Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՊԱՊԻ ԾՈՌԸ



ՀԵՐՈՍ ՊԱՊԻ ԾՈՌԸԱյս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում զոհվեց ժամկետային զինծառայող Արամ Էդիկի Մնացականյանը։ Պատմում են՝ այս դիրքում տղաները թշնամուն դիմակայել են ամբողջ գիշերը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Սակայն, անընդհատ հրետակոծելով ու գնդակոծելով քաջաբար դիմակայող տղերքի դիրքը, լուսադեմին թշնամուն հաջողվել է կոտրել հայոց քաջերի դիմադրությունը և վիրավոր մնացածներին գնդակահարել։ Ծանր վիրավոր վիճակում գնդակահարվել է նաև Արամը, որը չի ենթարկվել հրամանատարի հրամանին՝ նահանջել, մնացել է նրա հետ, և զոհվել են միասին։

Դպրոցական էի, որ պատահմամբ մի գրքույկում կարդացի գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Միխայիլ Նաումովի հրամանատարությամբ պարտիզանական միավորման մասին, որը 1942 թվականից գործել է Ուկրաինայում, անցել 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով ֆաշիստներին։ Նույն միավորման կազմում է գործել  Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։ Պարզվեց՝ հայ պարտիզանների շարքում է եղել հորս քեռին՝ Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Խաչիկ Սարգսի Մնացականյանը։ Գրքում մի քանի անգամ հիշատակվում է Խաչիկի մասին, որն աչքի է ընկել իր քաջագործություններով։ Ընթերցում ենք. «Առաջին վաշտի դասակներից մեկի վրա թշնամին գնդացրային կրակ բացեց և փակեց նրա նահանջի ճանապարհը։ Մարտիկ Խաչիկ Մնացականյանը շրջանցեց կրակակետը և նռնակով լռեցրեց այն՝ ապահովելով դասակի համեմատաբար անվտանգ նահանջը»։ Մեկ այլ էջում գրված է. «Հակառակորդը խուճապահար նահանջեց՝ կռվի դաշտում թողնելով 50 սպանված: Մարտիկ Խաչիկ Սարգսի Մնացականյանն այդ կռվում ոչնչացրեց յոթ հիտլերականների»։ Պատերազմի ավարտից հետո Խաչիկը վերադարձավ հայրենի գյուղ… Ուներ հինգ որդի։ Գառնիկ որդու թոռը՝ Արամը, Էդիկ և Նաիրա ամուսինների երկու որդիներից կրտսերն էր։ Ծնվել է 2002 թ. օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Տանը և դպրոցում լավ դաստիարակություն էր ստացել և դեռ մանկուց աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, զբաղվում էր սպորտով՝ բազկամարտով։ Եկավ ժամանակը, և հետևեց ավագ եղբայր Ռոմանին, հորեղբայրների որդիներին և սիրով դարձավ հայրենիքի զինվոր։ Հայրենասեր պատանու համար սիրելի կերպար էր հոր պապը՝ Խաչիկը, որն իր սխրանքներով ոգևորել էր նաև հինգ որդիներին, նրանց որդիներին ու թոռներին։

2021 թ. փետրվարի 9-ին Արամը դարձավ զինվոր։ Ծառայում էր Սյունիքի զորամասերից մեկում։ Հարազատներն ասում են՝ երբեք չէր տրտնջում ծառայությունից… Կենսուրախ ու բարի բնավորությամբ երիտասարդը ցանկացած հարցով օգնում ու աջակցում էր զինընկերներին։ Բարեկամները, ծանոթները, դպրոցական ու մարտական ընկերները մեծ սիրով են խոսում միշտ ժպտերես, կենսախինդ, հումորով Արամի մասին, որն աչքի էր ընկնում նաեւ իր ուժով ու կամային բնավորությամբ։ Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով խոսել է դիրքեր բարձրանալուց առաջ, ասելով՝ լավ է, ամեն ինչ կարգին է… Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական գործողություններն այս տարվա սեպտեմբերի 12-13-ին մեզնից շատ թանկ կյանքեր խլեցին. մեր քաջորդիները իրենց կյանքի գնով կանգնեցրին թշնամուն… Արամի՝ հերոսին վայել հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին հայրենի Վաղաշեն գյուղի գերեզմանատանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը, զինվորականներ, հոգևորականներ։ Բազում երազանքներով պատանին դարձավ հավերժի ճամփորդ՝ համալրելով Արցախյան ազատամարտի ժամանակ և հետագա տարիներին մարտիրոսված հազարավոր քաջորդիների լուսեղեն բանակը…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #33 (1455) 26.10.2022 - 1.11.2022, Ճակատագրեր


28/10/2022