Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԻՐԱԿԻՆ
ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԻՐԱԿԻՆ

ՄԵՐ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԻՐԱԿԻՆԻնչպես զինված ուժերում, այնպես էլ մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Վալենտին  Բուռնուսուզյանն է, կիրակի օրերն անցնում են համաձայն հանգստյան օրվա պլանի: Այս կիրակին էլ անցավ հետաքրքիր ու հագեցած: Նախ, առավոտյան, ուղիղ ժամը 7-ին, օրապահի  «Գումարտա՛կ, վե՛ր կաց» կանչով, հաշված րոպեների ընթացքում գումարտակի անձնակազմը մի մարդու պես շարվեց զորանոցի դիմաց և համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո ձեռնամուխ եղավ իրեն կցված տարածքների մաքրման աշխատանքներին:

Օրապահի հաջորդ հրամանով զորամասը շարվեց շարահրապարակում: Հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Արթուր Հովակիմյանի ողջույնի խոսքից հետո ծավալվեց ռազմահայրենասիրական թեմայով կիրակնօրյա զրույց, ինչին հաջորդեցին մարզական միջոցառումները: Զորամասում յուրաքանչյուր զինվոր անհամբերությամբ է սպասում այս իրադարձությանը, չէ՞ որ այն զինծառայողները, որոնք մասնակցություն են ունենում միջոցառմանն ու ցուցաբերում են բարձր ցուցանիշներ, խրախուսվում են շնորհակալագրերով ու պատվոգրերով, ազատական են ստանում: Հարյուրավոր ժամկետային զինծառայողներ մրցակցային մթնոլորտում իրենց ուժերը փորձեցին մի շարք մարզաձևերում` բազկամարտ, վազք, ձգումներ պտտաձողի վրա, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ և շաշկի: Ֆուտբոլային մրցաշարում հաղթեց տանկային վաշտը՝ հրամանատար, կապիտան Արթուր Նիկողոսյան:

Վոլեյբոլ մարզաձևում իր հավասարը չուներ մոտոհրաձգային վաշտը`  հրամանատար, կապիտան Ֆայեն Մանդալյան:

Բազկամարտում հաղթող ճանաչվեց տանկային  վաշտի նշանառու-օպերատոր, շարքային Նարեկ Խաչինյանը:

Կիրակնօրյա մարզական միջոցառումների ընթացքում բացազատված էին նաև ուսումնական կետեր: Ուսումնական կետերի ղեկավարներն ընտրված էին զինվորներից և սերժանտներից: Հատկապես ուշադրության կենտրոնում էր շախմատի ուսումնական կետի ղեկավար, շարքային Սարգիս Մանուկյանը: Սարգիսը ՖԻԴԵ-ի վարպետ է, Երևանի տղամարդկանց շախմատի առաջնության եռակի չեմպիոն: Ազատ ժամերին Սարգիսը զինծառայողներին սիրով է ծանոթացնում հնագույն խաղի գաղտնիքներին:

Չմոռանամ նշել, որ կիրակի օրերին եռուզեռ է նաև զորամասի ակումբում: Ակումբի պետ, կրտսեր սերժանտ Մերի Մարտիրոսյանը սիրով գրապահարաններից գտնում է զինվորների նախընտրած գրքերն ու տալիս նրանց ընթերցելու: Մինչ  մի քանիսը  խորասուզված կարդում են գեղարվեստական գրականություն, ակումբի մյուս կողմում շախմատի և շաշկու առաջնության թեժ մրցակցություն է ընթանում: Իսկ օրվա վերջում բոլորը շտապում են ակումբի դահլիճ` կինոդիտման, հընթացս մեկը մյուսից հետաքրքրվելով, թե այս անգամ ինչ հետաքրքիր ֆիլմ են ցուցադրելու: Ահա այսպիսի բուռն, տարբեր ու բազմազան միջոցառումներով է հագեցած կիրակնօրյա մեր առօրյան զորամասում:

 

ՎԱՂԻՆԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

շարքային