց չոր բանջարեղենի ու կարտոֆիլի մեջ վիտամինների պահպանման հարցով, խորհրդային զորակազմին ապահովելով վիտամինային հարուստ սննդով։

Անուրանալի ծառայություններ մատուցեցին ակադեմիկոսներ Լեւոն եւ Հովսեփ Օրբելի եղբայրները։ 1942 թ. Լեւոն Օրբելին նշանակվեց ռազմաբժշկական ակադեմիայի պետ։ Նրա գլխավորությամբ մշակվեց վիրաբուժության, ընդհանուր բժշկության, բանակի ռազմասանիտարական վիճակի բարելավման հետ կապված բազմաթիվ առաջարկություններ։ Նա ակադեմիկոսներ Ա. Բակուլեւի, Ն. Բուդենկոյի ու մյուսների հետ գործառության մեջ ներդրեց վիրավորներին բուժելու նոր եղանակներ ու միջոցներ, որոնց շնորհիվ նրանց 70 տոկոսը բուժվելուց հետո նորից շարք էին վերադառնում։

Անգնահատելի էր նաեւ Հովսեփ Օրբելու ծառայությունը, որը մեծ նախաձեռնություն ու եռանդ դրսեւորեց «Էրմիտաժի» գանձերը՝ քաղաքակրթության անգնահատելի մասունքները փրկելու համար։

Զենքի ու ռազմական տեխնիկայի նոր տեսակների ստեղծման եւ արտադրական ասպարեզում ձեռք բերած հաջողությունների, բանակին անձնուրաց օգնություն ցույց տալու համար «Աշխատանքային հերոսի» կոչման արժանացան միութենական մասշտաբով աշխատող հայ ժողովրդի արժանավոր շատ զավակներ՝ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանը, մետալուրգիայի ժողկոմ Հ. Թեւոսյանը, հրետանային գործարանի տնօրեն, գեներալ¬մայոր Հ. Յոլյանը, ավիակոնստրուկտոր, գեներալ¬գնդապետ Արտեմ Միկոյանը, միջին մեքենաշինական արդյունաբերության ժողկոմ Ս. Ակոպովը, ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմի տեղակալ Հ. Հարությունյանը, բժշկական ծառայության գեներալ¬գնդապետ Լեւոն Օրբելին եւ մյուսները։

Պատերազմի տարիներին խորհրդային բազմազգ մտավորականությունը շահեց նաեւ «ուղեղների ահեղ ճակատամարտում», որում բացառիկ մեծ էր հայ գիտնականների ավանդը։

 

ՎՈԼՈԴՅԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Հոգևոր-մշակութային


15/05/2023