Հայերեն | На русском | In English
Հավանաբար շատերը կզարմանան, երբ տեղեկանան, որ այսօր արդեն շքեղության եւ պերճության խորհրդանիշ ջիպը ստեղծվել է որպես բանակային ավտոմեքենա, ծառայել ռազմական նպատակների լուծմանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմը խթանեց ջիպերի ստեղծումը։ ԱՄՆ ԶՈՒ ղեկավարությունը, գիտակցելով շարժունակ փոխադրամիջոցների անհրաժեշտությունը, հայտարարեց մրցույթ` կարճ ժամկետում ստեղծել բազմանպատակային մեքենա։ Այն պետք է լիներ թեթեւ, ամուր, հուսալի եւ շարժունակ, չորստեղանի, լիաքարշակ համակարգով, 40 ձիաուժից ավելի հզորությամբ շարժիչով եւ ունենար 590 կգ քաշ, 2032 մմ անվային բազա։
«Բենթեմ» ընկերության ինժեներ Կառլ Պրոբսթը (ԱՄՆ) առաջինն է նախագծում այդ պահանջները բավարարող ավտոմեքենան, սակայն դրա քաշը գերազանցում էր սահմանված չափը, ուստի շուտով մրցույթի հաղթող է դառնում «Willys o Verland» ընկերությունը։ Վերջինիս «Willys Quand» մեքենան՝ 4×2 եւ 4×4 քարշակման բանաձեւերով, ավելի էր համապատասխանում զինվորականների պահանջներին։ Միաժամանակ նախապատվություն է տրվում նաեւ էժանությանը` 738 ԱՄՆ դոլար։ «Willys Jeep MB»-ն (M նշանակում է սերիական մոդել, իսկ B` Bantam) բաց թափքով էր, չուներ դռներ, կոշտ տանիք, քանի որ դրանք կավելացնեին մեքենայի քաշը։
Եվ այսպես, ուղիղ 70 տարի առաջ՝ 1941թ., «Willys MB»-ն «գնում է» պատերազմ եւ անում հնարավորն ու անհնարինը. զինվորներ է տեղափոխում, վիրավորներ հասցնում բուժկետ, զինամթերք հասցնում ճակատ, գնում հետախուզության, դեռ ավելին՝ այս բազմանպատակային մեքենան դնում են անգամ ռելսերի վրա՝ վագոններ քարշ տալու։
ԱՄՆ բանակի գեներալ Ջորջ Մարշալը ջիպը համարել է «ժամանակակից զինվորական գործի գլխավոր նորամուծությունը», իսկ զինվորական լրագրող Էռնի Փայլն ավելի խոսուն բնութագիր է տվել. «Պատերազմն առանց ջիպի չեմ կարող պատկերացնել։ Այն հավատարիմ է շան պես, ուժեղ՝ ինչպես ցուլը, դյուրաշարժ՝ ինչպես այծը։ Եւ այս ամենից զատ, նախատեսվածից էլ երկու անգամ ավելի բեռ է տեղափոխում»։
Ջիպ անվանումն առաջացել է անգլերեն «general purpose vehicle» արտահայտությունից, որ նշանակում է «ընդհանուր նշանակության մեքենա» (թեեւ ջիպ անվան բազմաթիվ այլ ստուգաբանություններ էլ կան)։ Ջիպի հաջողությունն աննախադեպ էր պատերազմի ժամանակ։ Խորհրդային Միության առաջնորդ Ստալինը, «ընդհանուր նշանակության մեքենայով» հիացած, կարգադրում է ստեղծել խորհրդային «վիլիսները»։
Պատերազմից հետո ջիպն էլ անցավ քաղաքացիական կյանքի։ Մեքենայի զինվորական կանաչաշագանակագույնն էլ վերափոխվեց ավելի պայծառ երանգների։ Քաղաքային կյանքին լծված մեքենաների այս խմբաքանակն անվանվեց պարզ եւ հասարակ՝ «CJ-1A» («jeep civilian» քաղաքացիական ջիպ)։ Այնուհետեւ թողարկվեց «CJ-2A» առաջին ունիվերսալ, մետաղյա թափքով մեքենան։ Այն արդեն ուներ հետեւի դուռ եւ ավտոմատ ապակեմաքրիչներ։ Հենց սրանք էլ հիմք դարձան սերիական մոդելի ստեղծման համար, որը վաճառքի հանվեց 1945թ. օգոստոսին։ Արդեն 1950-ին ջիպը գրանցվեց որպես ապրանքանիշ։ Ժամանակի ընթացքում պարզ կառուցվածք ունեցող մեքենաները փոխարինվել են շքեղ, հարմարավետ եւ հզոր տարբերակներով եւ տարեցտարի է՛լ ավելի են կատարելագործվում։
Ներկայումս Jeep-ն աշխարհի ամենահայտնի մակնիշներից մեկն է, վաճառվում է 100-ից ավելի երկրներում։ Օրինակ՝ Եվրոպայում «Jeep»-ը վաճառում է իր երեք մոդելները՝ «Wrangler», «Cherokee», «Grand Cherokee»։
Այսպիսով՝ ռազմական պատվերի արդյունքում լույս աշխարհ եկավ առասպելական «Willys Jeep»-ը, որն էլ դարձավ հետագայում արտադրված բոլոր լիաքարշակ ավտոմեքենաների նախահայրը։
Հ.Գ – Ի դեպ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է 40մլն դոլարի պայմանագիր կնքել` թռչող «Humvee» ամենագնացներ ստեղծելու համար: Ռազմական գործակալությունը` DARPA-ն, ընտրել է երկու ընկերություն, որոնք եւ պետք է ներգրավվեն այդ գործում:
«Transformer TX» մոդելը լինելու է ավտոմատացված եւ տեղավորելու է մինչեւ 4 մարդ: Բացի սովորական մեքենայի նման տեղաշարժվելուց, այն հնարավորություն կունենա նաև ուղղահայաց թռչելու եւ վայրէջք կատարելու: Ո՞վ գիտե, գուցե սկսվում է «թռչող ջիպերի» դարաշրջանը:
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ