Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲԿուրսանտ Ինգա Եփրեմյանը զինվորական հանդերձանքի կրման կանոններն ու տարբերանշաններից յուրաքանչյուրի տեղն ու նշանակությունը հինգ մատի պես գիտի:

-Բացվածքը պետք է լինի 7 սմ, արյան կարգը՝ ձախ, իսկ բանակի տարբերանշանը՝ աջ կողմում,- ներկայացնում է Ինգան և ոգևորված շարունակում նոր ստացած համազգեստը կարգի բերելու աշխատանքը:

Զինվորական դառնալու ուղին է ընտրել նաև Ինգայի մանկության ընկերուհին՝ Ջուլիետա Առուստամյանը:

-Վստահ եմ, որ պատվով կկրեմ զինվորական համազգեստը եւ հաճելիորեն կզարմացնեմ ու կուրախացնեմ ծնողներիս: Իհարկե, դժվարություններ շատ կան ու կլինեն, բայց պետք է հաղթահարեմ: Ընտրել եմ այս ուղին, ուրեմն անտրտունջ էլ կհաղթահարեմ այն: Լավ պիտի սովորեմ, որ նաև գիտելիքների առումով կարողանամ արժանիորեն շարունակել հայրիկիս գործը,- մեզ հետ անկեղծանում է Ջուլիետան:

Արցախից Երևան, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանից՝ ռազմական համալսարան: Ինգայի և Ջուլիետայի սերն ու հետաքրքրությունը ռազմական ոլորտի հանդեպ սկիզբ է առել դեռևս դպրոցական տարիներից և խորացել ռազմամարզական վարժարանում ուսանելու տարիներին: Աղջիկների զինվորական կյանքի նոր էջն էլ «բացվել է» ռազմական համալսարանում՝ հստակ ուրվագծված նպատակներով և հայրենիքի նվիրյալ պաշտպան դառնալու վճռականությամբ:

-Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, և այդ գործում կապ չունի սեռը: Առյուծը առյուծ է՝ էգ լինի թե որձ ….Ամենակարևորը՝ լինես լավ սպա և կոչմանդ արժանի,- զրույցը թեժացնում է Ինգան, իսկ Ջուլիետան էլ շարունակում է.

-Դժվարություններ, իհարկե, կան, և մենք դրանք կհաղթահարենք: Վճռական եմ  տրամադրված: Պետք է լավ սովորեմ, գիտելիքների այնպիսի պաշար ձեռք բերեմ, որ զորքերում ծառայելիս խնդիրներ չունենամ գիտելիքի առումով: Վճռական եմ, որովհետև հանձն եմ առել շարունակելու հայրիկիս գործը: Ընտանեկան ավանդույթի ուժով՝ զինվորական համազգեստ կրելու պատիվը հայրիկիցս՝ եղբորս, եղբորիցս էլ ինձ է  փոխանցվել:

Ինգայի դեպքում պատկերը բոլորովին այլ է: Ընտանիքում զինվորականներ չկան: Սպա դառնալու որոշումը ինքնուրույն է կայացրել, և այդ հարցում ստացել է ծնողների լիակատար աջակցությունը:

-Դժվարությունները միայն հաղթահարելու համար են, և կհաղթահարենք,- վստահեցնում է Ինգան, որի նպատակասլացության մասին նաև կրծքանշաններն են խոսում: Ռազմամարզական վարժարանում ուսանելու տարիներին գերազանց պատրաստության շնորհիվ խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» ու «Լավագույն մարզիկ» կրծքանշաններով: Հրաձգությունից հանրապետական փուլում գրավել է 1-ին տեղը՝ 50 միավորից հավաքելով 49 միավոր, իսկ բազկամարտից էլ իր քաշային կարգում եզրափակել է ուժեղագույն եռյակը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲԼսարանից՝ հրապարակ. կուրսանտներն առաջին քայլերն են անում: Մոտ օրերս նրանց զինվորական կյանքի առաջին ու կարևոր պատասխանատու իրադարձությունն է սպասվում՝ երդման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ, պետք է շտկել կեցվածքը, սովորել պատվի առնելու, հրամաններն ու շարային դարձումները ճիշտ կատարելու կարգն ու առանձնահատկությունները:

Առավոտյան ֆիզպատրաստության, շարային պատրաստության, մարտավարական պարապմունքների ժամանակ ոչ մի բանով հետ չեն մնում տղաներից…

-Սրտի թրթիռով ենք սպասում երդմանը,- ընկերուհիներին է միանում Մելանյա Խաչանեսյանը:

Մելանյան Տավուշի մարզից է: Ինչպես մեր գեղեցկուհին շեշտեց, նաև այդ հանգամանքով ոգևորված է ընտրել զինվորականի  մասնագիտությունը:

-Սահմանում ապրելու հանգամանքով պայմանավորված որոշեցի զինվորական կրթություն ստանալ: Որոշումս ինքնուրույն եմ կայացրել ու չեմ փոշմանել: Չորս տարի հետո, երբ ավարտեմ ռազմական բուհն ու լեյտենանտի ուսադիրներ ստանալով համալրեմ սպայակազմի շարքերը, դա կլինի իմ կյանքի փոքրիկ ձեռքբերումը, երկար  ու դժվարին ճանապարհի հաջող մեկնարկը, -ասաց Մելանյա Խաչանեսյանը:

…Ուսումնական առօրյան ընդհատվում է ճաշի ժամով: Աղջիկներն արդեն հասցրել են հարմարվել զինվորական օրակարգին ու կարգացուցակին: Ռազմական համալսարանի պայմանների մասին դրական են արտահայտվում, ճաշացանկի մասին՝ նույնպես:

Առջևում կուրսանտների երդման արարողությունն է, որից հետո կուրսանտները, խորությամբ ըմբռնելով զինվորական երդման խորհուրդը, պատվով ու պատասխանատվությամբ հավատարիմ կմնան իրենց առաքելությանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ