Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար, ինչպես նաև մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի վաղ իրենց բանաձևերի նախագծերով հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ  հարցեր ԱՄՆ Սենատի օրակարգ են մտցրել նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիերը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային դատարաններին՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը։

ԱՄՆ-ում հանդիպել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացը: Սպիտակ տունը մեկնաբանել է հանդիպումը՝ «Հստակեցրինք կոնկրետ քայլեր»:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր, նշել է  ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

«Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր և հրապարակային հանդիպումներում: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը, ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու բանակցային ու խաղաղ գործընթացին աջակցելը, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը:

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ ստեղծված սահմանային իրավիճակը գնահատելու համար, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է  Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին և ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը այսպիսի գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով #Փրկենք Հայաստանը, #Կանգնիր Հայաստանի կողքին, #Հայերի կյանքը կարևոր է հեշթեգերը։

«ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են նոր ռազմական ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»։

Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայե. «Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար»:

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս. «Քարտեզները վերանայելու որոշ երկրների քաղաքականությունը ձախողվելու է: Հունաստանը բազմիցս շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, վերաբերում է նաև մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակում: Սակայն լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում»:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան կատարած այցի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը, որի համաձայն՝ ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները, որոնց հայկական ստորաբաժանումները չեն մասնակցում:

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցնցումների և սահմանների փոփոխությունների անընդունելիության մասին:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ