Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾՆՎԵՑ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ...
ԾՆՎԵՑ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ…

ԾՆՎԵՑ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ...Արցախյան վերջին պատերազմից առաջ՝ 2020 թ. հուլիսի 1-ին, Հայոց բանակ էր զորակոչվել Գառնիկ և Սուսաննա Հովհաննիսյան ամուսինների որդին` Գարիկ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից։

Ծնվել է 2001թ. դեկտեմբերի 9-ին։ Նոր էր ավարտել՝ տեղի միջնակարգ դպրոցը, և ինչպես հարազատներն են ասում՝ մեծ խանդավառությամբ գնաց բանակ։ Ծառայում էր Ջրականի զորամասում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին հարվածները հասան Ջրականի զորամաս, ու բոլորը՝ նորակոչիկ ու արդեն ուսումնական դասընթացներ անցած զինվորները, սպայական կազմը զենք վերցրին, պաշտպանեցին հող հայրենին։ Հարազատները վերջին անգամ Գարիկի ձայնը հեռախոսով լսել են հոկտեմբերի 6-ին՝ Հադրութի տարածքից… 2020 թ. նոյեմբերի 28-ին ծնողները տեղեկացան  իրենց միակ որդու զոհվելու մասին։ Ըստ մարտական ընկերների՝ պատերազմի այդ կարճ ընթացքում Գարիկը հասցրել էր աչքի ընկնել արիությամբ ու համարձակությամբ, և նրան վստահվել էր 7-հոգանոց ջոկի հրամանատարությունը։ Այդ ընթացքում նաև տղերքի կյանքն է փրկել։ Այս պատերազմում մեր զինվորներն ընկնում էին հիմնականում թշնամու անօդաչուների հարվածից, սակայն Գարիկը, դարձյալ մարտական ընկերների պատմելով, դարձել է խաբեության զոհ։ Թշնամու ջոկատը հայկական բանակի համազգեստով է մոտեցել, հայերեն են խոսել ու հետո կրակել։ Վիրավոր վիճակում էլ Գարիկը շարունակել է մարտը եւ… զոհվել։

ԾՆՎԵՑ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ...Հայրենի գյուղի տոհմական գերեզմանոցում է հուղարկավորված քաջորդին։ Քիչ հեռվում Գարիկի համադասարանցիներ Ռադիկ Թաթոսյանի շիրիմն է։ Նույն դասարանից էր նաև Վահե Ասատրյանը, որը հերոսաբար զոհվեց Շուշիի մատույցներում։ Արցախյան վերջին պատերազմում Գեղհովիտ գյուղից զոհվեցին 5 հոգի, կա մեկ անհայտ կորած։ Այս տարվա մայիսի 24-ին գյուղի միջնակարգ դպրոցի բակում բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ հերոս նահատակների։ Խաչքարի մոտ բազալտե գրքի վրա Գարիկի ու իր համադասարանցիների անուններն են դրոշմված՝ «Ձեր արյամբ սրբացած հողը թշնամուն չենք թողնելու» պատգամով։

…Գարիկի քույրերը՝ Աննան ու Գայանեն, եկել էին դիմավորելու ու տուն տանելու կրտսեր Գարիկին։ Բուժմիավորման միջանցքում էին նաև բոլոր հարազատները, հարևանները։ Բուժաշխատողների ուղեկցությամբ իջավ Գարիկի մայրը ու ժպիտը դեմքին մոտեցավ իրեն դիմավորողներին։ Տխուր էր ու երջանիկ տիկին Սուսաննան։ Բուժքույրը դիմավորողներին հանձնեց ամենաթանկը Գառնիկ և Սուսաննա ամուսինների, Աննա և Գայանե քույրերի համար։ 6-րդ դասարանցի Գայանեն ասաց, թե շատ են սիրելու իրենց հպարտություն Գարիկի նորածին եղբորը՝ կրտսեր Գարիկին…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ