Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՅՍԸ
ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՅՍԸ

ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՅՍԸՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Հայաստանի Ազգային հերոս

 

Հայրենիքը մենք չենք ընտրում, Հայրենիքը  տրվում է ի վերուստ՝ մեզ դարձնելով դրա մի մասնիկը, մեր հոգին ձուլելով հայրենի հողի, բնության, ձայների, գույների, բույրերի ներդաշնակությունից: Պաշտպանել Հայրենիքը նշանակում է պաշտպանել սեփական տեսակը, դարավոր կենսագրությունը, մշակույթը, կենսատարածքը: Քանի-քանի նվաճողներ են փորձել հայ ժողովրդից խլել իր Հայրենիքը, խզել կապը հայի ու նրա Հայրենիքի միջև, զրկել նրան ինքնությունից: Ոչնչացրել են մշակույթը, ավերել են տաճարներն ու եկեղեցիները, դպրոցներն ու կոթողները…Կարողացել են նեղացնել, կրճատել մեր հայրենիքի ֆիզիկական սահմանները, բայց նրա հոգևոր սահմանները մեր հոգում միշտ անխախտ են մնացել: Ու դա է պատճառը, որ մենք երբեք չենք հաշտվել կորուստների հետ, մենք մեր հոգևոր հայրենիքից ոչ մի թիզ չենք զիջել ո՛չ բարեկեցության, ո՛չ ապահովության, ո՛չ էլ նույնիսկ կյանքի դիմաց: Մենք սերնդեսերունդ մինչև արյան վերջին կաթիլը, մինչև սրտի վերջին զարկը, մինչև վերջին շունչը կռիվ ենք տվել մեր հայրենիքի ազատության ու ինքնիշխանության համար:

Այսօր նորից դարավոր թշնամին չոքել է մեր դռանը: Այսօր նորից փորձություն է՝ հայի ազատասիրության, ազգային արժանապատվության, պատվի, խիզախության: Ապրելու իրավունքի: 44-օրյա պատերազմում մեր բանակը՝ մեր զինվորն ու սպան,  հայրենասիրության, քաջության, ռազմական տաղանդի, անձնվիրության աննախադեպ օրինակներ ցույց տվեցին աշխարհին:  Մեր ուժերն անհամեմատ անհավասար էին, ու մենք տարածքներ կորցրինք, մենք կորցրինք ազգի լավագույն զավակներին, բայց պահպանեցինք մեր պատիվն ու հպարտությունը, սեփական ուժերի ու վաղվա հաղթանակի հանդեպ հավատը: Այսօր յուրաքանչյուր հայ տղամարդ, ով ի վիճակի է զենք բռնել, զինվոր է: Այսօր յուրաքանչյուր հայ տղամարդու ուժը պիտի գումարվի սահման պահող զինվորականի ուժին: Ես մեծ ոգևորությամբ լսեցի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու լուրը: Զորքն ու պահեստազորը պետք է ունենան մարտական պատրաստության  նույն մակարդակը: Մեր աշխարհաքաղաքական վիճակը, պատմական խնդիրները, մեզ բաժին ընկած հարևանները ստիպում են, որ առիթի դեպքում ռազմիկ դառնան հասարակության բոլոր շերտերը: Երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Մնում է միայն մի մուսա բոլորի համար՝ զենքը, ու մի ներշնչանք՝ Հայրենիքի ազատությունը: Ես հավատում եմ մեր համախմբվածության ուժին: Ես տեսնում եմ մեր գալիք հաղթանակների լույսը: