Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸ



ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸՍտալինգրադի ճակատամարտը, որն սկսվեց 1942 թ. հուլիսի 17-ին և ավարտվեց 1943 թ. փետրվարի 2-ին, հիրավի բեկումնային էր։ Այստեղ շրջապատվեց և լիովին ջախջախվեց ֆաշիստական 330 հազարանոց խմբավորումը՝ ֆելդմարշալ Պաուլյուսի հրամանատարությամբ։ Հաղթանակը սասանեց ֆաշիստական Գերմանիայի հիմքերը, խափանեց Թուրքիայի և Ճապոնիայի կողմից ԽՍՀՄ-ի նկատմամբ գործողությունների ծրագրերը, ոգեշնչեց ինչպես դաշնակից երկրներին, այնպես էլ ֆաշիզմի դեմ ընդհատակյա ու պարտիզանական պայքար մղող ուժերին։

Հակառակորդը նպատակադրվել էր 650 կմ հասնող ճակատով Տագանրոգի և Կուրսկի շրջանում խորը ճեղքումներով մխրճվել խորհրդային զորքերի պաշտպանության մեջ, արագաշարժ զորախմբերով շրջապատել և ջախջախել Բրյանսկի, Հարավարևմտյան, Հարավային ռազմաճակատների Դոնից արևմուտք եղած զորքերը, դրանով իսկ նորից տիրելով պատերազմական գործողությունները վարելու նախաձեռնությանը։

Ստալինգրադի ճակատամարտն ընթացավ երկու փուլով. պաշտպանական մարտերը տևեցին 1942 թ. հուլիսի 17-ից նոյեմբերի 18-ը, հարձակողականը՝ նոյեմբերի 19-ից 1943 թ. փետրվարի 2-ը։

Խորհրդային զորքերին հրամայված էր ամուր պաշտպանել Ստալինգրադյան բնագծերը, ոչ մի իրավիճակում հակառակորդին չզիջել։ Ռազմաճակատների գործողությունները ղեկավարում էին գերագույն գլխավոր հրամանատարության ներկայացուցիչները՝ գեներալ Ա. Վասիլևսկին և մարշալ Գ. Ժուկովը։

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸՀայ ժողովրդի զավակները ևս ակտիվ մասնակցություն ունեցան և  հերոսություն դրսևորեցին Ստալինգրադի պաշտպանության ժամանակ։ Հայաստանում մարդկային և նյութական ռեզերվներով համալրված 76-րդ (51-րդ գվարդիական), 136-րդ (15-րդ գվարդիական) և 138-րդ (70-րդ գվարդիական) հրաձգային դիվիզիաներն ակտիվորեն մասնակցեցին թե՛ պաշտպանական և թե՛ հարձակողական մարտերին։ Հարձակման հենց առաջին օրերը դիվիզիան՝ հրետանու, տանկերի և ավիացիայի հզոր օժանդակությամբ, ճեղքում է հակառակորդի դիրքերը Դիմիտրևկա բնակավայրի շրջանում և գրավում ֆաշիստների պաշտպանության խոշորագույն հանգուցային կենտրոն Կարպովկա բնակավայրը, Պիտոմնիկ և Գումրակ ռազմավարական կարևոր կետերը։ Թշնամին այլևս ի վիճակի չէր կանգնեցնել նրանց առաջխաղացումը։

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸՀունվարի 25-ին Ստալինգրադի արևմտյան մասից քաղաք են ներխուժում գեներալ Չիստյակովի 21-րդ բանակի զորքերը։ Այդ նույն ժամանակ քաղաքի արևելյան մասից հակառակորդի վրա ավելի է ուժեղացնում ճնշումը գեներալ Չույկովի 62-րդ բանակը։ Կոտրելով գերմանացիների համառ դիմադրությունը՝ երկու բանակները հունվարի 26-ի առավոտյան միանում են Մամաև Կուրգանի շրջանում, որի շնորհիվ ֆելդմարշալ Պաուլյուսի բանակը կիսվում է երկու մասի, հարավային, որը սեղմված էր քաղաքի կենտրոնում, և հյուսիսային, որը շրջապատված էր տրակտորի գործարանի շրջանում։ Ստալինգրադի լեգենդար պաշտպան գեներալ Ռոդիմցևի 13-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հերոսներին այդտեղ առաջինը հանդիպում են 154-րդ գվարդիական Լոռու կարմրադրոշ հրաձգային գնդի առաջին հրաձգային գումարտակի մարտիկները։

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸՀունվարի 31-ին հակառակորդի հարավային խմբավորումը դադարեցնում է դիմադրությունը և գերի հանձնվում ֆելդմարշալ Պաուլյուսի գլխավորությամբ։ Փետրվարի 2-ին հանձնվում է նաև հյուսիսային խումբը։ Ստալինգրադյան ճակատամարտը տևեց 200 օր։ Թշնամու ջախջախումը Ստալինգրադի տակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաքաղաքական խոշորագույն և ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որը արմատական բեկման սկիզբ դրեց ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքի մեջ։ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը մասնավորապես կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, որովհետև Խորհրդային Հայաստանի սահմաններում Թուրքիան կուտակել էր 26 դիվիզիա և հարմար պահի էր սպասում հարձակման համար։

ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸԴոնի, Ստալինգրադի, Հարավարևմտյան ռազմաճակատների կազմերում ճակատամարտին մասնակցած 30000 հայ մարտիկներից մի քանի հազարը իրենց խիզախության համար արժանացան տարբեր մարտական պարգևների։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց ավիաէսկադրիլիայի հրամանատար, ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանին (հետմահու), աչքի ընկան բրիգադի հրամանատար, փոխգնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս) Ասքանազ Կարապետյանը, գեներալ-մայորներ՝ Սերգեյ Գալաջևը, Իվան Վեքիլովը, Հայկ Թումանյանը (հետագայում՝ գեներալ-լեյտենանտ), օդաչուներ՝ Ստեփան և Վլադիմիր Միկոյանները, տանկիստներ՝ Գուրգեն և Արամ Բարսեղյանները, ավագ լեյտենանտ Սուրեն Միրզոյանը, լեյտենանտ Համլետ Դալլաքյանը, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Գրիգոր Բաղյանը, Խորհրդային Միության հերոս, ավագ սերժանտ Արամայիս Պողոսյանը, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Աշոտ Ամատունին, որը պատերազմից հետո ծառայությունը շարունակել է Խորհրդային բանակում և մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել է Երևանում Խորհրդային Հայաստանի «Հայրենական մեծ պատերազմի» թանգարանի տնօրենը։ 389 հայ կռվում էր հռչակավոր «Պավլովի տան» տարածքում, իսկ 16-րդ օդային բանակում՝ 37 օդաչու։ Հաղթանակին էական նպաստ բերեցին նաև մեծ թվով հայ բժիշկներ և բուժքույրեր։ Պատմական այդ սխրանքն իրագործողների թվում էր նաև 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան։ Ձեռք բերած հաջողությունների համար գվարդիական կոչմանն արժանանալուց բացի, դիվիզիան երկու ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸանգամ արժանանում է գերագույն գլխավոր հրամանատար Ի. Վ. Ստալինի շնորհակալությանը, մասնակցում քաղաքի ազատագրման ժամանակ աչքի ընկած զորամասերի զորահանդեսին և 1943 թ. հունիսի 19-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվում Լենինի շքանշանով։

Ստալինգրադում զոհվեցին  10000 հայորդիներ։

Ստալինգրադի ճակատամարտը արագացրեց նացիստական Գերմանիայի վերջնական պարտությունը, մարդկությունը լցվեց հաղթանակի անսասան հավատով։ 1945 թ.-ին Ստալինգրադը պաշտոնապես հռչակվեց Խորհրդային Միության հերոս քաղաք։ Նրա մասնակիցների պատմական սխրանքը հավերժացել է բազմաթիվ հուշարձաններով ու հուշահամալիրներով։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»

ռազմական պատմության թանգարան

գիտաշխատող

Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Պատմության էջերից


09/02/2023