Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՖԱՀՐԱԴՅԱՆ
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՖԱՀՐԱԴՅԱՆ

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՖԱՀՐԱԴՅԱՆ«Թեև ծնվել եմ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, բայց զտարյուն սասունցի եմ… Հենց դա էլ ստիպեց, որ ընտրեմ զինվորականի դժվարին, պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունը»: Ու կեսկատակ-կեսլուրջ շարունակում է. «Լսած կլինեք, խոսքի մեջ մեր ժողովուրդը ասում է՝ ծուռ սասունցի: Ա՛յ, զինծառայողն էլ հենց պետք է սասունցու նման ծուռ լինի»:

Այսպես է սկսվում մեր զրույցը բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանի հետ։

Դեռ դպրոցում Արթուրը որոշել էր գիտությամբ զբաղվել, դառնալ ֆիզիկոս, սակայն հայկական բանակում երկու տարի ծառայելուց հետո սպայական պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստանում։ Բարեհաջող անցնում է սպայական դասընթացները և որպես դասակի հրամանատար ծառայության է նշանակվում առաջնագծում՝ ստանալով հրամանատարական մկրտությունը:

«Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումն էր, որ ինձ ստիպեց երկարացնելու  պայմանագիրս ու շարունակելու ծառայությունս: Իհարկե, զինվորական դառնալու ճանապարհին դժվարություններ եղել են, և ոչ քիչ, սակայն տրտնջալը, ճանապարհից հետ կանգնելն ինձ բնորոշ չէ: Իմ խորին համոզմամբ, զինծառայողի, հատկապես՝ սպայի, հրամանատարի համար «դժվար է, չկա, չի ստացվում, չեմ կարող» և նմանատիպ արտահայտությունները չպետք է գործածական, առօրեական լինեն: Զինված ուժերը այն համակարգն է, որտեղ պետք է դու ցույց տաս քո ունակությունները, հրամանատարական գիտելիքները, ցանկացած հարցի, խնդրի, առաջադրանքի հետ կապված ունենաս հստակ դիրքորոշում: Հավատացնում եմ՝ դա գնահատվում է»,- անկեղծանում է փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանը:

Հրամանատարական ունակությունները կատարելագործելու և փոխգնդապետի որակավորման դասընթացներին մասնակցելու նպատակով էլ Արթուրը 2016 թ. ընդունվում է Ռազմական համալսարան, սակայն սկսվում են ապրիլյան կռիվները, եւ Արթուրն իր երկու ընկերների հետ կիսատ է թողնում ուսումն ու վերադառնում է  զորամաս…

44-օրյա պատերազմի օրերին նա արդեն հմտացած էր ռազմական գործողությունների մեջ, փոխգնդապետ Ֆահրադյանի համար արդեն կանխատեսելի էին թշնամու ծրագրերը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթն անց տասնհինգ րոպեին թշնամին հրետանիով թիրախավորեց մեր զորամասի ՄՏՎ-ն: Անմիջապես տագնապով անձնակազմը ոտքի հանեցինք և անցանք պաշտպանության: Կարճ ժամանակ անց, գնահատելով ստեղծված իրադրությունը, անցանք հակահարձակման, հաջողեցինք հետ վերցնել մի քանի կարևոր բարձունքներ… Հետո կռահեցինք, որ թշնամին փորձում է չորս կողմից օղակել մեզ: Գիշերը, շատ ուշ, ժամը երեքի կողմերը, մոլորության մեջ գցելով թշնամուն՝ կարողացանք դուրս գալ այդ գրեթե անելանելի թվացող վիճակից: Կարողացա ստորաբաժանումս դուրս բերել վերահաս շրջապատումից»,- հպարտորեն ասում է փոխգնդապետը:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՖԱՀՐԱԴՅԱՆԱյս գործողությունից հետո հատուկ նշանակության ստորաբաժանումը փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանի հրամանատարությամբ տարբեր մարտական առաջադրանքներ է ստանում ու պատվով կատարում, ստանձնում մի շարք կարևոր բնագծերի պաշտպանությունը:

…Հոկտեմբերի 10-ին փոխգնդապետը վաթսունութ բեկորային վիրավորումներով անգիտակից վիճակում տեղափոխվում է հոսպիտալ։ Սակայն այստեղ էլ իր անձնակազմի հետ էր.

«Շուշիում իմ ստորաբաժանումը մնացել էր շրջափակման մեջ, ու ես հեռախոսով բացատրում էի, թե ինչ անեն»։

Պատերազմի ելքի մասին Արթուր Ֆահրադյանն իմանում է հիվանդանոցում. «Ծանր էր, ծանր է նաև հիմա»,- ասում է փոխգնդապետը:

Նա համոզված է՝ ուժեղ և բարեկեցիկ Հայրենիք ունենալու համար պետք է հզորացնել ու զարգացնել Հայկական բանակը, իսկ դրա համար յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով, անի ամեն ինչ Հայրենիքը շենացնելու համար:

«Իմ ամբողջ ծառայության ընթացքում ես երբեք չեմ ասել՝ ինձ էս կամ էն պաշտոնին նշանակեք: Ինձ միշտ առաջարկել են էսինչ պաշտոնում ծառայել, ես էլ պատասխանել եմ. «Լսո՛ւմ եմ…»։

Երեսուներեքամյա զինվորականը շատ նպատակներ ու երազանքներ ունի, բայց դրանցից ամենակարևորը այսպես է ձևակերպում.

«Ապրե՛նք երջանիկ, ազատ, անկախ ու հզոր Հայաստանում»:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ