Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՅՇԵԲԱԻՆԻ-ՕՁԱԲԵՐԴ



ԹԵՅՇԵԲԱԻՆԻ-ՕՁԱԲԵՐԴՔ.ա. առաջին հազարամյակում, երբ հզորացավ Վանի թագավորությունը, այս պետության թագավորներն սկսեցին նվաճողական արշավանքները և իրենց գերիշխանությունը հաստատեցին նաև Վանից շատ հեռու: Իրենց նվաճողական արշավանքների մասին թագավորները նաև սեպագիր արձանագրություններ էին թողնում, որոնց մի մասը մեզ է հասել և այժմ լավագույն վկայությունն են այդ շրջանի պատմության մասին: Ք.ա. 8-րդ դարում Վանի թագավորության զորքերը հասել են նաև Սևանա լճի ավազան, անցել Արցախ ու Սյունիք: Ինչպես Էրեբունիում, Կարմիր բլուրում, Արմավիրում և այլուր, այնպես էլ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակավայրերում պահպանվել են նման սեպագրեր: Դրանցից մեկը գտնվում է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ և Ծովինար գյուղերի մեջտեղում: Այն վավերագիր է նաև մոտակա ամրոց-քաղաք-բնակավայրի` Թեյշեբաինի-Օձաբերդի հիմնադրման մասին: Այն կառուցվել է բարձրավանդակի վրա: Ամրոցի հյուսիսային կողմի քարաժայռի վրա է փորագրված ուրարտական թագավոր Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, ինչից տեղեկանում ենք, որ նա Ք.ա. 735-714 թթ.  գրավել է այստեղ գոյություն ունեցող մի ամրոց, վերակառուցել է այն և անվանել «Թեյշեբա աստծո քաղաք»:

Օրերս եղավ հնարավորություն այցելելու հնավայր: Մոտ 20 հեկտար տարածք զբաղեցնող այս հնավայրում պահպանվել են պարիսպներ, շինությունների հիմքեր ու պատեր, ճանապարհի հետքեր: Ամրոցը պահող բարձրավանդակի հյուսիսային կողմում է Սևանա լիճը, որի ջրերը, հնարավոր է, Ռուսա Առաջինի օրոք էլ, ինչպես 19-րդ դարում, երբ հայտնաբերվել է այս արձանագրությունը, ողողել են բարձրավանդակի ժայռակերտ ափերը: Բարձրավանդակի արևելյան հատվածը բավականին թեք զառիվայր է, և թույլ մասերը ժամանակին ամրացվել են պարիսպներով: Այժմ այդ կողմում` հարթության վրա, փռված է Արծվանիստ գյուղը: Ամրոց-բնակատեղին հարավային մասում միացած է Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտներին: Այդ կողմով է անցել ամրոց տանող գլխավոր ճանապարհը: Ամրոց-բնակավայրի կենտրոնում է մոտ 1,5 հա տարածք զբաղեցնող ու քառանկյուն մակերես ունեցող միջնաբերդը, որը չորս կողմից շրջափակված է հզոր պարսպապատերով ու իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ: Միջնաբերդի մի մուտքը, որը ժամանակին ծառայել է հիմնականում հետիոտների համար, հյուսիսարևմտյան պարսպի կենտրոնում է, ունի ավելի քան 2 մետր լայնություն և ամրացված է աշտարակներով, որոնցից հարավարևմտյանն ամենահզորն է: Այս մուտքից դեպի բնակավայրի հյուսիսարևմտյան մուտք անցել է նեղ ճանապարհ` ոլորապտույտ իջնելով նշված կողմի լանջով: Միջնաբերդի և ամրոցի մոտ 250 մ երկարությամբ արևմտյան պարիսպն ընդհանուր է և ձգվում է դեպի արևելք և թեքվում աջ` փակելով հարավային հատվածը, որտեղով անցել է ամրոցի գլխավոր ճանապարհը, որի երկու կողմերում պարիսպներ կան: Միջնաբերդի շուրջ, հատկապես հյուսիսարևմտյան կողմում, ժամանակին եղել են շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում, և որոնցից մի մասի հիմքերն ու պատերը պահպանվել են առայսօր: Ամրոցի որոշ հատվածներում, գլխավոր պարսպից բացի, կան երկրորդները, երրորդները: Ընդհանրապես, բոլոր պարիսպներն ու պատերը շարված են երկշարք մեծ բազալտե քարերով:

Ամրոցի հարավարևմտյան կողմում պահպանվել է քարանձավ` դիմացը մոտ 0,3 հա հարթ տարածքով, որը շրջափակված է եղել պարսպով և առանձնացած է միջնաբերդից: Այս հարթության հարավարևմտյան կողմում պահպանված ճանապարհի աջ հատվածը նույնպես պարսպապատ է եղել: Այս հատվածի հյուսիսային ու արևելյան հատվածներում պահպանվել է տարբեր չափերի կրոմլեխներով ընդարձակ դամբարանադաշտը: Հնագետ Գ. Միքայելյանը, որը ժամանակին ուսումնասիրել է այս ամրոցը, գրում է. «Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, ունեցել է ջուր` օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը: Այսպիսով՝ ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը` իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում…»: /Գ. Հ. Միքայելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968 թ./: Գիտնականը նշում է, որ ամրոցի տարածքում կան նաև նախաուրարտական շրջանի կիկլոպյան շինություններ: Այն, որ այստեղ եղել է ավելի վաղ շրջանի ամրոց, որը տեղաբնիկներին պաշտպանել է թշնամիների հարձակումներից, վկայում է նաև Ռուսա Առաջինի արձանագրությունը, որում նշված է հնավայրի անունը: Այն ուրարտական միապետը կոչել է ամպրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին` Թեյշեբա աստծո քաղաք: Հնարավոր է` Թեյշեբաինի-Օձաբերդը ուրարտական շրջանից հետո էլ ծառայել է իր նպատակին: Վերջին տարիներին այստեղ հնագիտական պեղումներ են իրականացվել հայ-իտալական արշավախմբի կողմից: «Օձաբերդը Սևանի հարավային ավազանում ուրարտական ամենամեծ ամրոցներից է: Այն հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար: Մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սևանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն` շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է»,- իր հարցազրույցներից մեկում ասել է արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը: Ամրոցի հյուսիսային հատվածը վնասվել է, երբ այնտեղով բացել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը: Ճանապարհի ձախակողմում ժայռեղեն բլուր կա, որի վրա Ծովինար գյուղի գերեզմանոցն է և հուշարձան: Հնարավոր է՝ այս բլուրը ժամանակին եղել է կղզյակ ու ծիսապաշտամունքային տարածք և կապ է ունեցել Օձաբերդի ամրոցի հետ: Բլրակի վրա կան 2 փոքր մատուռներ, որոնց մեջ պահպանվել են միջնադարյան խաչքարեր: Հանգստարանի մուտքի մոտ վերջերս կառուցվել է «Ծովինարի հերոսներ» հուշապատը` նվիրված Արցախյան պատերազմներում մարտիրոսված հերոս ծովինարցիներին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Հոգևոր-մշակութային


13/03/2023